Այս գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին Պաշտպանության նախարարությունն առաջին անգամ թույլ է տվել հասնել առաջնագիծ։ Բանակի օրվա առթիվ՝ հունվարի 28-ին Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից պատգամավորներ են մեկնել Հայաստանի դիրքեր։ Մինչ այդ Պաշտպանության նախարարությունը նրանց դիմումները մերժում էր։
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Սյունիքի հատվածում են եղել խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իրականության մեջ տպավորությունը, որ ես ստացել եմ առաջնագծից, շատ չէր տարբերվում իմ ունեցած այն ուսումնասիրություններից, որը ես ունեի մինչև առաջնագիծ մեկնելը, որովհետև, եթե իշխանությունը համարում է, որ եթե մենք առաջնագիծ չենք մեկնում, ապա տեղեկություններ չունենք առաջնագծից, կառուցվածքից, իրավիճակից, ապա սխալվում է», - ասաց Աբրահամյանը։
Պաշտպանության նախարարությունն է ցանկը կազմել, թե պատգամավորները որտեղ կարող են մեկնել, իրենք էլ ցանկից ընտրելու հնարավարություն են ունեցել, ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիրները առաջնագծում բազմաթիվ խնդիրներ են տեսել, բայց անվտանգության նկատառումներից ելնելով, ամեն ինչի մասին չէ, որ հրապարակային կարող են խոսել։
«Մենք առաջնագծում հսկայական աշխատանք անելու խնդիր ունենք, ընդ որում խնդիրները տարբերվում են նոր բնագծերում, որոնք ստեղծվել են այս իշխանության` Քարվաճառի և Քաշաթաղի շրջանը հանձնելուց հետո ձևովորված նոր բնագծի սահմաններում, և մենք ունենք խնդիր նաև այն բնագծերում, որոնք նոր չեն ձևավորվել, պայմանական՝ Տավուշի հատվածում, կամ, օրինակ, Երասխավանի հատվածում, որտեղ մենք ունենք բնագիծ, բայց դրանք մոդեռնիզացման անհրաժեշտություն ունեն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Աբրահամյանի տպավորությամբ, առաջնագծի անվտանգության ու կահավորման աշխատանքները հատվածական են կատարվել։ Ոչ 44-օրյա պատերազմը, ոչ էլ դրան հաջորդած մարտահրավերները չեն ստիպել կառավարությանը վերանայել սահմանային պաշտպանության մոտեցումները, մանրամասնեց Տիգրան Աբրահամյանը։
«Իմ տպավորությամբ, աշխատանքներն երականացվել են հատվածական՝ ըստ իրավիճակի։ Տարվում է այն ուղղությամբ, ինչ ունեցել ենք նախկինում, բայց, կրկնում եմ, և՛ 44-օրյա պատերազմը, և՛ ժամանակակից աշխարհում գործող նոր սպառնալիքները, նոր մարտահրավերները մեզ ստիպում են վերանայումներ կատարել այս ուղղությամբ, ինչը ես չեմ տեսնում», - նկատեց պատգամավորը։
«Հայաստան» խմբակցությունից մի քանի խումբ է մեկնել տարբեր ուղղություններով։ Աննա Գրիգորյանը, որ Սյունիքում է եղել, ասաց՝ իրենց տեսած խնդիրները ամփոփելու են ու կներկայացնեն Գլխավոր շտաբ։ Ըստ նրա, պատերազմից14 ամիս անց էլ առաջնագծի կահավորման տեմպը բավարար չէ։
«Հատկապես նոր ձևավորված սահմանում, սահմանագծի երկայնքով, խնդիրները շարունակում են լինել, և պատերազմից այսքան ժամանակ անց էլ, այն տեմպը, որ այս պահին գոյություն ունի, բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք համարենք, որ առաջնագիծը կահավորված է այնպես, ինչպես մենք կցանկանայինք։ Դա միարժեքորեն եմ ասում, բայց անվտանգության տեսանկյունից, նպատակահարմար չէ, որպեսզի ես այդ բոլոր դիտարկումներն այս պահին հրապարակային հնչեցնեմ», - ասաց պատգամավորը։
Պատերամից հետո Հայաստան-Ադրբեջան սահմանը շուրջ 400 կիլոմետրով երկարել է։ Իշխանությունը շարունակում է հատվածական բարեկարգել, աշխատանքները մեծ ծավալով չեն, քննադատեց ընդդիմադիր պատգամավորը։ Ըստ նրա, հենց այսպիսի վերաբերմունքի հետևանքն էին մայիսյան դեպքերը, երբ ադրբեջանական զորքը Գեղարքունիքից ու Սյունիքից ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։
«Նոյեմբերի 9-ից հետո այդ մեծ հատվածը՝ նոր առաջնագիծը, որ ձևավորվել է, միարժեքորեն պետք է ասել, որ համապատասխան աշխատանքներ ամբողջ ծավալով տեղի չեն ունեցել, իհարկե, հատվածային է այն, ինչ տեղի է ունենում, բայց մեծ ծավալով, որ պետք է անեին, դա չեն արել և դրա ակնհայտ փաստն այն է, որ ադրբեջանցիները քայլելով եկել և օկուպացրել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Դա փաստ է, ոչ թե այս կամ այն կերպ մեկնաբանելու հարց է, այլ փաստ է, որ ուղղակի արձանագրում ենք», - նշեց Գրիգորյանը։
Առաջնագծի խնդիրները իշխանական պատգամավորներին էլ են տեսանելի եղել, խոստովանեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա էլ է մեկնող խմբում եղել։
«Խնդիրներին ծանոթացել ենք, մի շարք հրատապ լուծման խնդիրներ ենք արձանագրել, որոնք լուծումների ընթացքի մեջ են, և մենք էլ մեր հանձնաժողովով հնարավորինս ամեն ինչ անելու ենք, որպեսզի ավելի արդյունավետ և կարճ ժամանակահատվածում այդ խնդիրները լուծվեն: Քանի որ դրանք կարող են պարունակել ռազմական և պետական գաղտնիք, մենք չենաք կարող դրանք հրապարակենլ», - ընդգծեց Խաչատրյանը։
Իշխանական պատգամավորը տեղին չի համարում ընդդիմադիրների քննադատությունները, թե կառավարությունը կարող էր առաջնագիծը կահավորել, բայց թերացել է։ Նրա խոսքով՝ անվտանգության հարցերն, ըստ հերթականության, լուծվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները պնդում են՝ սահմանների կահավորման հարցը շարունակում է լրջագույն խնդիր մնալ