Արցախի կարգավիճակի հարցը առանցքային է և չի կարող դուրս մնալ բանակցային սեղանից․ Բաբայան

Արցախի կարգավիճակի հարցն առանցքային է և չի կարող դուրս մնալ բանակցային սեղանից, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2016-ից Արցախի կարգավիճակի հարցը բանակցային սեղանից դուրս է մնացել և, ըստ էության, դա է եղել պատերազմի պատճառը։

Բաբայանը շեշտեց՝ կարգավիճակի հարցը միշտ քննարկվել է՝ չբացառելով, որ գուցե ինչ-որ հանդիպման ժամանակ այլ հարցերի վրա է ուղղակի շեշտադրում եղել։

«Կարգավիճակի հարցը չի կարող պարզապես դուրս մնալ, որովհետև սա առանցքային է», - ասաց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով․ - «Ընդհանրապես ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը ունի, կարելի է ասել, երկու հիմնական խնդիր՝ մեկը դա կարգավիճակն է, մյուսը սահմաններրը։ Ամեն ինչ գալիս է այդ երկու հիմնական խնդրին, մնացած բոլոր հարցերն ածանցյալ են և կախված են հենց էս երկու խնդրից»։

Դեկտեմբերի վերջին շուրջ երկու ժամ տևած առցանց ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, թե 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում։ Հայաստանի կառավարության ղեկավարը մասնրամասնեց՝ 2011-ին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթն ու սկսեց մեծ ծավալի ռազմամթերք գնել, հաջորդող տարիներին էլ ռազմական էսկալացիայի առաջին նշույլներն իր հայտ եկան, իսկ 2016-ի հունվարին՝ ապրիլյան պատերազմից առաջ միջնորդները կարգավորման նոր փաթեթ ներկայացրին, առանց Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին դրույթի, առաջարկը Հայաստանը մերժեց, ինչից ամիսներ անց պատերազմ սկսվեց։

«Խաղաղախահների դուրս գալը, կարող է հանգեցնի նոր ողբերգությունների»

Ռուս խաղաղապահներն Արցախում, 1-ը դեկտեմբերի, 2020թ․

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, Բաբայանը լավատեսությամբ նշեց, որ 5 տարին լրանալուց հետո նրանք այնուամենայիվ կմնան Արցախում։

Դիտարկմանը, թե նոյեմբերի 9-ի պայմանագրով Բաքուն ունի այդ գործիքը ժամկետը լրանալուց հետո նրանց ասել՝ գնացեք և հարցին, թե Բաքուն կդիմի՞ այդ քայլին, Արցախի արտգործնախարարն արձագանքեց․ - «Հակամարտությունը կարգավորված չէ և դժվար թե գալիք երեք տարվա ընթացքում կարգավորվի։ Եթե մինչև հիմա, տարիներ շարունակ՝ 1918 թվականին այդ հակամարտությունը ծագել է, մինչև հիմա մենք չենք տեսնում որևէ կարգավորման հնարավորություն։ Հետևաբար, հաշվի առնելով նաև տարածաշրջանի պայթյունավտանգ լինելը, բազմաթիվ այլ մարտահրավերներ այստեղ, այնուամենայիվ հույս ունենք, որ կմնան, որովհետև առանց հակամարտության համապարփակ կարգավորման ռուս խաղաղախահների դուրս գալը, կարող է շատ բարդեցնի իրավիճակը և հանգեցնի նորանոր մարդասիրական ողբերգությունների»։

Հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․