Բրյուսելյան վերջին պայմանավորվածությունները սկսում են աշխատել․ քաղաքագետ

Արեգ Քոչինյան, Ալեքսանդր Իսկանդարյան

Օրեր առաջ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունները սկսում են աշխատել, անդրադառնալով Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի երեկվա հեռախոսազրույցին՝ կարծիք հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բացառիկ մանրամասներ Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումից

Թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Բաքուն երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդագրություններ էին տարածել։ Դրանցում ասվում է, որ Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

«Մենք տեսնում ենք արտաքին գործերի նախարարների մակարդակով հեռախոսազրույց, որը հենց այդ թեմաներին էլ անդրադարձել է և հենց էդ թեմայով էլ աշխատում է, դա նշանակում է, որ պայմանավորվածությունները, որոնք որ ձեռք են բերվել Բրյուսելում, սկսում են աշխատել։ Թե հիմա դրանք կհասնեն վերջնարդյունքի, կտան որևէ արդյունք, թե չէ, դա արդեն ցույց կտա ժամանակը», - ասաց քաղաքագետը։

Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելը, Իլհամ Ալիևը բրյուսելյան բանակցություններից առաջ, 6-ը ապրիլի, 2022թ․

Նախորդ շաբաթ ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Փաշինյանն ու Ալիևն արտգործնախարարներին հանձնարարել էին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Արարատ Միրզոյան, Ջեյհուն Բայրամով

Այս հեռախոսազրույցը քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ ձևաչափով փոխգործակցություն հաստատելու փորձ է համարում։

«Ուղիղ ձևաչափով փոխգործակցություն հաստատելու փորձեր են իրականացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Դա արվեց Բրյուսելում։ Եվ հիմա Շարունակվում է այն գործընթացը, որ սկսվեց Բրյուսելում, այսինքն՝ երկու երկների միջև ուղիղ աշխատանք է իրականացվում: Ըստ էության, այդտեղ հիմնականում խոսքը դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին է», - ասաց Իսկանդարյանը

Կովկասի ինտիտուտի տնօրենը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցն արտառոց չի համարում։ Նա սխալ է համարում նաև դա հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր շրջափուլի մեկնարկ որակելը։ Իսկ բրյուսելյան հանդիպումը, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կազմալուծման արդյունքն էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում. Լավրով

«Այն, ինչ տեղի ունեցավ Բրյուսելում, փաստացի այն բանի արդյունքն էր, որ մեր աչքի առաջ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի, եթե ոչ մահը, ապա ամեն դեպքում, Մինսկի խմբի կազմալուծում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը չափազանց ծանր է», - ասաց քաղաքագետը։

Հայ-ադրբեջանական շփումների ակտիվության մեջ Ալեքսանդր Իսկանդարյանը հայկական կողմի համար դրական բան չի տեսնում, միայն կարծում է, որ Բաքուն շարունակում է հաղթողի դիրքերից իր պահանջներն առաջ քաշել։

Ուշագրավ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցին նախորդել էր պաշտոնական Բաքվի հայտարարությունը, թե «Երևանը հարաբերությունները կարգավորելու իրական ցանկություն չունի»։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այսպես էր արձագանքել Հայաստանի արտգործնախարարության՝ Մարաղայի ջարդերի 30-ամյակին նվիրված հայտարարությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ երկրների միջև համագործակցությունը դադարեցվա՞ծ է