Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանը կոշտ հայտարարությամբ հակադարձում է Փաշինյանին


Արցախցի պատգամավորները վրդովված են, «անթույլատրելի են համարում Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող ցանկացած հայտարարություն»։

«Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրավասություն ունեն միայն Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրությամբ ձևավորված իշխանությունները», - Արցախի Ազգային ժողովն այսօր միաձայն ընդունել է հայտարարության տեքստ, որտեղ անվանական անդրադարձ կա անցած շաբաթավերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։

Արցախցի պատգամավորները վրդովված են, «անթույլատրելի են համարում Արցախի սուբյեկտայնությունը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող ցանկացած հայտարարություն»։

Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը հենց այդպիսին են համարում՝ «վնասակար և վտանգավոր»։

Հայտարարության տեքստը ամբիոնից ներկայացնում էր «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը. - «Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թվականի ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ»։

Արցախի օրենսդիրները մերժում են նաև ադրբեջանցիների վերադարձի մասին՝ Փաշինյանի հայտարարությունները. - «Անընդունելի ենք համարում Արցախի հայկականությունը կասկածի տակ դնող և հնարավոր օտար տարրերի ներկայության կարևորությունը ընդգծող հայտարարությունները, որոնք մերժելի ու պարսավելի են Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի դիմաց»։

Արցախցի պատգամավորները շեշտել են՝ այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսվել միջնորդների կողմից նախկինում ներկայացված առաջարկություններում, հաստատվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրված պարզաբանումներում։ Մինչդեռ Հայաստանի վարչապետը պնդել է՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ու ոչ մի անգամ բանակացային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում։

Երկար մեկնաբանելով 2016-ի առաջարկները՝ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի ճշգրտման հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ էր տեղափոխվելու, ու այդ դեպքում անխուսափելի էր, որ Ղարաբաղը ճանաչվելու էր Ադրբեջանի կազմում։

2018-ին էլ, Փաշինյանի կարծիքով, նույն իրավիճակն էր. - «Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եթե նկատի ունեք, ունենալու եք և Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն։ Լեռնային Ղարաբաղում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն։ Այո, լինելու էր, բայց էդ օրենսդիր իշխանությունը չէր լինելու ամբողջությամբ հայկական։ Էդ օրենսդիր իշխանության մեջ լինելու էր ադրբեջանական քվոտա, լինելու էր հայկական քվոտա»:

Թերևս աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. առաջին անգամ Արցախի իշխանությունները հրապարակային իրենց անհամաձայնությունն են հայտնում Հայաստանի ղեկավարի հնչեցրած դիրքորոշումներին։

Իր ֆեյսբուքյան էջում դրանց անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունից մի փոքր ավելի մեղմ ձևակերպումներով հակադարձելով. - «Միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը զիջման ենթակա չէ»։

«Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման», - շեշտել էր Արայիկ Հարությունյանն ու եզրափակել. - «Բոլոր իշխանությունները ժամանակավոր են։ Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել»:

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց քննադատություններին՝ որոշները տարակուսելի որակելով ու կրկին պնդելով, թե 2018 թվականին իր վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ և իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե' տեսական, թե' գործնական հնարավորությունները։

Արցախի ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունից» Վահրամ Բալայանը, մեկնաբանելով այսօրվա հայտարարությունը, ասաց՝ Արցախը ՀՀ-ի իշխանությունը պատերազմ չի հայտարարում, պարզապես համարժեք արձագանքում են. - «Էն իրողությունները, որ կար, վարչապետը սխալ ձևով է ներկայացրել այդ ամենը։ Այսինքն՝ հանրային ընկալումների մեջ տպավորություն է ձևավորվում, որ ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքն է, որ պետք է Ադրբեջանի կազմում լինի, այլ մի բան էլ վրադիր պետք է նվիրվի Ադրբեջանին, որ ադրբեջանցիները բավարարված լինեն։ Էդպիսի տպավորություն է ձևավորվում։ Վերլուծության էությունը հետևյալի մեջ է կայանում, որ Արցախը ադրբեջանական տարածք է։ Ասում ենք՝ դու իրավունք չունես նման բան ասելու։ Խոսքը դրա մասին է»։

«Փաշինյանը լվանում է ձեռքերը Արցախից», - քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն այդքան հեռուն գնացող եզրահանգումներ չէր անի, ինչպես Փաշինյանի ասուլիսից հետո շատերը։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չէր թաքցրել, քաղաքագետն էլ է կարծում՝ Հայաստանի վարչապետն առիթն օգտագործել է պատասխանելու ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանի հայտարարություններին։ Կարծում է՝ Արցախի խորհրդարանի հայտարարությունը համաձայնեցված չէր Հայաստանի իշխանության հետ, ինքնաբուխ էր, Արցախից հակադարձելու որոշումն էլ ճիշտ էր։

«Այս ամեն ինչը պետք է դիտարկել միայն այսպես կոչված ներկաներ-նախկիններ լեզվակռվի դիմակայության շրջանակներում: Իհարկե, կա տարբերակ, որ Փաշինյանը փորձում է ապահովագրվել մոտ ապագայում ստորագրվելիք որոշակի փաստաթղթերից, որոնք կարող են անուղղակիորեն կապ ունենալ կամ առնչվել ղարաբաղյան հակամարտության հետ, ցույց տալ, որ ամեն ինչ առանց այդ էլ կանխորոշված էր», - նշեց Գրիգորյանը:

Անհասկանալի է որակում Փաշինյանի պահվածքը՝ նույն ասուլիսում ասում էր՝ բանակի վերաբերյալ հարցերին չի պատասխանելու, այսինքն բանակի թեման զգայուն է, Արցախյան հիմնահարցը՝ ո՞չ, հարցնում է քաղաքագետը. - «Որովհետև Փաշինյանի այս տեսակ չմտածված անպատասխանատու հայտարարությունները կարող են լրջորեն վնասել մեր բանակցային դիրքերը, մեր դիրքորոշումները, որոնք մշակվել էին վերջին տասնամյակների ընթացքում: Նշեմ, որ ադրբեջանական քարոզիչները արդեն տարածում են Փաշինյանի կողմից վերջին օրերին հնչեցվող թեզերը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG