Այսօր առավոտյան կրկին պայթյուններ են լսվել Կիևի արվարձաններում։ Տեղեկություններ կան Հոստոմելի, Բուչայի և Իրպենի շրջանում մարտերի և գնդակոծությունների մասին։
Չեռնիգովի վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը հայտնել է քաղաքի և շրջակա տարածքների գիշերային գնդակոծությունների մասին։ Նրա փոխանցմամբ՝ գնդակոծության հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, գրադարաններ, առևտրի կենտրոններ։
Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8։30-ի սահմաններում Դոնեցկում արկը հարվածել է բազմահարկ բնակելի շենքին։ Հաղորդվում է երկու մարդու մահվան մասին։
Հրթիռակոծությունների մասին տեղեկություններ են ստացվում նաև Լիսիչանսկից, Ավդեևկայից, Մարինկայից, Կրասնոգորովկայից։ Հաղորդվում է Նովոմիխայլովկայի վրա հնարավոր ավիահարվածի մասին։
Պայթյուններն ու հրետակոծությունները շարունակվում են Խերսոնի շրջանի տարբեր հատվածներում։
Մարիուպոլում իրավիճակն անփոփոխ է՝ շրջափակում և փողոցային մարտեր։ Քաղաքում մնացել են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ։
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի փոխանցմամբ՝ երեկ երեք հումանիտար միջանցք է համաձայնեցվել՝ Մարիուպոլի բնակիչների տարհանման և Բերդյանսկ մարդասիրական օգնություն հասցնելու համար, մարդասիրական օգնության տրամադրման և Մելիտոպոլից մարդկանց տարհանման համար, Էներգոդարից Զապորոժիե անձնական ավտոմեքենաներից կազմված շարասյան անցնելու համար։