Մատչելիության հղումներ

Սյունիքի ճանապարհը չի կարող Լաչինի միջանցքի կարգավիճակն ունենալ. Արամ Սարգսյան


Սյունիքի ճանապարհների օգտագործման պարագայում Հայաստանն ուղեկցման տարբերակը պիտի բացառի, միջանցքի տրամաբանությունն ընդհանրապես պետք է դուրս գա քննարկման շրջանակից, «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Ճանապարհների երկու գլխում կարող են ռուսները կանգնել, այնպես ինչպես հիմա կանգնած են, օրինակ, Մեղրիում որպես սահմանապահներ, ինչպես օդանավակայանում են սահմանապահ ծառայություն կատարում, բայց ոչ ավելին, նշեց Սարգսյանը՝ շեշտելով միջանցքը Լաչինն է և սա չի կարող Լաչինի կարգավիճակն ունենալ։

«Եթե սուվերեն երկրի տարածքով այլ երկրի ուղեկցությամբ ապրանքատեղափոխություն է լինում, կամ մարդիկ տեղափոխվում են, դա արդեն միջանցք է։ Լաչինի միջանցքի կարգավիճակը հաստատված է ամսի 9-ի փաստաթղթով, էս փաստաթղթով նման միջանցքի գաղափար կամ մոտեցում դրված չէ։ Փաստաթղթում ինչ գրված է, դա է, որ համապատասխան իրավիճակում Նախիջևանը կարող է կապվել Ադրբեջանի հետ՝ ռուսական հատուկ ուժերի վերահսկողության տակ», - նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը երեկ Մոսկվայում քննարկում էին տրանսպորտային ուղիների վերաբացման հարցը։ Երեք երկրների փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումների ձևաչափը ստեղծվեց այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունքում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, անդրադառնալով երեկվա հանդիպմանը, ասել է, թե Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» հարցում հասնում է ուզածին։ Նա նաև նշել է, որ «Զանգելանում կստեղծվի ժամանակակից լոգիստիկ և տրանսպորտային կենտրոն, ներառյալ բեռնատար և մարդատար ինքնաթիռների թռիչքները, երկաթուղային հանգույցի և մայրուղիների կառուցում, այդպիսով Զանգելանը շուտով կդառնա երկրի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն»:

Հայաստանյան իշխանություններն, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, բազմիցս պնդել և պնդում են, թե միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում։

Դիտարկմանը, թե կա բնական, ողջամիտ մտահոգություն, թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի, որ այդ ճանապարհը կարող է անվտանգ չլինել, և ո՞վ է ապահովելու այդ անվտանգությունը, միջնորդ երկիրը՝ ռուսները, Սարգսյանն այսպես արձագանքեց․ - «Շատ բնական է, որ էս փուլում այդ ճանապահն անվտանգ չի լինի։ Որպեսզի այդ ճանապարհն անվտանգ դառնա, որոշակի քայլեր են պետք անել»։

Որպես առաջին փուլի լավագույն տարբերակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նշեց երկաթուղային բեռնափոխադրումները։ Սարգսյանի համոզմամբ, այստեղ ուղեկցողներ պետք չեն, բեռները կարող են Հայաստանի տարածքով գնալ Վրաստան ու Ղազախով մտնել Ադրբեջան և ընդամենը 5 կիլոմետր երկաթգիծ է պետք վերականգնել Երասխի հատվածում։

«Երկրորդ փուլը՝ 24 կիլոմետր Սյունիքի հատվածում, որը կմիանա Մնջևան կայարանին, այնտեղից արդեն Բաքու, երկաթգիծը կա ու կաշխատի», - ասաց Սարգսյանն շեշտելով՝ գնացքով բեռներ կարելի է տանել ու դա միանշանակ անվտանգ է. - «Ենթադրենք մենք Արարատից ցեմենտ ենք ուղարկում, ենթադրենք Մեղրի, կամ Կապան, եթե Նախիջևանում իրենք էդ ցեմենտը գողանում են, կամ թափում են, միջազգային օրենքներին համապատասխան, դրա վճարն իրենք տալիս են, տուգանքները տալիս են, էդ արդեն դատարանների միջոցով է, էստեղ ո՛չ ռուսների միջնորդություն, ո՛չ ուղեկցման որևէ խնդիր չկա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG