Երեկ ձերբակալվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որ 10 օր առաջ տեղի ունեցած ավագանու ընտրություններում ամենաշատ թվով ձայներն է ստացել ու համայնքի ղեկավար վերընտրվելու հիմնական հավակնորդն է։
Առաջիկա օրերին տեղի է ունենալու նոր ձևավորված ավագանու անդրանիկ նիստը, որտեղ որոշվելու է, թե հաջորդ 5 տարիներին ով է ղեկավարելու համայնքը, մինչդեռ քվեարկության նախօրեին Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել ավագանիում 15 մանդատ ստացած Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու մասին։
Ըստ իրավապահների, 2016-2021 թվականներին Վանաձորի համայնքապետ եղած Ասլանյանը մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու, անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մեջ:
Իրավապահները մի քանի դրվագներ են մատնանշում, մասնավորապես՝ Վանաձորի նախկին համայնքապետն առանց ավագանու որոշումներ է կայացրել քաղաքի մի քանի հատվածներում հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին, որից հետո դրանք սեփականության իրավունքով անցել են իր մտերիմներին։
Հաղորդագրության մեջ նշված է, որ մի դեպքում բնակավայր հանդիսացող գրեթե մեկ հա տարածքն է դարձել հասարակական կառուցապատման հող, մյուս դեպքում մոտ 3 հազար 600 քառակուսի մետր իրար կից երկու ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածքներ, որ ըստ հողային օրենսգրքի, չէին կարող փոխանցվել սեփականության իրավունքով: Դրանք այլ նպատակային նշանակություն են ստացել ու կեղծ տեղեկանքի հիման վրա սեփականաշնորհվել։ Այնուհետև երկու հողամասերը աճուրդի եղանակով վաճառվել են ավելի քան 7 միլիոն դրամով։
Քննչական կոմիտեն հաղորդում է նաև, որ մինչև 2019 թվականը չնախատեսված վայրում գերեզմանատուն է կառուցվել։ Այդ ժամանակ, ըստ իրավապահների, Մամիկոն Ասլանյանը ղեկավարելով համայնքը, պարտավոր էր կասեցնել և կանխարգելել ապօրինությունը, բայց չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները և հնարավորություն է ընձեռել իր մտերիմը հանդիսացող անձի զոքանչին սեփականության իրավունքով պատկանող հողամասը առանձին հողակտորներով վաճառել կամ նվիրել տարբեր քաղաքացիների հուղարկավորություններ իրականացնելու նպատակով։
Ըստ Քննչական կոմիտեի, Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի հանցավոր գործողությունների արդյունքում համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
«Ակնհայտ կապված է ընտրական գործընթացի հետ»
Մամիկոն Ասլանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը10 օր առաջ տեղի ունեցած Վանաձորի ընտրություններում ամենաշատ քվե ստացած թեկնածուի ձերբակալությունն ապօրինի քաղաքական հետապնդում է համարում։ «Ազատությանն» ասաց՝ ակնհայտ կապված է ընտրական գործընթացի հետ։
«Ժողովրդի կամքը չընդունելու քաղաքական իշխանության ցանկությունն է ընդամենը։ Ժողովուրդն իր քվեով իր կամարտահայտությունն արտահայտել է և հիմա քաղաքական իշխանությունն ուզում է մի կողմ դնել ժողովրդի կամքը, էն ժողովրդի, որի անունն իրենք առավոտից իրիկուն սիրում են տեղի անտեղի հնչեցնել», - ասաց Վարոսյանը։
Մամիկոն Ասլանյանի փաստաբանը երեկ ուշ երեկոյան «Ազատությանը» հայտնեց, որ քննիչները պատրաստվում են Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով մեղադրվող նախկին համայնքապետին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Մամիկոն Ասլանյանն այս պահին գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում։