Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն «այսօր հերթական անգամ սադրանքի են դիմել»՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, նշում է ռազմական գերատեսչությունը` հավելելով, որ ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը երեկ հայտնեց՝ ադրբեջանական ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ։ Այսօր ավելի վաղ էլ տեղեկացրին՝ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է արդեն սահմանի արևելյան ուղղությամբ, պատասխան գործողություններով կրակը լռեցվել է։
Երևանը Ադրբեջանի ՊՆ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։ Բաքուն էլ իր հերթին Հայաստանին է մեղադրում իրադրությունը սրելու համար՝ նշելով, որ սահմանային հերթական լարվածության ամբողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա է։