Մատչելիության հղումներ

«Վճռականությունը չպետք է թուլանա»․ եվրոպական չորս երկրների նախազգուշացումը Արևմուտքին


ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները նախազգուշացրել են արևմտյան երկրներին, որ չկորցնեն Ռուսաստանի դեմ զգոնությունը այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարեց Կիևի և Չեռնիգովի մերձակայքում ռազմական ակտիվությունը նվազեցնելու որոշման մասին:

«Պայմանավորվել ենք, որ արևմտյան երկրների վճռականությունը չպետք է թուլանա, քանի դեռ չի դադարել Ուկրաինային բաժին հասած սարսափը», - արևմտյան քաղաքական գործիչների խոսքերն է մեջբերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակը։

Ստամբուլում երեկ տեղի ունեցած ռուս-ուկրիանական բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել եվրոպական չորս պետությունների ղեկավարների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ և քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ստամբուլում երեկ տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը և Արևմուտքի հետագա քայլերը՝ռուսական ագրեսիան զսպելու համար։

Կիևի և Չեռնիգովի մոտ ռուսական բանակի ակտիվությունը նվազեցնելու մասին Մոսկվայի հայտարարությունն արվել է մարտի 29-ին՝ Թուրքիայում բանակցությունների ավարտից հետո։

Ջոնսոնն ու Բայդենը թերահավատություն են հայտնել։ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդգծել է, որ Պուտինի ռեժիմի գնահատականները պետք է հիմնված լինեն իրական գործողությունների, ոչ թե խոսքերի վրա՝ հավելելով, թե Պուտինն ուզում է կապիտուլացիայի ենթարկել Ուկրաինային։

Ջո Բայդենը իր հերթին ասել է, որ չի հավատա Ռուսաստանի ասածներին, մինչև չտեսնի նրա գործողությունների արդյունքը։ Ե՛վ Բայդենը, և՛ Ջոնսոնն ընդգծել են՝ Արևմուտքը պետք է միասնական և վճռական մնա Մոսկվայի հետ հարաբերություններում։

Զորքերը Կիևի և Չերնիգովի ուղղություններում հետ քաշելու ռուսական կողմի հայտարարությանը հոռետես է վերաբերվում նաև Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, մասնավորապես, հայատարել է, թե ռուսական զորքերի «փոքր քանակություն» դուրս է գալիս Կիևից, սակայն Կիևի ուղղությամբ ռուսական ուժերի ճնշող մեծամասնությունը դեռ այնտեղ է։

Մոսկվայում ռազմական ակտիվությունը նվազեցնելու որոշումը ներակայցրել են որպես պատասխան՝ զիջումների գնալու Կիևի պատրաստակամությանը, մինչդեռ նախագահ Զելենսկին երեկ բանակցություններից հետո հայտարարել է, թե Կիևը որևէ փոխզիջման չի գնա երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում։

Զելենսկու խոսքով՝ բանակցություններում ռուսական պատվիրակության կողմից հնչող ազդանշանները կարելի է դրական համարել, սակայն առայժմ չի կարելի հավատալ Կիևում և Չեռնիգովում ռազմական ակտիվությունը նվազեցնելու մասին Մոսկվայի հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դեռ վաղաժամ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG