Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին առողջական վիճակի վատթարացման հետևանքով ներկա չի լինի իր գործով դատական նիստին


Ցույց Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով, Թբիլիսի, 21 դեկտեմբերի, 2021թ.
Ցույց Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով, Թբիլիսի, 21 դեկտեմբերի, 2021թ.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վատառողջ է և չի մասնակցի դատական նիստին: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին:

«Որքան ինձ հայտնի է, պարեկների ջոկատը նրան հիվանդանոցից չի վերցրել, ուստի նա ներկա չի լինի այսօրվա նիստին, պատճառն առողջական վիճակի վատթարացումն է», - ասել է փաստաբանը:

Գործը հարուցվել է Վրաստանի պետական սահմանն ապօրինի եղանակով հատելու հոդվածով, մեղադրանքն առաջադրվել է հոկտեմբերի 20-ին: Քննիչների պնդմամբ՝ նախկին նախագահը սեպտեմբերի 28-ին Ուկրաինայից կաթնամթերք փոխադրող բեռնատարում թաքնվելով է ժամանել Վրաստան:

Այդ գործով մեղադրվում է ևս չորս անձ: Նրանք, ըստ Վրաստանի գլխավոր դատախազության, օգնել են Սաակաշվիլիին տեղափոխվել երկրի տարածքում: Սակաաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին մայրաքաղաք Թբիլիսիում:

Այդ գործով նա կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման: Վրաստանի նախկին ղեկավարի նկատմամբ գործեր են հարուցվել են ևս չորս հոդվածներով, որոնցից երկուսով նա հեռակա կարգով արդեն դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման:

Բացի այդ, ևս երկու գործ նախաքննության փուլում է, դրանցից մեկով Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հրաման արձակելու, մյուսով էլ՝ «Իմեդի» հեռուստակայանի գրասենյակի վրա հարձակում կազմակերպելու, ինչպես նաև 9 միլիոն լարիի (3 միլիոն դոլարի) չափով պետական միջոցներ մսխելու համար:

Վրաստանի նախկին նախագահը հայրենիք է վերադարձել ՏԻՄ ընտրությունների նախօրեին, պնդելով, որ իր առաջնորդած շարժումը կհաղթի և գործող իշխանությանը հրաժարական կպարտադրի: Ընդդիմությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում:

Սաակաշվիլին ձերբակալվելու օրը հացադուլ է հայտարարել: Նոյեմբերի 20-ին նրան բանտի հիվանդանոցից փոխադրել են Գորիի զինվորական հոսպիտալ: Ընդդիմությունը նրա ձերբակալությանն արձագանքել է բողոքի բազմահազարանոց ցույցերով:

Մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարներ, ինչպես նաև քաղաքական և իրավապաշտպան կազմակերպություններ պաշտոնական Թբիլիսիին կոչ են արել ազատել Սաակաշվիլիին կամ նրան փոխադրել քաղաքացիական հիվանդանոց:

Սաակաշվիլին դադարեցրել է երկարատև հացադուլը և այս պահին բուժում է ստանում հոսպիտալում:

XS
SM
MD
LG