Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերությունը դեռ երկար տարիներ Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է մնալու. տնտեսագետներ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքաքարի վերամշակման կայանները, արխիվ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքաքարի վերամշակման կայանները, արխիվ

Հանքարդյունաբերությունը դեռ երկար տարիներ Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է մնալու, իսկ բյուջեի կախվածությունը այս ոլորտից եկող եկամուտներից շարունակելու է աճել, կանխատեսում են մասնագետները՝ վերլուծելով խոշոր հարկատուների ցանկը։ Տնտեսագետները միաժամանակ նկատում են, որ տարեցտարի ավելանում է IT ընկերությունների դերը տնտեսության կառուցվածքում։

Պետական եկամուտների կոմիտեն վերջերս հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը. աղյուսակը շուրջ 49 միլիարդ դրամ վճարած հարկերով գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», անցած տարի ընկերությունը շուրջ 6 միլիարդ դրամ ավելի շատ հարկ է վճարել, քան 2020 թվականին:

Երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերում են «Գազպրոմ Արմենիան», Պաշտպանության նախարարությունն ու «Գրանդ Տոբակոն»։ ՊԵԿ-ի օրերս հրապարակած աղյուսակում հինգերորդ տեղը զբաղեցրել է Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգը»։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունում հանքարդյունաբերության տեսակարար կշիռը էլ ավելի կաճի, եթե շահագործվի Ամուլսարի ոսկու հանքը:

«Էս պարագայում, ես կարծում եմ, որ պետք է ակնկալել, որ առաջիկա տարիներին, եթե իհարկե, գործարկվի Ամուլսարի ոսկու հանքը, մենք ունենալու ենք հանքահումքային եկամուտների հարկային եկամուտների աճ թերևս», - ասաց տնտեսագետը:

Խոշոր հարկատուների ցանկում էական աճ են արձանագրել ՏՏ ընկերությունները. այսպես, 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 36 ՏՏ ընկերություն, որոնք ընդհանուր շուրջ 39 միլիարդ դրամի հարկեր են վճարել: IT ընկերությունների ցանկում բացարձակ առաջատարն է շահումով խաղեր ստեղծող «Սոֆթկոնստարքտը», երկրորդը նույն ոլորտում գործունեություն ծավալող «Դիջիթեյնն է», երրորդը «Սինոփսիսն» է, հաջորդը՝ «Փիքսարտը», այս 4-ը շատ հարկ վճարած 100 ընկերությունների շարքում են։ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները առաջնահերթություն են:

«ՏՏ ոլորտը վերջին տարիների ընթացքում արագ աճում է»

Տնտեսագետ, Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ վերջին տարիների ցուցանիշները խոսում են բնագավառի զարգացման մասին:

«ՏՏ ոլորտը վերջին տարիների ընթացքում արագ աճում է, կոնկրետ անցած տարվա ընթացքում իրական ծառայությունների և արտադրության աճը ՏՏ ոլորում կազմել է 17,8 տոկոս, նոր աշխատողների թվի աճը նույնիսկ 30 տոկոսին մոտ է», - նշեց Միքայելյանը:

Փորձագետի կարծիքով՝ IT ոլորտի դերը Հայաստանի տնտեսությունում առաջիկա տարիներին ավելանալու է, սակայն, անհրաժեշտ է այս ոլորտի ներուժն օգտագործել նաև այլ ճյուղերը զարգացնելու համար:

«Այս ոլորտը հիմնականում արտահանման վրա է աշխատում, բայց եթե մեր տնտեսության մեջ սկսենք կիրառել այդ գործոնները և՛ արդյունաբերության, և՛ արդյունաբերության մեջ, և՛ գյուղատնտեսության մեջ ու այլ ոլորտներում, էլի կարող են արագացնել աճը նաև այդ ոլորտներում: Դա մի քիչ ապագայի հարց է, բայց այդ տեսանկյունից էլ ՏՏ ոլորտն ունի իր կարևորությունը», - ընդգծեց տնտեսագետը:

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանն էլ մեկ այլ հանգամանք է մատնանշում՝ չնայած ՏՏ ընկերությունների գրանցած աճին՝ ոլորտի գեներացրած շահույթը հիմնականում դուրս է գնում: Ֆանյանն ընդգծում է՝ IT ոլորտին տրվող պետական աջակցության պայմաններում ՏՏ բնագավառից ավելի մեծ շահույթ պետք է մնա այստեղ։

Հայաստանյան նորաստեղծ IT ընկերությունները հարկային մի շարք արտոնություններ ունեն, գործունեության առաջին 5 տարիներին շահութահարկ չեն վճարում, եկամտահարկն էլ պակաս է մյուսների վճարածից։ Այս աջակցությունից օգտվում են նաև այլ երկրների ընկերությունները:

«Սա մեր ՏՏ ոլորտի հիմնական խնդիրներից մեկն է, որ պետությունը բավականին լուրջ աջակցություն է ցուցաբերում ՏՏ ոլորտին, սակայն այդ հատույցը, որը կարող էր ակնկալել, ոչ լիարժեք ծավալով է», - նշեց Ֆանյանը:

1000 խոշոր հարկատուների ցանկում անցյալ տարի անկում են արձանագրել ծխախոտ արտադրող ընկերությունները, «Գրանդ Տոբակոն», որը 2020-ին ավելի քան 50 միլիարդ դրամով Հայաստանի ամենամեծ հարկատուն էր, 2021-ին շուրջ 8 միլիարդ դրամի պակաս հարկ է վճարել և նահանջել է 4-րդ հորիզոնական։ Բացի այդ 2020 թվականին ծխախոտի արտադրությամբ կամ ներկրմամբ զբաղվող միանգամից 4 ընկերություններ Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում էին, 2021-ի տվյալներով արդեն՝ այս ցանկում «Գրանդ Տոբակոյից» զատ տասնյակում է հայտնվել միայն «Ինթերնեյշնլ Մասիս Տոբակը»։

Տնտեսագետներն այս անկումը պայմանավորում են մի քանի գործոններով, այդ թվում՝ քովիդի պատճառով արտադրության ու արտահանման ծավալների անկմամբ։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ անցած տարի Հայաստանում շուրջ 13 տոկոսով ավելի քիչ ծխախոտ է արտադրվել։ Փորձագետները չեն բացառում՝ մի քանի շաբաթից ուժի մեջ մտնող հակածխախոտային կարգավորումները, որոնցով կարգելվի ծխելը հանրային փակ և բաց տարածքներում, ևս հնարավոր է բացասաբար ազդեն այս ընկերությունների ցուցանիշների վրա։

XS
SM
MD
LG