Մատչելիության հղումներ

Հայաստանում սննդամթերքի երկնիշ թանկացումը շարունակվում է


Այս տարվա առաջին երեք ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը Հայաստանում թանկացել են 12,1 տոկոսով, փաստում են Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները։

Միայն մարտ ամսին՝ 2021-ի մարտի համեմատ այդ գնաճն ավելի մեծ է՝ 12,8 տոկոս:

Նախորդ տարին՝ 2020-ի համեմատ Հայաստանը փակեց սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների 11,2 տոկոս թանկացմամբ։

Հայաստանում գների, հատկապես՝ սննդամթերքի գների աճը սկսվեց 44-օրյա պատերազմից հետո, թեև տնտեսագետների պնդմամբ, իր ազդեցությունն ունեցավ կովիդի համավարակը։

Հանրապետությունում գների կայունության երաշխավորը Կենտրոնական բանկն է, որը գրեթե չորս տարի՝ 2017-ի փետրվարից նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոսից այն հասցնելով 4,25 տոկոսի: Պաշտոնապես հայտարարվում էր, որ այս քաղաքականության նպատակն է մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը` տնտեսության աճը խթանելու համար:

Սակայն 2020-ի դեկտեմբերին գլխավոր դրամատունը կտրուկ՝ մեկ տոկոսային կետով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 5,25 տոկոսի։ Նախորդ մեկուկես տարվա ընթացքում Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը արդեն 9 անգամ բարձրացրել է այդ տոկոսադրույքը, վերջինը՝ այս մարտի 15-ին և բավականին կտրուկ՝ 1.25 տոկոսային կետով՝ հասցնելով 9, 25 տոկոսի:

2022-ի պետբյուջեն այս տարի ընդհանուր գնաճը կանխատեսել է 5,2 տոկոս:

XS
SM
MD
LG