Ներկայում ԵԱՀԿ հիմնական նպատակն է Մինսկի խմբի համանախագահների միջև համագործակցության վերականգնումը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։
«Ազատության» հստակեցնող հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում դադարեցված է, դիվանագետը խուսափեց պատասխանել՝ հորդորելով դիմել ԵԱՀԿ կենտրոնակայան՝ Վիեննա։
Հարցում ենք ուղարկել ԵԱՀԿ, դեռ չեն պատասխանել։
«ԵԱՀԿ հիմնական նպատակն է վերականգնել Մինսկի խմբի համանախագահների համագործակցությունը։ Լեհաստանը կատարել է իր դերը՝ հնարավոր սահմաններում։ Մինչ ուկրաինական պատերազմը՝ այս տարվա փետրվարին Վարշավայում Լեհաստանի արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին։ Լեհաստանը կատարել է իր դերը, սակայն Ուկրաինայում պատերազմը փոխել է իրավիճակը», - ասաց դեսպանը։
Վարշավան ներկայացնող դիվանագետը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև համագործակցության մասին Լեհաստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի՝ օրերս կայացած հարավկովկասյան այցից հետո։ ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում նշված է, որ Երևանում ու Բաքվում Ռաուն խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների երկարատև լուծման նպատակով ԵԱՀԿ ներգրավածության մասին։
Հատկանշական է, որ ԵԱՀԿ-ի այս հաղորդագրությունում բացակայում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձևակերպումը, նշված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։
Փոխարենը «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» ձևակերպումը առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների վերջին հայտարարությունում, որը տարածվել էր դեկտեմբերին։ Այդ հայտարարությունից օրեր առաջ էլ՝ ամսվա սկզբին, կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ Ստոկհոլմում։ Անցել է արդեն չորս ամիս, ե՞րբ է կայանալու նոր հանդիպումը և արդյո՞ք կայանալու է՝ տակավին անհայտ է։
Ոչ մի հստակություն չկա նաև Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի հարցում։ Վերջին նման այցը 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս անց էր՝ 2020թ. դեկտեմբերին, որի ժամանակ Բաքվում Ադրբեջանի նախագահը ուղղակի հայտարարեց՝ նրանց չի հրավիրել, իսկ ղարաբաղյան հակամարտությունը այլևս լուծված է։
Հետպատերազմյան մեկուկես տարում տարածաշրջան այցելել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին համանախագահներ, ոչ ողջ պատվիրակությունը։ Վերջին նման այցելությունը օրերս ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևինն էր, ում Երևանում ընդունեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ի դեպ, ռուս դիվանագետը չհանդիպեց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին։
Այս ամենի ֆոնին, ապրիլի 1-ին Երևանում Լեհաստանի արտգործնախարարի հետ լրագրողների համար հայտարարությունների ժամանակ Միրզոյանը հույս հայտնեց, որ Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունները ԵԱՀԿ օրակարգից դուրս չեն թողնի Ղարաբաղի հակամարտությունը։
Լեհաստանի արտգործնախարարը առաջարկներ է բերել Փաշինյանին. Չեպլակ
Այսօրվա ասուլիսին Պավել Չեպլակը նշեց. - «Լեհաստանը մշտապես կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և մեր դիվանագետ, դեսպան Անջեյ Կասպրշկի գործունեությունը»։
Լեհ դիվանագետը նաև հայտարարեց՝ Ռաուն առաջարկներ էր բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. - «Գլխավոր նպատակն է եղել ըմբռնել Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության հարցերի հետ կապված։ Նախարար Ռաուն փոխանցվել է մեր կարծիքներն ու առաջարկները, որոնք դիտարկվելու են Հայաստանի կառավարության կողմից մոտակա օրերին։ Սա կարևոր այց էր, քանի որ վերջին անգամ նման բարձրաստիճան այց կայացել էր 2017թ. աշնանը։ Իհարկե, [Վարշավա] պատասխան այցելություն կատարելու հրավեր է ստացել արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Լեհաստանի արտգործնախարարի տարածաշրջանային այցին ու հանդիպումներին մասնակցել է Անջեյ Կասպրշիկը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը»։
Դեսպան Չեպլակը հրաժարվեց մանրասնել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը՝ հավելելով, որ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը Լեհաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին իր մտորումները, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարն էլ «կոնկրետ հարցեր է ուղղել»։
«Ազատությունը» հարցում է ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով արձագանքել, թե ինչ առաջարկներ է բերել Լեհաստանի արտգործնախարարը։ Դեռ չեն պատասխանել։
Փաշինյան-Ռաու հանդիպման վերաբերյալ կառավարության լրատվական ծառայությունը փոխանցել էր, թե «կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը»:
Լեհաստանի արտգործնախարարը Երևանում հանդիպել էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։