Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի՝ շուրջ երկու հարյուր աջակիցներ հացադուլ են սկսել՝ նրա ազատ արձակման պահանջով


Ցույցեր Թբիլիսիում Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով
Ցույցեր Թբիլիսիում Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով

Միխեիլ Սաակաշվիլին և նրա առաջնորդած «Միացյալ ազգային շարժումը» նոր մարտահրավեր են նետում վրացական իշխանություններին․ երրորդ նախագահի շուրջ երկու հարյուր աջակիցներ հացադուլ են սկսել՝ նրա ազատ արձակման պահանջով։

Իշխող ուժը ընդդիմադիրների նոր ռազմավարությանը հեգնանքով է արձագանքում նաև պնդում, որ աջակիցների օգնությամբ Սաակաշվիլին փորձում է շանտաժի ենթարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որպեսզի վերջինս համաներում շնորհի նրան։ Ընդդիմադիր առաջատար ուժի զանգվածային հացադուլը չի ողջունել նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Իրեն ազատ արձակելու պահանջով հացադուլ հայտարարած աջակիցներին Միխեիլ Սաակաշվիլին համեմատում է Վրաստանի անձնուրաց պատմական հերոսների հետ։ Իսկ այդպիսիք, ըստ Սաակաշվիլիի, շատ են։ «Ինչպես տեղեկացա, հարյուրավոր նոր մարդիկ միանում են զանգվածային հացադուլին ողջ Վրաստանում», - Ֆեյսբուքում գրել է Վրաստանի կալանավորված առաջնորդը։

«Միացյալ ազգային շարժման» գրասենյակում հանուն իրենց քաղաքական առաջնորդի հացադուլ հայտարարածները շուրջ երկու հարյուր հոգի են։ Նրանք տեղավորվել են կուսակցական գրասենյակի մուտքի մոտ տեղադրված վրաններում։

«Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում նրանց՝ հոգ տանել իրենց մասին և սննդային հավելումներ ընդունել», - երրորդ նախագահի մաղթանքն է փոխանցում ընդդիմադիր պատգամավոր Կոբա Նակոպիան՝ Գորիի հիվանդանոցում նրան այցելելուց հետո։

Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով զանգվածային հացադուլը մեկնարկեց երեքշաբթի օրը։ Ծայրահեղ այդ քայլին առաջինը դիմեց ընդդիմադիր ուժի առաջնորդ Նիկա Մելիան։

«Հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ, ծանր պայմաններում նման զանգվածային բողոքի ակցիաներ և հացադուլներ չեն եղել 1988 թվականից ի վեր։ Եվ, եթե իշխանություններից ինչ-որ մեկը, ինչպես և սպասվում էր, հեգնում է այս գործընթացը, ընդամենը հաշված օրերի ընթացքում կհասկանա՝ իր ծաղրը տեղին չէր »։

«Մենք չենք ծիծաղում այդ մարդկանց վրա»,- ի պատասխան հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն․ - «Մենք անհերքելի տեղեկություններ ունենք, որ այդ մարդիկ հացադուլ են անում իրենց առաջնորդի շանտաժի պատճառով։ Ոչ ոք, ոչ մեկին չի ծաղրում, բայց այն փաստը, որ 200 մարդ, կամ որքան ենք նրանք այնտեղ, հացադուլ են անում իրենց առաջնորդի շանտաժի պատճռով, տրագիկոմիկ իրադարձություն է»։

Ընդդիմադիրների զանգվածային հացադուլը դատապարտել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ հասկացնելով, որ չարժե սպասել, թե ինքը համաներում կշնորհի երրորդ նախագահ Սաակաշվիլիին։

«Կարելի էր գտնել քաղաքական պայքարի այլ ուղի»,- հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։ «Որևէ պարագայում չեմ կարող հավանություն տալ հացադուլին, դա շատ վատ է ազդում մարդու առողջության վրա։ Բայց սա անհատական, տվյալ դեպքում մարդու քաղաքական որոշում է։ Որպես հանրային պաշտպան, ես անկեղծորեն ցանկանում եմ, որ քաղաքական գործընթացը լինի խորհրդարանում» ,- հայտարարել է Լոմջարիան։

XS
SM
MD
LG