Մատչելիության հղումներ

Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցած ԼՀԿ-ն կդիմի դատարան


Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կդիմի դատարան՝ ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը պաշտպանելու նպատակով։ Այդ մասին «Ազատությանն» այսօր ասաց կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ավագանու թեկնածու Արմեն Եղիազարյանը։

«Լուսավոր Հայաստանին» ընդամենը 0,03 տոկոս չբավարարեց անցողիկ շեմը հաղթահարելու և Վանաձորի ավագանիում առնվազն 2 մանդատ ունենալու համար։ Կուսակցության ներկայացուցիչների հաշվարկով իրենց ստացած 1314 ձայներին ընդամենը 10 քվե պակասեց անցնելու համար։

«Լուսավոր Հայաստանը» դիմել էր թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողով՝ վերահաշվարկի պահանջով։ Հանձնաժողովը երկու օր 6 տեղամասերի արդյունքները վերահաշվարկեց, սակայն արձանագրված չնչին տարբերություններն էական նշանակություն չունեցան, նախնական արդյունքներն առանձնապես չփոխվեցին. ավագանիում ամենաշատ թվով՝ 15 մանդատ կունենա անցած 5 տարիներին Վանաձորը ղեկավարած Մամիկոն Ասլանյանի անունով ստեղծված դաշինքը, 9 մանդատ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ Մամիկոն Ասլանյանի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանի թիմը և 2-ական մանդատ՝ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

Ի՞նչ է ակնկալում «Լուսավոր Հայաստանը» դատարանից, եթե ընտրությունների արդյունքների վերահաշվարկի արդյունքում ևս որևէ փոփոխություն չարձանագրվեց։ Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Եղիազարյանն ասում է՝ Վանաձորի բոլոր 63 ընտրատեղամասերի տվյալներում 12 անճշտություն է գրանցվել, 2-ով ավելի, քան ավագանի անցնելու համար պակասող իրենց ձայներն են։

Դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցել է 9 կուսակցություն և մեկ դաշինք։ Նախնական տվյալներով նրանցից միայն 5-ը խմբակցություն կունենան Վանաձորի ավագանիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG