Մատչելիության հղումներ

Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից. Ռոբերտ Քոչարյան


Քոչարյանն իր տարվերջյան ասուլիս ընթացքում անդրադարձավ գրեթե բոլոր ոլորտներին՝ իշխանություններին մեղադրելով բոլոր կարևոր ուղղություններում կատարյալ ձախողման համար՝ Արցախի կարգավորման, անվտանգության հարցերից սկսած մինչև արտաքին քաղաքականություն, քարոզչություն, տնտեսություն։

«Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից», - այսօր նման աղմկահարույց հայտարարությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագարքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող վերջին հայտարարություններին։

Նա ասաց, թե այս տարի Արցախի ապագայի, անվտանգության վերաբերյալ անորոշությունը շարունակվել է, բայց պարզ է դարձել Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը. - «Արդեն հասկանալի է, որ եթե վարչապետը ասում է, որ 2016 թվականից որևէ տեսական նույնիսկ հնարավորություն այլևս չկա Ղարաբաղը Ադբրեջանի կազմից դուրս կարգավիճակի համար, սա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է։ Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից։ Եվ այս վերջին հայտարարություններով վարչապետը նաև ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի հռչակագիրը, սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության հիմքում, ձևավորման հիմքում է դրված»։

Իսկ ի՞նչ լուծում ունի ինքը Արցախի կարգավիճակի վերաբերյալ այն պարագայում, երբ մի կողմից Ադրբեջանից են հայտարարում, թե այդ հարցը փակված է, մյուս կողմից էլ հայաստանյան իշխանությունն է հակասական հայտատարություններ տարածում։ Քոչարյանը հստակ քայլեր չմատնանշեց, հայտարարեց միայն, թե տեսնում է հնարավորություն ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ այս իրավիճակում ինչ-որ բան փրկել. - «Այս իշխանությունը չի էլ փորձելու դա անել։ Որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կյանքը մտածել են այնպես, ինչ այսօր իրենք անում են։ Իրենցից սպասելիքը զրոյական է։ Հիմա իմ առաջարկը՝ փոխենք, տանք հնարավորություն այն մարդկանց, որոնք ամբողջ իրենց կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում»։

«Ազատության» հարցին, թե արդյոք 1997 թվականին մերժված տարբերակներն այսօրվանից լավը չէին, և ինչպե՞ս ստացվեց, որ կոնֆլիկտի լուծումը երկարաձգելու արդյունքում հայկական կողմի դիրքերն ու հնարավորությունները այդպես էլ չավելացան, երկրորդ նախագահը, որը ղարաբաղյան բանակցություններին մասնակցել է իր ղեկավարման տասը տարիներին, հարցին ուղիղ պատասխան չտվեց։ Կարճ արձագանքեց՝ կրկին գործող իշխանություններին մեղադրելով. - «Որովհետև պարտվեցին պատերազմում, հրահրեցին պատերազմ, հետո պարտվեցին»։

1998-2008 թվականներին Հայաստանը ղեկավարած Քոչարյանն իր երկուս ու կես ժամ տևողությամբ ասուլիսին արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման մեջ հնչած մեղադրանքին, թե Արցախը բանակցային սեղանից Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ է դուրս մնացել 1998 թվականին։ Երկրորդ նախագահը հերքեց, թե իր պատճառով է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից, հայտարարեց, թե Մինսկի խմբում քննարկումների ձևաչափն է փոխվել։

Ըստ նրա, եթե համանախագահները այդ ձևաչափով քննարկում կազմակերպեին, Շուշիի ադրբեջանցի նախկին քաղաքապետի հետ միասին նաև արցախյան կողմը կմասնակցեր դրանց. - «Այդ ֆորմատում մինչև վերջին հանդիպումը Մինսկի խմբի շրջանակներում հիմնականում էդ հարցն է քննարկվել, թե մեր մանդատը ինչ է, և Նիզամ Բախմանովի մանդատը ինչ է։ Ղարաբաղը, այո, մասնակցում էր, սեղանի շուրջը նստած էր։ Բայց հետո այդ ձևաչափը ընդհանրապես վերացավ. Մինսկի խումբը մնաց, բայց քննարկումները սկսեցին գնալ այլ կերպ, այլ ձևաչափով։ Այսինքն՝ եթե համանախագահները հավաքեին նույն ձևաչափը, ուրեմն Ղարաբաղը կլիներ նույն ձևով նստած նույն սեղանի շուրջը։ Չենք հավաքել, համարել են, որ արդյունավետ չի։ Եվ ճիշտ են համարել»։

Քոչարյանն իր տարվերջյան ասուլիս ընթացքում անդրադարձավ գրեթե բոլոր ոլորտներին՝ իշխանություններին մեղադրելով բոլոր կարևոր ուղղություններում կատարյալ ձախողման համար՝ Արցախի կարգավորման, անվտանգության հարցերից սկսած մինչև սոցիալական, քարոզչական ու արտաքին քաղաքականության հարցեր։

Այս իրավիճակում որքանո՞վ է արդարացված համարում Քոչարյանն իր ղեկավարած ուժի որոշումը` չմասնակցել միջազգային կառույցների աշխատանքերին, այն դեպքում, երբ ինքը կարևորում է արտաքին քաղաքականության ոլորտում պայքարը. - «Իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է, փակ է այս իշխանության կողմից։ Երբ որ Սեյրան Օհանյանը չի կարում թռնել մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին խորհրդարանական։ Թույլ չեն տալիս, քննիչը համաձայնությունը չի տալիս, որ Սեյրան Օհանյանը գնա և մասնակցի։ Արմեն Գևորգյանը չի կարողանում մասնակցի Եվրախորհրդի պառլամենտական վեհաժողովի նիստերին»։

Ըստ Քոչարյանի, քաղաքացիների վստահությունն այս իշխանությունների նկատմամբ շեշտակի նվազել է: Լրագրողները հետաքրքվեցին, թե արդյոք այդ ֆոնին իր ղեկավարած ուժի վարկանիշն է բարձրացել։ Նա ընդունեց, որ այս ընթացքում նաև ընդդիմության վարկանիշն է ընկել. - «Անկասկած, նաև ընդդիմության վարկանիշն է ընկել, ճիշտ եք։ Ուղղակի մենք մտածում ենք և մենք հույս ունենք, որ մեր վարկանիշը վերականգնվող վարկանիշ է՝ եթե խոսում ենք ընդդիմության մասին, որպես ինչ-որ մի ընդհանրություն։ Իսկ իշխանության վարկանիշը այսպիսի տեմպերով անկման պարագայում չվերականգնվող անկում է [ապրում]»։

Քոչարյանը նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վարկանիշին անդրադարձավ, կարծիք հայտնեց, թե Մարությանի վարկանիշը վերջին տարում սկսել էր աճել, պատասխանեց նաև իր և Մարությանին վերաբերող հարցին՝ հայտարարելով, որ նման հանդիպում երբեք չի եղել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG