«Ազատություն». - Այսօր պատերազմի 35-րդ օրն է, ինչպե՞ս կգնահատեք ռազմաքաղաքական դրությունը։
Օվչիննիկովա. - Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ռուսաստանը շարունակում է ռազմական հարձակումը Ուկրաինայի տարածքի դեմ: Մենք ապրում ենք non-stop ռեժիմով: Անընդհատ աշխատում են օդային տագնապի ազդանշանները: Գիշերը հրթիռակոծվել է Խմելնիցկի շրջանը: Շարունակվում են հարձակումները հյուսիսային, հարավային, արևելյան ճակատներում: Դրա համար իրավիճակը շարունակվում է մնալ լարված: Ամեն օր ուկրաինացիներ են զոհվում:
«Ազատություն». - Երեկ բանակցությունների հերթական փուլն անցկացվեց։ Անռաջին անգամ, կարծես, կողմերը մոտ են համաձայնության։ Ինչի՞ մասին կարող է լինել հնարավոր փաստաթուղթը։
Օվչիննիկովա. - Ուկրաինայի հիմնական դիրքորոշումները, օրակարգն են՝ խաղաղ կարգավորման վերաբերյալ որևէ որոշում, որ կընդունվի, կապված չի լինելու երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման հետ: Դրականն այն է, որ քննարկվում է պատերազմի ավարտից հետո անվտանգության երաշխիքների հնարավորությունը: Մենք ասում ենք, որ անվտանգության երաշխիքներ, որոնք մեզ հնարավորություն կտան շարունակել զարգանալ՝ ունենալով որոշակի երաշխիքներ։ Այնպես որ, հիմնական դրական պահն այն է, որ սկսվել է քննարկումը ապագայում հնարավոր երաշխիքային պայմանագրի ստորագրման շուրջ, որտեղ երաշխավոր երկրներ են լինելու Միացյալ Նահանգները, Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, Թուրքիան և Լեհաստանը: Նաև դրական պահ ենք համարում այն, որ Ռուսաստանը դադարեցրել է խոսել անհասկանալի եզրույթներով՝ դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա: Ու երևի թե առաջին անգամ խոսել են այն մասին, որ դեմ չեն Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը: Մեզ համար դա շատ կարևոր է այն առումով, որ մեր երկիրը՝ որպես ինքնիշխան, անկախ պետություն, հնարավորություն ունենա ինքը որոշելու, թե որ ուղղությամբ զարգանա:
«Ազատություն». - Այսինքն՝ Կիևի հիմնական կարմիր գիծը երկրի տարածքային ամբողջականությունն է։
Օվչիննիկովա. - Սա հիմնական դիրքորոշումն է, որ եղել է, կա և կլինի: Տարածքային ամբողջականությունը մեզ համար մշտապես հիմնական վեկտորն է, ինչպես նաև մեր քաղաքացիների անվտանգությունը, որովհետև ինչպես մեր նախագահի, այնպես էլ մեր երկրի համար գլխավոր արժեքը մարդու կյանքն է:
«Ազատություն». - Ռուսաստանի հիմնական կարմիր գծերից է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմից և Դոնբասից։ Դա ընդհանրապես կարո՞ղ է քննարկման թեմա դառնալ։
Օվչիննիկովա. - Դուք երևի նաև տեղյակ եք, որ երեկ նաև դիտարկվում էր այն հարցը, որ Ղրիմի հարցը կարևոր է քննարկել քաղաքական և դիվանագիտական ձևաչափում: Մենք ասել ենք՝ քննարկվել է, որ 15 տարվա ընթացքում երկկողմանի դիվանագիտական խորհրդակցությունների միջոցով պետք է կարգավորվի Ղրիմի հետ կապված հարցը: Սակայն կրկին այս ուղերձները չեն խոսում այն մասին, որ ինչ-որ մեկը ճանաչելու է Ղրիմի բռնակցումը կամ ուրիշ բան: Ղրիմը ուկրաինական տարածք է, Դոնբասը ուկրաինական տարածք է:
«Ազատություն». - Ռուսաստանը երեկ հայտարարեց, որ մասնակի դուրս է բերում զորքերը Կիևի և Չեռնիգովի շրջաններից։ Դա կապված է ռազմաճակատում անհաջողությա՞ն, թե՞ միգուցե հակառակը՝ բանակցություններում հաջողության հետ։
Օվչիննիկովա. - Նախ, Դուք երևի արդեն լսել եք, որ ամերիկյան կողմը ևս ակտիվորեն հետևում է բոլոր գործընթացներին և հետախուզության, դիտարկումների արդյունքներով հայտնում են իրենց տեսակետը, որ ռուսական զորքերը ակտիվորեն դուրս չեն բերվում հյուսիսային՝ Չերնիգովի և Կիևի ուղղություններից: Հնարավոր է հեռանկարում դրանք սկսելու են դուրս բերվել: Բայց բլիցկրիգի պլանը ձախողվեց: Ու հնարավոր է, որ Ռուսաստանը դիտարկում է հետագա սցենարները, որոնք գուցե կապված են երկրի արևելքի և հարավի վրա հետագա հարձակման հետ: Այնուամենայնիվ, մենք սկսում ենք խոսել և քննարկել, բայց հավատալ և վստահել Ռուսաստանին, շատ մեծ հարց է, քանի որ մենք անընդհատ տեսնում ենք միջազգային իրավունքի նորմերի և պայմանագրերի խախտումները:
«Ազատություն». - Հայաստանում մեծ դժգոհություն հարուցեց Գերագույն Ռադայի Թվիթերի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունը, որը ողջունում էր լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ Ակնկալում եմ Ձեր մեկնաբանությունը։
Օվչիննիկովա. - Իհարկե, մենք լսել ենք նման թվիթի մասին, բայց ես չգիտեմ այդ հրապարակման առանձնահատկությունները և հետագա զարգացումները։ Ուստի, ցավոք, դժվարանում եմ պատասխանել նման հրապարակումների մասին նրբություններին։ Ես չեմ տիրապետում այդ տեղեկությանը:
«Ազատություն». - Եվ այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ մի երկիր, որն ինքն է ագրեսիայի ենթարկվում, առնվազն պետք է ձեռնպահ մնա այդպիսի միջադեպերը ողջունելուց։
Օվչիննիկովա. - Կարծում եմ, ամեն մեկը պատասխանատու է իր արարքների համար։ Եթե կա որոշակի նրբերանգ, որն անմիջականորեն կապված է սրա հետ, ապա ավելի լավ է, որ ձեզ վստահելի տեղեկություն տան մարդիկ, որոնք դա տիրապետում են: Իհարկե, մենք կողմնակից ենք, որ յուրաքանչյուր երկիր անի հնարավոր ամեն ինչ, որ հնարավորինս դիվանագիտորեն մոտենա գործընկերոջը, և, որ ամենակարևորն է, երկրներն աջակցեն միմյանց կյանքի ամենադժվար պահերին։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։