Ընդդիմադիրների պնդմամբ՝ պատերազմի ավարտից ավելի քան մեկ տարի անց սահմանների կահավորման հարցը շարունակում է լրջագույն խնդիր մնալ։
«Հայաստան» խմբակցության պատգմավոր, Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը խորը կասկածներ ունի, որ սահմանային միջադեպերի ժամանակ մահվան դեպքերը կարող են նաև դիրքերի վատ կահավորման հետևանք լինել:
«Ցավոք սրտի, նաև սահմանի ոչ ամբողջական կահավորվածությունը, բնականաբար, առաջին հերթին թիրախ է դարձնում սահմանը պահող հայ զինվորականին», - նշեց Մանուկյանը:
«Հայաստան» խմբակցությունը դիմել է ՊՆ-ին, Գլխավոր Շտաբի պետին՝ հունվարի 28-ին Բանակի օրվա առթիվ առաջնագծի տարբեր հատվածներ մեկնելու համար։ Պատասխան դեռ չեն ստացել։
Ավելի վաղ ընդդիմադիր տարբեր պատգամավորների՝ առաջնագիծ մեկնելու դիմումները մի քանի անգամ արդեն մերժվել են։ Պատճառաբանությունները սուբյեկտիվ են, վստահ է ընդդիմադիր պատգամավորը. իշխանության ներկայացուցիչներն այդ հնարավորությունից օգտվում են, փաստացի այս գործառույթը դարձել է իշխանության մենաշնորհը։
ԶԼՄ-ների մուտքը սահմանամերձ բնակավայրեր, դիրքեր նույնպես սահմանափակ է, որոշ դեպքերում՝ արգելված։ Ստացվում է, որ միակ տեղեկությունը իշխանության հրապարակած լուսանկարներն են, որոնք ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ հաճախ չեն արտացոլում իրականությունը, հակասում են սահմանից իրենց ստացած տեղեկություններին։
«Փաշինյանը այսօր հոխորտում է, որ բանակը երբեք չի դիմել, որևէ հարցում մերժում չի ստացել, բայց, ցավոք սրտի, կան նաև տեղեկություններ, որ նույն կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, որ շատ արագ ինժեներական աշխատանքներ պետք է իրականացվեին առաջնագծում, որպեսզի ադրբեջանական ագրեսինա կանխվեր, ինչպես եղավ Սյունիքում, ինչպես եղավ Գեղարքունիքում, ցավոք սրտի, այդ աշխատանքները համակարգված չեն եղել, և այսօր նաև ականատես ենք լինում այդ ոչ պատշաճ աշխատանքի հետևանքներին», - ասաց Գեղամ Մանուկյանը:
«Այն պահանջները, որոնք ներկայացվում են Պաշտպանության նախարարության կողմից, մեր զինված ուժերի կողմից և ինչն առնչվում է մեր անվտանգությանը, սահմաններին և պաշտպանունակությանը որևէ անգամ կառավարությունը խնդիր չի առաջացրել, որ գումար չկա», - նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Խաչատրյանը դեկտեմբերի 31-ին է եղել սահմանային հատվածում՝ Սյունիքի Սև լճի դիրքերում։ Պնդում է՝ դանդաղ, բայց մեծ ծավալի աշխատանքներ են ընթանում այստեղ, հատկապես վերջին 2-3 ամիսներին:
«Չկա այնպիսի իրավիճակ, երբ կարող ենք գնահատել, որ վերջ, բոլոր աշխատանքները ավարտված են և որևէ բան չկա անելու», - ընդգծեց նա:
Դեկտեմբերին Սյունիքում եղել է նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Տպավորությունները մխիթարող չէին։
«Սյունիքում մենք առաջնագիծ չունենք, եթե գեղարքունիքում մոտավոր պատկերացում կա, որ այդ հատվածներում կարող էր լինել առաջնագիծ, Սյունիքում դա ավելի խճճված է և իսկապես շախմատաձև մտել ենք մեկս մյուսի զորախմբերի թիկունքը: Խառնիճաղանճ առաջնագիծ ունենք», - ասաց Թովմասյանը:
Պատգամավորը սահմանային դիրքերի կահավորման հարցն ամիսներ առաջ էր բարձրացրել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ շատ կոշտ արձագանքեց՝ ասելով, թե Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի, նաև հեգնեց, թե հաջորդ անգամ էլ կոորդինատներ, քարտեզներ հրապարակեք. «Ասեք՝ օրինակ, կոորդինատ էսինչից էսինչը մենք չունենք խրամատներ»:
Թովմասյանն այսօր էլ պնդում է՝ իր հարցը մինչև օրս անպատասխան է, իսկ Փաշինյանի խոսքը՝ մանիպուլյացիա. «Ադրբեջանի զինվորներին ո՛չ հեռադիտակ է պետք դա հասկանալու և տեսնելու համար, ո՛չ հատուկ հմտություն, ո՛չ արտասովոր կարողություններ, իրենց աչքերով նրանք տեսնում են հայկական սահմանի վիճակը և տեսնում են, որ մենք չունենք առաջնագիծ: Ասեմ ավելին՝ Սյունիքի հատվածում տեղեր կան, որ մեր առաջնագիծն անցնում է մարդկանց տների միջով, տների կողքով, տների վրայով, բա էդտեղ որտե՞ղ է մեր պաշտպանական գիծը»:
Ընդդիմադիր պատգամավորները միևնույն ժամանակ պնդում են՝ այս ընթացքում ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ ինժեներական աշխատանքներ կատարել սահմանային դիրքերում։
Ի դեպ՝ աշնանը պահեստազորի եռամսյա հավաքից վերադարձած Արմեն Վարդանյանը նույնպես «Ազատությանը» պատել էր՝ լավ պատրաստված դիրքեր չի տեսել, անմխիթար վիճակում էին. «Ես հեռադիտակով նայում է ադրբեջանական դիրքերին, այնտեղ ամեն դիրքում 4-5 տեխնիկա էր աշխատում, նաև բետոնապատում էին դիրքերը՝ ավելի պաշտպանված լինելու համար: Այդ առումով մեր վիճակն իրոք անմխիթար էր»:
Իշխանության ներկայացուցիչը հորդորում է համբերատար լինել՝ հաշվի առնելով, թե ինչ ծանր կորուստներ է կրել հայկական կողմը, ինչ փոփոխությունների է ենթարկվել սահմանը պատերազմի հետևանքով։
«Ինչ-որ տեղ, այո, ադրբեջանցիները ավելի մեծ ռեսուրսներ են կիրառում և ավելի մեծ շինարարություններ են անում, դա դեռևս չի նշանակում, որ մեր մոտ այդ աշխատանքները չեն իրականցվում», - ասաց Արմեն Խաչատրյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս ժամանակին բարձրաձայնել էր այս խնդրի մասին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում օմբուդսմենը ընդգծելով, որ ճիշտ չէ հրապարակային ներկայացնել, թե ինչ վիճակում են դիրքերը, այդուհանդերձ ակնարկեց՝ արձանագրել են խնդիրներ ու մեծածավալ տեղեկանք ներկայացրել համապատասխան մարմիններին։