Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ծայրահեղ վիճակում է, փաստում է բժիշկների խումբը


49-րդ օրը հացադուլը շարունակող Միխեիլ Սաակաշվիլին ծայրահեղ վիճակում է․ նրա մոտ ախտորոշվել են մի շարք հիվանդություններ՝ այդ թվում լյարդային անբավարարություն, զարգացող հիպոկալեմիա, ինչը կարող է հանգեցնել սրտի կանգի, սակավարյունություն, ստամոքսի արյունահոսության հավանականություն: Այս մասին հայտարարում է բժիշկների խումբը, որն այցելել է բանտային հիվանդանոցում պահվող քաղաքական գործչին և հետազոտել նրան։

Վրաստանի ժողովրդական պաշտպանի նախաձեռնությամբ կազմված տարբեր ոլորտներում մասնագիտված բժիշկների խումբը փաստում է՝ նախկին նախագահն իսկապես ավելի քան մեկ ամիս սնունդ չի ընդունել։

Մասնագետները նախազգուշացնում են՝ Սաակաշվիլիի մոտ հայտնաբերված ախտանիշներն առաջիկայում կարող են ավարտվել էպիլեպտիկ կարգավիճակով կամ կոմայով, ստամոքսային արյունահոսությամբ, լյարդային, սրտային անբավարարությամբ։

Նույնիսկ հացադուլի դադարեցման դեպքում նախկին նախագահի մոտ, ինչպես եզրահանգել են բժիշկները, առողջական լրջագույն խնդիրների վտանգ կա՝ մինչև անգամ սրտի կանգի։

Սաակաշվիլիին հետազոտելուց բացի, մասնագետներն ուսումնասիրել են նաև Գլդանի քաղաքի բանտային հիվանդանոցի պայմանները, որոնք կասկածի տակ են դնում նախկին նախագահի հազարավոր աջակիցներ և ամենօրյա բողոքի ցույցերով իշխանություններից պահանջում են տեղափոխել նրան քաղաքացիական հիվանդանոց։

Բժիշկների խումբը վերահաստատել է՝ այդ բանտային հիվանդանոցը չի համապատասխանում այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են հացադուլը շարունակող Միխեիլ Սաակաշվիլիի բուժման համար, և հիվանդի վիճակի վատթարացման դեպքում տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություններ չկան։ Վտանգները չեզոքացնելու համար բժիշկները իշխանություններին խորհուրդ են տալիս նախկին նախագահին անհապաղ տեղափոխել բազմաֆունկցիոնալ հիվանդանոց և տեղավորել նրան վերակենդանացման բաժանմունքում։

Վրաստանի երրորդ նախագահը առողջական խնդիրների վատթարացման պատճառով Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից Գլդանիի կալանավորների համար նախատեսված հիվանդանոց է տեղափոխվել իր կամքին հակառակ։ Ընդ որում, կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Սաակաշվիլիին կիսամերկ քարշ տալիս դեպի հիվանդասենյակ, մեկ այլ դրվագում էլ նա հրաժարվում է իջնել շտապօգնության մեքենայից, լսվում են նախկին նախագահի հայհոյանքները շտապօգնության աշխատակիցների հասցեին՝ «բռնապետի ծառաներ», «Պուտինի ստրուկ», «Իվանիշվիլիի ստրուկներ»։

Վրաստանում և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությունը հարուցած այդ տեսանյութի բովանդակությունը և դրա հրապարակումը մեկ շաբաթ անց որոշել է դատապարտել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ կոչ անելով գործադիր իշխանությանը չոտնահարել կալանավոր Սաակաշվիլիի պատիվն ու արժանապատվությունը։

Վրաստանի նախագահի թիմի ներկայացուցիչը մինչդեռ՝ իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե իշխանությունը որևէ պատասխանատվություն չի կրում հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի համար։

Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին՝ ութնամյա բացակայությունից հետո հայրենիք վերադառնալուն պես։ Պաշտոնաթողությունից հետո Սաակաշվիլիի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել, և երկու գործով դատարանը նրան հեռակա ազատազրկման է դատապարտել 9 տարի ժամկետով։ Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր ուժն առաջնորդող քաղաքական գործչի դեմ ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է, երբ նա արդեն բանտում էր՝ պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG