Մատչելիության հղումներ

Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ․ Մեդինսկի


Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի

Այսօր Ստամբուլում կայացած հերթական բանակցություններից հետո Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանը երկու քայլ է անում լարվածության թուլացման համար.

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Այսօր Ստամբուլում կայացած հերթական բանակցություններից հետո Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանը երկու քայլ է անում լարվածության թուլացման համար. նախ Մոսկվան առաջարկում է արագացնել երկու երկրների առաջնորդների հանդիպումը, ինչպես նաև էականորեն կրճատում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ:

«Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է համաձայնագրի նախաստորագրման հետ: Եթե արագ աշխատանք կատարվի համաձայնագրի վրա և գտնենք անհրաժեշտ փոխզիջումները, խաղաղության կնքումը շատ ավելի կմոտենա», - ասել է Մեդինսկին:

Այսօր Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների շուրջ չորս ժամ տևած բանակցություններից հետո ուկրաինական պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալին հայտարարել է, որ Կիևը համաձայն է պահպանել իր չեզոքությունն ու ոչ միջուկային կարգավիճակը անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում. - «ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համաձայն երաշխիքներ ստանալու դեպքում, մենք մեր տարածքում օտարերկրյա ռազմաբազաներ չենք տեղակայի և ռազմաքաղաքական դաշինքներին չենք անդամակցի: Բայց սկզբունքորեն կարևոր է, որ ոչինչ չխանգարի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը»:

Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան մինչդեռ պնդել է, թե Կիևը պահանջում է, որ այդ փաստաթուղթը լինի միջազգային, և այն ստորագրեն ու վավերացնեն Ուկարինայի անվտանգության բոլոր երաշխավորները: Նրա խոսքով, դրանք կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի մշտական անդամները, ինչպես նաև մի շարք այլ պետություններ, այդ թվում Թուրքիան և Գերմանիան։ Այդ երաշխիքները, սակայն, չեն վերաբերվելու Ղրիմին և Դոնբասին: Կիևի պահանջներից է նաև, որ երաշխավոր երկրները ոչ միայն չխոչընդոտեն Ուկրաինայի անդամակցությունը, այլև աջակցեն նրան այդ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելու հարցում:

Կարգավորմանն ուղղված առաջարկների թվում նշվում է՝ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, Ուկրաինան իր հերթին հրաժարվում է զանգվածային ոչնչացման զինատեսակների արտադրությունից ու տեղակայումից, ինչպես նաև արգելում է օտարեկրյա ռազմաբազաների տեղակայումը սեփական տարածքում։ Նախատեսվում է նաև, որ Կիևը պետք է հրաժարվի վերադարձնել Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմական ճանապարհով։

Բանակցությունները հյուընկալող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն պատվիրակությունների հանդիպումից հետո հայտարարել է, որ մինչ օրս տեղի ունեցած քննարկումներից ստամբուլյան բանակցությունները ամենաարդյունավետն են եղել. - «Որոշ հարցերում փոխզիջման և համաձայնության են հասել: Բանակցությունների սկզբից ի վեր ամենաէական առաջընթացը այսօր է գրանցվել: Առավել բարդ խնդիրները ավելի բարձր մակարդակում կքննարկվեն: Նախատեսվում է, որ հաջորդիվ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ այդ համաձայնությունները վերջնական տեսքի կգան: Այնուհետև օրակարգում կլինի երկու երկրների ղեկավարների հանդիպումը»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության հաղորդմամբ, ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը այսպիսով ավարտվել է և վաղը հանդիպում չի լինելու, ինչպես նախապես էր հայտարարվել:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր երկու երկրների պատվիրակություններն արդեն մի քանի հանդիպում ունեցել էին , որոնք տեղի էին Բելառուսում: Շաբաթվավերջին Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց էին ունեցել՝ պայմանավորվելով ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում:

Ի դեպ, այսօր Դոլմաբահչեում ռուս-ուկրաինական բանակցությունների բացմանը ներկա է եղել նաև ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչը: Այս մասին այսօր խոսել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պարզաբանելով, որ Աբրամովիչը ռուսական պատվիրակության պաշտոնական անդամ չի հանդիսանում, բայց նա Մոսկվայի և Կիևի միջև որպես միջնորդ է ներգրավված: Նա նշել է, որ գործարարի մասնակցությանը երկու կողմն էլ հավանություն են տվել:

XS
SM
MD
LG