Վրաստանի ամենահայտնի բանտարկյալը տարին սկսում է նոր պահանջներով, հակառակ դեպքում սպառնում կրկին բողոքի գործողություններ սկսել։
Հոկտեմբերի 1-ից կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի իշխանություններին հերթական վերջնաժամկետ է ներկայացրել՝ կդիմի բողոքի ծայրահեղ քայլերի, եթե իր իրավունքները շարունակեն ոտնահարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին կարող է կրկին դիմել բողոքի ծայրահեղ ձևերիԱնցած շաբաթ Ռուսթավիի բանտ վերադարձվելուց հետո քաղաքական գործչի աջակիցները պնդում են՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվում։ Նախկին նախագահի պաշտպանական թիմը հայտարարում է, թե չնայած սուր անհրաժեշտությանը՝ անկախ բժիշկնեից կազմված խմբին թույլ չեն տալիս քննել Սաակաշվիլիի առողջական վիճակը։
Երկրի նախկին առաջնորդը 50-օրյա հացադուլի հետևանքներից բուժում էր ստանում Գորիի զինվորական հոսպիտալում։ Իշխանությունների գնահատմամբ՝ նա ապաքինվել է, հետևաբար կալանքը պետք է շարունակի մեկուսարանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի կառավարությունը հաստատեց՝ Սաակաշվիլին կրկին Ռուսթավիի բանտ է տեղափոխվելՔաղաքական գործչի պաշտպանական թիմը հակադարձում է։ Շոթա Թութբերիձեի խոսքով՝ քրեակատարողական ծառայության գործողությունները կարող են հանգեցնել իր պաշտպանյալի առողջության անդառնալի վատթարացման, ընդհուպ՝ նրա մահվան։
Փաստաբանների վկայությամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումների ընթացքում գաղտնիությունը չի պահպանվում, ինչն օրենքի խախտում է։
«Մենք հնարավորություն չունենք շփվել նամակագրության միջոցով, ինչի դեպքում կարող էինք վստահ լինել, որ մեզ չեն գաղտնալսում։ Եթե մինչև հունվարի 6-ը խնդիրները չլուծվեն, և քրեակատարողական ծառայությունը շարունակի ոտնահարել քաղբանտարկյալի իրավունքները, մենք կդիմենք բողոքի ծայրահեղ միջոցների։ Թե կոնկրետ ինչպիսի քայլերի՝ այս պահին չեմ կարող հստակեցնել», - հայտարարել է Թութբերիձեն։
Ընդդիմադիր Միացյալ ազգային շարժման գործադիր քարտուղար Կոբա Նակոպիան նշում է, որ թեև իրենց առաջնորդը քաղաքական առումով լավ վիճակում է, «առողջության տեսանկյունից , սակայն, բավական թույլ է», բժիշկների կարիք ունի, պետք է նևրոլոգների մշտական հսկողության տակ լինի։
«Ֆիզիկապես Սաակաշվիլին շատ թույլ է, աչքը շարժելու հետ կապված խնդիրներ ունի։ Է՛լ ավելի է նիհարել։ Այսինքն՝ ավելի շատ քաշ է կորցրել, քան հացադուլի ընթացքում։ Դա ազդում է նրա ֆիզիկական վիճակի վրա։ «Վրացական երազանք»-ը փորձում է նրան վնաս հասցնել», - պնդում է ընդդիմադիր գործիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի կողմնակիցները դադարեցրել են հացադուլըՄի շարք ծանր հանցանքներում մեղադրվող և որոշ քրեական գործերով արդեն ազատազրկման դատապարտված Վրաստանի երրորդ նախագահին ազատ արձակելու պահանջով նրա կուսակիցները զանգվածային հացադուլ էին հայտարարել ։ Շուրջ մեկ շաբաթ անց ընդդիմադիր ակտիվիստները որոշեցին հրաժարվել բողոքի այդ ձևից իրենց առաջնորդի խնդրանքով՝ հակառակ դեպքում Սաակաշվիլին, ինչպես հայտարարում էր, նույնպես կմիանար հացադուլին։ «Չէր կարելի թույլ տալ, քանի որ նրա դեպքում դա կարող էր հանգեցնել մահվան», - հայտարարել է ընդդիմադիր ընդդիմադիր ուժի առաջնորդ Նիկա Մելիան՝ հավելելով, որ որոշում են կայացրել անցնել պայքարի հաջորդ փուլին՝ «տարատեսակ եւ ոչ բռնի քայլերի»։ Պայքարը կշարունակեն այնքան ժամանակ, «մինչև Վրաստանում հաղթի արդարությունը և վերջ տրվի քաղաքական արդարադատությանը»։
Մելիայի կուսակից Խաթիա Դեկանոիձեն էլ հայտնել է, որ կուսակցությունը նույնիսկ պատրաստ է դադարեցնել ամիսներ շարունակվող բոյկոտը և վերադառնալ բարձրագույն օրենսդիր մարմին, եթե Սաակաշվիլիի գործը քննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծվի։
Ոչ այս, ոչ էլ ընդդիմադիրների մյուս պահանջներին Վրաստանի իշխող կուսակցությունն առայժմ չի արձագանքել։
Վրաստանի իշխանությունները, մինչ այդ, ստիպված կլինեն առավել համոզիչ պարզաբանումներ ներկայացնել հանրությանը, միջազգային գործընկերներին, թե ինչու են հապշտապ կերպով լուծարել Պետական տեսչական ծառայությունը, որը համարվում էր իշխանություններին չենթարկվող եզակի պետական կառույցներից մեկը։ Այս ծառայությունը, որն իրավասու է հետաքննել ոստիկանության չարաշահումները և պաշտպանել տվյալների գաղտնիությունը, պատահական չէ հայտնվել Վրաստանի իշխանությունների տեսադաշտում։ Հենց այս կառույցն էր կոշտ գնահատականներ հնչեցրել Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու ընթացքում նկարահանված աղմկահարույց տեսանյութի տարածման վերաբերյալ՝ պնդելով, որ այդ քայլով իշխանությունները ոտնահարել են «Անձնական տվյալների մասին» օրենքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին ծայրահեղ վիճակում է, փաստում է բժիշկների խումբը«Պետական տեսչության ծառայությունը հետաքննություն էր սկսել նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստով։ Այս քայլը [ծառայության լուծարումը], որը Իվանիշվիլիի ռեժիմն անվանում է վերակառուցում և բարեփոխում, իրականում այդ հետաքննությունը դադարեցնելու և այն մարդուն հանձնելու մասին է, որը երբեք չի պարզի ճշմարտությունը», - հայտարարել է Միացյալ ազգային շարժման առաջնորդներից Թինա Բոկուչավան։
«Վրացական երազանք»-ի որոշումը կոշտ քննադատություն է հարուցել հատկապես Թբիլիսիի միջազգային գործընկերների շրջանում։ Հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ պնդելով, որ հանրությանն այդպես էլ չներկայացվեց որևէ հիմնավոր պատճառ, թե ինչու պետք է այդ գործողությունները հապճեպ իրականացվեին առանց պատշաճ խորհրդակցության։
«Միտումնավոր, թե ոչ, իշխող կուսակցությունը հասկացրեց, որ կառավարության նկատմամբ անկախ վերահսկողություն իրականացնող կամ չհամաձայնող քայլերը, նույնիսկ եթե օրենքով են գործում, կենթարկվեն ճնշումների, կարգապահական գործողությունների կամ պաշտոնանկությունների», - հայտարարել է ԱՄՆ դեսպանությունը։