Մատչելիության հղումներ

Վրաստանի կառավարությունը հաստատեց՝ Սաակաշվիլին կրկին Ռուսթավիի բանտ է տեղափոխվել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, 2-ը դեկտեմբերի, 2021թ․
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, 2-ը դեկտեմբերի, 2021թ․

Վրաստանի կառավարությունը հաստատեց՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գորիի ռազմական հոսպիտալից տեղափոխվել է Ռուսթավիի բանտ։

«Հասարակության մեծ հետաքրքրությունից ելնելով` պարզաբանում ենք, որ այս տարվա դեկտեմբերի 30-ին դատապարտյալ/մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլին պաշտպանության նախարարության Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալից օրենքով սահմանված կարգով տեղափոխվել է թիվ 12 քրեակատարողական հիմնարկ», - ասվում է Վրաստանի քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։

Սաակաշվիլին Գորի քաղաքի ռազմական հոսպիտալում վերականգնողական բուժում էր ստանում 50-օրյա հացադուլից հետո։ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ նախկին նախագահն անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո կվերադառնա Ռուսթավիի բանտ, որտեղ պահվում էր հոկտեմբերին 1-ին կալանավորվելուց հետո։

Պաշտոնական Կիևը Վրաստանի իշխանություններին կոչ էր արել չվերադարձնել բանտ նաև Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Սաակաշվիլիին, քաղաքական գործչի փաստաբաններն էլ հայտարարում էին, որ իրենց պաշտպանյալի առողջական վիճակը պահանջում է շարունակել բուժումը ։

XS
SM
MD
LG