Մատչելիության հղումներ

Ուկրաինացի կամավորները պատրաստվում են Կիևի պաշտպանությանը


Մասնագիտությամբ շեֆ-խոհարար Հավրուշը մեկն է այն հազարավոր ուկրաինացի կամավորներից, որ անցյալում է թողել իր աշխատանքն ու ընտանիքը և մեկնել սահմանագիծ։ Նա մարտական ընկերների հետ տեղակայվել է ռուսական զորախմբից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բլրի վրա։

«Ես շեֆ-խոհարար եմ։ Նախքան պատերազմը աշխատում էի Դնիպրոյի Զուստիչ ռեստորանում։ Սիրում եմ ոչ սովորական կերակուրներ պատրաստել, -ասում է Հավրուշը, - եթե սովորական ձվածեղը 1 դոլար արժեր, խոհարարի պատրաստած հատուկ ձվածեղը արժեր մոտ 3 դոլար։ Ես իմ սիրտն ու հոգին էի դնում դրա մեջ»։

Մեկ տարի առաջ Հավրուշը փոխարինեց խոհարարական դանակն ու համեմունքները զենքով և միացավ Դոնբասի հատուկջոկատայիններին։ Հիմա նա Կիևի մոտակայքում է։ Ի տարբերություն Դոնբասի, որտեղ շփման գիծը սահմանվել էր տարիներ առաջ, Կիևի շրջակայքում, ըստ ուկրաինական բանակի, հստակ սահմանագիծ գոյություն չունի։ Այստեղ անընդհատ պետք է շարժման մեջ լինել։

«Կալինիվկան գնդակոծում են «Գրադի» արկերով, հրետանիով և ավելի ծանր զինատեսկներով։ Չգիտենք՝ կոնկրետ ինչով։ Մեր կրակին շատ արագ են արձագանքում՝ 40 վայրկյանում», - ասում է տղամարդկանցից մեկը։

«Մենք հիմա շատ բան ենք հասկանում։ Միշտ լսել էինք, որ հրետանին պատերազմի աստվածն է, բայց չգիտեինք, թե դա ինչ է նշանակում: Այժմ հասկանում ենք, որ դա իսկապես այդպես է: Հիմա, երբ հրետանավորի ենք հանդիպում, ասում ենք՝ շնորհակալություն»», - պատմում է Հավրուշը։

Ուկրաինայի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ սա ամենավտանգավոր տարածքն է։ Ակնկալվում է, որ ռուսները հենց այստեղից են ուղիղ հարձակում գործելու Կիևի ուղղությամբ։ Այս շտաբում են պաշտոնապես գրանցվում տարածքային պաշտպանության ուժերը։ Նրանք վերցնում են փաստաթղթերը նրանցից, ովքեր տևական ժամանակ վերահսկում են փողոցները։

Ընդհատակում գործող այս շտաբում կամավորները նախապատրաստվում են, տարբեր, այդ թվում՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություններ ձեռքբերում։ Ռազմական բուժքույր Նատալյան սովորեցնում է կամավորներին ինչպես ճիշտ վիրակապ դնել և կանգնեցնել արյունահոսությունը։ Ասում է՝ պետք է շատ արագ վիրակապել՝ 40 վայրկյանում, հակառակ դեպքում կմահանաս արյան կորստից։

«Մենք մեր այսօրվա դասընթացի վրա երկուսուկես ժամ կծախսենք, բայց իրականում մեզ երեք օր է պետք, ու ամեն դասի տևողությունը պետք է լինի առնվազն ութ ժամ», - ասում է բուժքույր Նատալիան:

Զինվորները կարծում են, որ դասընթացների համար դեռ բավականաչափ ժամանակ ունեն։ Նրանք չգիտեն, թե երբ ռուսները կսկսեն հարձակումը։ Նրանք հետ են շպրտվել, և առաջնագիծը հիմա սպասում է վերջնական հարձակմանը։

«Թող գան, մենք սպասում ենք», - ասում է Հավրուշը։

XS
SM
MD
LG