Վարչապետի սպանությունը նախապատրաստելու հոդվածներով Վանեցյանի և մյուսների դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը բողոքի ցույցերի ժամանակ, Երևան, նոյեմբեր, 2021թ.

Ազգային անվտանգության ծառայությունը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է վարչապետի մահափորձը նախապատրաստելու համար մեղադրվող չորս ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումը։

Մեկ տարի տևած նախաքննության ընթացքում իրավապահները չեն ձեռք բերել բավարար ապացույցներ՝ հիմնավորելու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, հանրապետական Վահրամ Բաղդասարյանին, դաշնակցական Աշոտ Ավագյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ներկայացված մեղադրանքը։

Դեռ մեկ տարի առաջ Վանեցյանին և մյուսներին դատարանները հրաժարվել էին կալանավորել հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ։ Մինչդեռ մեկ տարի առաջ աղմկահարույց այս քրեական գործի մասին հայտնելիս ԱԱԾ-ն նաև հեռախոսային զրույց էր հրապարակել, որտեղ, իրավապահների պնդմամբ, մեղադրյալները քննարկում էին վարչապետի սպանության և դրա իրականացման տարբերակները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետի մահափորձի գործով անցնող Աշոտ Մինասյանը կալանավորվել է 

44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո հարուցված գործով մեկ օր ձերբակալման վայրում պահված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քրեական հետապնդումը շոու է որակում՝ պնդելով, թե աղետալի պարտությունից հետո դրանով Փաշինյանի թիմը փորձում էր պահել իշխանությունը։

«Հերթական շոուն էր, որը բեմադրվեց իմ նկատմամբ։ Դուք երևի տեսաք, որ ողջ ընթացքում՝ արդեն մեկ տարի է, իշխանությունները, իշխանության ներկայացուցիչները մշտապես բարձրաձայնում են, թե փորձում էին սպանել վարչապետին, դրանով արդարացնում էին Ազգային ժողովում զինված մարդկանց ներկայացվածությունը», - նշեց Վանեցյանը՝ մանրամասնելով. - «Երբ ասում էինք, որ Ազգային ժողովի պատգամավորի գործունեությունը չի կարող խոչընդոտել որևէ իրավապահ մարմին, որևէ ուժ գործադրվել, բացատրում էին նրանով, որ, ցույց էին տալիս իմ կողմ ձեռքով ու ասում՝ այս դահլիճում նստած են մարդիկ, որոնք փորձել են սպանել վարչապետին։ Այնինչ մենք տեսանք, որ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործը, և այդ շոուն, որը բեմադրվեց, իրականում, իրականության հետ որևէ աղերս չուներ»։

Մեկ տարի շարունակ մեղադրյալի կարգավիճակ ունեցած Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց` եռօրյա ձերբակալությունից հետո իրեն երբևէ չեն կանչել հարցաքննության՝ ասելով, թե նոր հանգամանքներ լինելու դեպքում կհրավիրեն։ Մինչդեռ իր անձնագիրը մեկ տարի գտնվել է ԱԱԾ-ում, Հայաստանիվ դուրս գալու իրավունք չի ունեցել. «Կինոն ավարտվեց, որևէ բան, և անընդհատ պատասխանում էին իմ փաստաբանին, որ նոր հանգամանքներ ի հայտ գալու ենք սպասում, նույնիսկ 6 ամիս առաջ Վճռաբեկ դատարանը բողքը չի ընդունել որպես վարույթ` հիմքերի բացակայության պատճառով, և վարույթ չընդունելով` սպասում ենք նոր հանգամանքների: Տարին արդեն լրացավ, վերջապես այդ որոշումը կայացրել են»:

Բաղդասարյանի փաստաբանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կքննարկեն հետագայում վնասի փոխհատուցման հարցը։ Ռուբեն Հակոբյանն ասում է՝ նման դեպքերում օրենքը գույքային և բարոյական վնասի գույքային փոխհատուցման հնարավորություն է տալիս. «Ճիշտ է` այս ընթացքում մի քանի անգամ անհրաժեշտ են եղել Հայաստանի Հանրապետության ներսում անձնագրի հետ կապված գործարքներ, վարույթ իրականացնող մարմինը տրամադրել է, բայց մշտապես գտնվել է քննիչի մոտ անձնագիրը, և ոչ միայն այդ հանգամանքով պայմանավորված, նաև ինչու չէ, հենց մեղադրանքի առկայությունը, այսքան ձգձգումները, ՀՀ ելքը արգելելը, նույնիսկ գրավոր դիմել ենք, թույլ չեն տվել Բաղդասարյանի ելքը Հայաստանից: Այդ ամբողջ գործընթացների հետ կապված մենք կքննարկենք և համապատասխան իրավական մեխանիզմներով կորոշենք` ինչ ենք անում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին, Աշոտ Մինասյանին

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է իշխանության յուրացման և վարչապետի սպանության նախապատրաստման դրվագներով, այնպես էլ մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով։ Մինասյանն այժմ մեղադրվում է միայն ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, կրելու համար և շուրջ մեկ ամիս գտնվում է կալանքի տակ։

Դատախազությունն ու ԱԱԾ-ն առայժմ հրապարակային պարզաբանումներ չեն ներկայացրել այս քրեական գործը կարճելու առնչությամբ։ Նոյեմբերի սկզբին «Ազատության» հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով ինչպես այս, այնպես էլ նոյեմբերի 9- գիշերը այն ժամանակ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի ծեծի գործի քննության դանդաղ ընթացքին, ասել էր՝ երկու դեպքում էլ գործ ունեն մեծածավալ քննության հետ. - «Գործը բազմադրվագ է եղել, ծավալուն գործողություններ են շարունակվել, և դրանք ընթանում են այսօր էլ, շատ ակտիվ ձևով ընթանում են։ Մյուս գործով, գիտեք, անընդհատ դատական պրոցեսների մեջ էինք՝ հիմնականում այդ խափանման միջոցների հետ կապված, բնականոն, այսպես ասած, հունով շարունակվել է»։

Օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազը վեցամսյա ժամկետում կարող է նոր քննություն սկսելու ցուցում տալ։ Դատախազությունը, սակայն, չի բացահայտում, թե ինչպես կվարվի այս գործի դեպքում՝ այն վերջնականապես կփակվի, թե նոր քննություն կսկսվի։