Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերումը, ինչը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15 տոկոսը, կնպաստի մասնավոր հատված-պետություն համագործակցության ընդլայնմանը:
«Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերութան, այլ նաև մեր տնտեսության համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին Ռոման Տրոցենկոն նշել է. «Մենք ուրախ ենք ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ»:
Պղնձաձուլարանի կառուցումը, ըստ վարչապետի, կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների նոր պահանջարկի: «Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը Հայաստանի կառավարությանն է նվիրաբերել ընկերության 25 տոկոս բաժնետոմսերը։
Ըստ կառավարության հաղորդագրության՝ «Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսը։ Կառավարությանը նվիրաբերված 25 տոկոսը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15 տոկոսը, որն էլ հետևապես անցել է Հայաստանի սեփականությանը։