Ռազմական ակտիվությունը նվազեցնելու Մոսկվայի խոստումը նոր հրթիռակոծություններով, գնդակոծություններով է արտահայտվում, ահազանգում են Ուկրաինայից։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Կիևի արվարձաններում, հյուսիսում գտնվող Չեռնիգովում, պայթյուններ են ու փոխհրաձգություն նաև Խերսոնի շրջանում, Մարիուպոլում իրավիճակն անփոփոխ է՝ շրջափակում, փողոցային մարտեր, քաղաքում դեռևս տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ կան։ Maxar-ը հրապարակել է պաշարված Մարիուպոլի նոր արբանյակային լուսանկարները, դրանցում տեսանելի են գնդակոծությունից վնասված և ավերված բնակելի շենքեր, իսկ մյուս կադրերում երևում են քաղաքի ծայրամասերում գտնվող կրակային դիրքերի հրետանային զինատեսակները:
Անկախ աղբյուրների գնահատականներով՝ շաբաթներ շարունակ շրջափակման մեջ գտնվող քաղաքի շենքերի 90 տոկոսը վնասված է։
Մարիուպոլի քաղաքապետը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ իր հաշվարկներով՝ ռուսական ուժերի ներխուժումից ի վեր քաղաքում զոհվել է գրեթե 5 հազար մարդ, այդ թվում՝ 210 երեխա։ Քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն, սակայն, չի հստակեցրել, թե ինչպես են ստացել այդ տվյալները։ Անկախ աղբյուրները պատերազմի պայմաններում չեն կարողանում հաստատել այդ տվյալները։
Ռուս-ուկրաինական բանակցություններում հնարավոր համաձայնության մասին լավատեսական հայտարարությունների ֆոնին Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները հաղորդում են այսօր առավոտյան Կիևի արվարձաններում պայթյունների մասին, գնդակոծությունների թիրախում են Հոստոմելի, Բուչայի և Իրպենի շրջանները։
Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Պովորոզնիկը «Ազատության» Current Time հեռուստանախագծի հետ զրույցում պատմել է, որ անցած ամբողջ գիշերվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքում ռուսական զորքերի հետ շփման գծից հնչել են թնդանոթային կրակոցներ, մայրաքաղաքում պարբերաբար տագնապի ազդանշաններ են լսվել։
Լարվածությունը պահպանվում է նաև Չեռնիգովում, վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսի խոսքով՝ գնդակոծության հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, առևտրի կենտրոններ։
Հրթիռակոծությունների մասին տեղեկություններ են ստացվում Դոնեցկի շրջանի մի շարք քաղաքաներից՝ Լիսիչանսկից, Ավդեևկայից, Մարինկայից, Կրասնոգորովկայից։
Ուկրաինայի գլխավոր շտաբը, ներկայացնելով վերջին օրվա հիմնական իրադարձությունները մարտի դաշտում, հայտարարել է, որ Ռուսաստանը վերախմբավորում է իր ուժերը՝ դրանք կենտրոնացնելով Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հարձակողական գործողություն իրականացնելու համար։ Աղբյուրի համաձայն՝ ռուսական զորքի կուտակումներ կան Չեռնոբիլի ատոմակայանի տարածքում, ռուսական ստորաբաժանումների մասնակի դուրսբերում է նկատվել Բրովարսկու ուղղությամբ, Խարկովը շարունակում է շրջափակված մնալ, հրետակոծությունների և բախումների աճ է արձանագրվել Դոնեցկի մարզում։ Ուկրաինական ռազմական գերատեսչության գնահատականներով՝ ռուսական զորքի հիմնական ջանքերն այժմ ուղղված են դեպի Ղրիմ տանող ցամաքային ճանապարհին գտնվող քաղաքները վերահսկողության տակ առնելուն։
Մոսկվան պնդում է, որ թիրախավորում է բացառապես ռազմական նշանակության օբյեկտներ
Մոսկվան շարունակում է պնդել, որ Ուկրաինայում թիրախավորում է բացառապես ռազմական նշանակության օբյեկտներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօր ամփոփ ներկայացնելով Ուկրաինայում ռուսական ուժերի գործողությունները՝ հաղորդել է, որ հրթիռները ոչնչացրել են վառելիքի խոշոր պահեստներ, որոնցից վառելիք էր մատակարարվում Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերի զրահատեխնիկայի համար, Դոնեցկի մարզի Կամենկա գյուղում շարքից հանվել է հրթիռային և հրետանային զենքի երկու պահեստ, Տումենի շրջանում՝ ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ, խոցվել է ուկրաինական ռազմաօդային ուժերին պատկանող Սու-24, 10 անօդաչու թռչող սարք մի շարք բնակավայրերում, ավելի քան վեց տասնյակ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Ուկրաինայի հատուկ գործողությունների շտաբը Նիկոլաևի շրջանում։ Սեփական կորուստների մասին Մոսկվան չի հայտնում։
Ի դեպ, ռուսական զինուժի կողմից ոչնչացված կամ վնասված պահեստներում պահվող վառելիքը, ինչպես նկատում են ուկրաինացի մասնագետները, նախատեսված էր ոչ միայն զինտեխնիկայի, այլ նաև քաղաքացիական և գյուղատնտեսական տեխնիկայի համար։ Վառելիքի պակասը կարող է մի շարք ապրանքատեսակների սղություն առաջացնել ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև միջազգային շուկայում, համոզված է նավթագազային շուկայի փորձագետ Լեոնիդ Կասյանչուկը։ Միջազգային գնահատականներով՝ համաշխարհային արտահանման ծավալներում Ուկրաինային բաժին է հասնում ցորենի 11 տոկոսը, իսկ արևածաղկի ձեթի ավելի քան 50 տոկոսը։ Ընդ որում, ինչպես նշում է փորձագետը, Ուկրաինան նախկինում վառելիք էր ձեռք բերում հարևան Բելառուսից, ինչը պատերազմից հետո կարող է անհնար դառնալ։
Վաշինգտոնը կշարունակի Կիևին տրամադրել ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմական օգնություն
Ուկրաինայում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կվիենը «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում հավաստիացրել է՝ Վաշինգտոնը Կիևին տրամադրել է և կտրամադրի ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմական օգնություն։
«Պատերազմի մեկնարկից ի վեր մենք զգալիորեն ավելացրել ենք Ուկրաինա ուղարկվող սպառազինության ծավալները, ընդլայնելով նաև զենքի տեսակները, օրինակ՝ սկսեցինք մատակարարել Stinger՝ շարժական հակաօդային պաշտպանության հրթիռներ, որոնք նախկինում չունեինք, և մենք շարունակում ենք այդ օգնությունը», - ասել է ամերիկացի դիվանագետը` շեշտելով, որ Վաշինգտոնը պատրաստակամ է հետագայում էլ ավելացնել Ուկրաինային հատկացվող աջակցության ծավալները։