Մատչելիության հղումներ

2021-ին Հայաստանում գնաճը կազմել է 7,7 տոկոս


Համավարակով ու հետպատերազմական խնդիրներով ուղեկցված 2021 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս է կազմել։ Սա վերջին տասը տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, գնաճը վերջին անգամ պետության սահմանած թիրախային 4 տոկոսի սահմանն անցել է միայն 2014-ին։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ամենաշատը սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն են թանկացել՝ 2020-ի դեկտեմբերի համեմատ շուրջ 13 տոկոսով։ Գրեթե այդչափ ավելացել են հագուստի գները։ Անցած տարվա ընթացքում միայն սննդամթերքի գնաճը որոշ ամիսներին անցնում էր 17 տոկոսից։

Կոմիտեն առանձին ապրանքախմբերի ցուցանիշներն է հրապարակել. բանջարեղենը թանկացել է 40 տոկոսով, շաքարավազը՝ շուրջ 20, հացաբուլկեղենն ու ձավարեղենն՝ ավելի քան 10 տոկոսով։ Կաթնամթերքի, պանրի և ձվի գները միասին վերցված ավելացել են 11,2 տոկոսով։ Շատ՝ ավելի քան 30 տոկոսով ձուկն ու ծովամթերքն է թանկացել։ Մսի գներն ավելացել են 7,5 տոկոսով։

«Ազատության» հետ զրույցներում քաղաքացիներն ասում էին՝ թանկացումները բոլորի վրա են ազդել, այս տարի ավելի լավ ապրելու հույս այժմ չունեն։

Նվազագույն աշխատավարձը մնաց նույնը

Աննախադեպ թանկացումներին զուգահեռ մարդկանց եկամուտները չեն ավելանում, նվազագույն աշխատավարձն այս տարի մնաց նույնը՝ 68 հազար դրամ, 2 հազար 100 դրամով ավելացավ 26 հազար 500 դրամ կազմող բազային կենսաթոշակը և նպաստը։

Մայրաքաղաքում այսօր միայնակ թոշակառուների հանդիպեցինք, «կյանքը բարդացել է»՝ ասացին։

Հրապարակվել են նաև ոչ պարենային ապրանքների գների վերաբերյալ տվյալներ. ընդհանուր առմամբ, այս ապրանքները 8 տոկոսով են թանկացել։ Հատկապես աճել է վառելիքի գինը․ բենզինը թանկացել է ավելի քան 40 տոկոսով։

Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների զգալի գնաճը Հայաստանում նկատվեց 2020-ի վերջին. թանկացան ձեթը, շաքարավազը, ալյուրը, մի շարք այլ ապրանքներ: Մասնագետներն անցած տարվա ընթացքում սա պայմանավորում էին պարենային ապրանքների միջազգային գների աճով և դրամի արժեզրկմամբ։

2021-ի կառավարության վերջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց՝ գնաճը նախատեսվածից բարձր է:

Փորձագետների կանխատեսմամբ՝ այս տարի իրադրությունը կարող է ավելի լարվել, ջրի ու հոսանքի սակագները բարձրանում են, չի բացառվում, որ գազն էլ թանկանա, եթե փոխվի սակագնի հաշվարկման բանաձևը։

XS
SM
MD
LG