Մարզպետը հայտնում է Վանաձորի քաղաքապետարանում բացահայտված բազմաթիվ ապօրինությունների մասին

Վանաձորի համայնքապետարանում բազմաթիվ են բացահայտված ապօրինությունները, հրավիրած ասուլիսում պնդեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու խայտառակություն որակեց դրանք։ Ընդ որում խախտումները վերաբերում են արդեն մեկուկես ամիս կալանավորված նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման տարիներին։

«Մարզպետարանը սեպտեմբեր ամսին ստուգումներ է իրականացրել և, մեղմ ասած, խայտառակություն էր այնտեղ», - հայտարարեց մարզպետը։

Արամ Խաչատրյանը նշեց, որ մարզպետարանում ստեղծված վարչական վերահսկողական հանձնաժողովն է դեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ստուգումներ իրականացրել ու բացահայտված տվյալները ներկայացրել իրավապահներին։ Մարզպետը չի հայտնում, թե ինչ խախտումների մասին է խոսքը՝ պատճառաբանելով, որ դրանք քննիչների ձեռքի տակ են՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, բայց նշում է, որ բազմաթիվ ապօրինի թույլտվությունների ու հողհատկացումների մասին է խոսքը, որոնք Քննչական կոմիտեն դեռևս չի հրապարակել։

«Էսպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել։ Եթե չհասցնեինք կարող է էս Հայկի հրապարակն էլ արդեն սեփականաշնորհված լիներ», - հայտարարեց մարզպետը։

Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո, որտեղ նրա գլխավորած դաշինքն ամենաշատ թվով՝ մոտ 38 տոկոս ձայն էր ստացել։

Մամիկոն Ասլանյան

Նա մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին լիզորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ասլանյանին կալանավորելուց հետո նրա կողմնակիցները, փաստաբաններն ու նաև հասարակական գործիչները պնդեցին, թե իշխանությունները հետապնդման են ենթարկում իրենց քաղաքական հակառակորդին, որին ընտրությունների արդյունքներով հաղթել չկարողացան։ Մինչդեռ մարզի ղեկավարը, որ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածուն էր, հերքում է, թե Մամիկոն Ասլանյանը քաղաքական հալածյալ է։

«Երբ որ մեկին փորձում ես մեղադրել, կամ ինչ-որ, կներեք արտահայտության համար, ճկույթը տրորես, ասում է՝ «ես քաղաքական հալածյալ եմ, քաղաքական բանտարկյալ եմ»։ Տո դուք ինչ քաղաքական բանտարկյալ, դուք չգիտեք էլ դա ինչ է։ Այո՛, մենք պիտի թույլ չտանք, որ էդ մարդիկ էդ ապօրինությունները, չարաշահումները շարունակեն։ Ասեմ ավելին՝ արածի համար էլ պիտի պատասխան տան։ Թող սա ականջներին օղ անեն», - հայտարարեց Խաչատրյանը։

Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, 24-ը դեկտեմբերի, 2021թ․

Վանաձորը երկու ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո այդպես էլ համայնքապետ չունի։ Մի կողմից «Լուսավոր Հայաստանը» վիճարկում է ընտրությունների արդյունքները, մյուս կողմից վարչական դատարանն արգելել է համայնքապետի ընտրության օրակարգով ավագանու նիստ անցկացնել։ Այս պայմաններում համայնքը ոչ միայն ղեկավար, այլ նաև տեղակալներ չունի։ Նման աննախադեպ իրավիճակ հայաստանյան օրենսդրությամբ նախատեսված չէ ու շատ հարցեր հնարավոր չէ լուծել եղած օրենքներով։

Համայնքի կյանքը կաթվածահար չանելու համար ղեկավարների որոշ պարտականություններ կառավարությունը լիազորել է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, կապված, օրինակ, աշխատավարձերի վճարման, աղբահանության, փողոցների մաքրման հետ։ Լոռու մարզպետը հավաստիացնում է, որ հնարավորինս կարգավորում են եղած հարցերը։ «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է քաղաքացիների սպասարկման հարցերին, աշխատավարձերի հետ կապված, աղբահանության, հիմա մենք քննարկում ենք քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի և համապատասխան բաժինների պետերի հետ սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հարցեր», - տեղեկացրեց Խաչատրյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում չեն բացառում ավագանու նոր ընտրությունները