Մատչելիության հղումներ

Ազատ է արձակել վարչապետի սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Աշոտ Ավագյանը


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում
Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը գիշերը ազատ է արձակել օրերս ձերբակալված, իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանին։

Ավելի վաղ ազատ էին արձակվել նույն հոդվածներով մեղադրվող «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և նախկին իշխող ուժի՝ Հանրապետականի խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը։

Փաստաբան Վահե Արմենակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դատարանը ոչ իրավաչափ է որակել Աշոտ Ավագյանի ձերբակալությունը, միաժամանակ մերժել է ԱԱԾ միջնորդությունը մեղադրյալին կալանավորելու մասին։

Գործով անցնող չորրորդ մեղադրյալի՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր բացարկ հայտնեց՝ հրաժարվելով այս գործից, «Ազատությանը» փոխանցեցին Մինասյանի փաստաբանները։ Դեռևս պարզ չէ, թե ով կքննի երեկ ձերբակալությունից ազատ արձակված Մինասյանին կալանավորելու հարցը։

Այս գործով անցնողներից ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

ԱԱԾ-ում քննվող քրեական գործով իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող Աշոտ Մինասյանն այսօր հրաժարվեց հարցազրույց տալ։ Թեև դատավորը իրավաչափ էր համարել նրա ձերբակալությունը, սակայն քանի որ լրացել էր 72 ժամը, Մինասյանը երեկ երեկոյան ազատ արձակվեց։

«Ազատության» հետ զրույցում Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը պնդեց, թե ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունը մոնտաժված է։ Նրա խոսքով, այդ մասին դատարանում գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն է հայտնել․ - «Սա նշանակում է մոնտաժված խոսակցություն, որը հաստատվել է նաև դատախազության կողմից դատական նիստի ընթացքում։ Եթե դուք ամբողջ խոսակցությունը լսեք, այն ամբողջությամբ այլ պատկեր է ձեզ ներկայացնելու։ Քրեական օրենսգրքի հատկանիշ պարունակելու համար մի շարք հանգամանքներ կան, այդ թվում նաև դիտավորության իրական և օբյեկտիվ իրավիճակը դրա ուղղությամբ։ Այսինքն՝ վերացարկված ցանկացած խոսակցություն, որը կարող եք դուք ունենալ, կարող է մեկ ուրիշը ունենալ, կարող են քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչներ ունենալ, սա ինքնին դեռ չի ենթադրում Քրեական օրենսգրքի ռեժիմ»։

ԱԱԾ-ն շաբաթ օրը հրապարակեց հեռախոսային մի ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալներ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։ Հրապարակված հատվածում խոսում են նույն արարքի համար մեղադրվող ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը և Աշոտ Մինասյանը։

Ներկայացնենք մի հատված այդ ձայնագրությունից․ Աշոտ Մինասյան (ըստ ԱԱԾ-ի) - Բանը, չե՞ք զգում, որ քայլելով, միտինգ անելով բան դուրս չի գա: Վահրամ Բաղդասարյան (ըստ ԱԱԾ-ի) - Կոնկրետ որոշում կա, ասենք, թե որն ա քայլն էլի: Աշոտ Մինասյան (ըստ ԱԱԾ-ի) - Հա, իրանք ուզում են պահեն, որ էտ ամեն ինչը...Մարդ չունե՞ք, որ մտնի իրա նույն զորքի մեջ, նույն իրա ախրանայի, անվտանգության, ասի` սենց ա վիճակը, այ լակոտներ, եկեք... Վահրամ Բաղդասարյան (ըստ ԱԱԾ-ի) - Աշխատում են:

Միևնույն ժամանակ, ըստ ԱԱԾ-ի, Աշոտ Մինասյանը խոսել է նաև դաշնակցական Աշոտ Ավագյանի հետ։ Ձայնագրությունից․ - «Ես Վանեցյան Արթուրին եմ հանդիպել, էլի մարդիկ կան, որ հանդիպել եմ։ Էդ ․․․ չի ուզում գնա, արդեն պլան ա մշակված, թե ինչ կարգով են տալու․ Շուշին իրանց, Հադրութն իրանց, Ղարաբաղին՝ կարգավիճակ, ճանապարհ, որ կարանք մտնենք Ղարաբաղ դուրս գանք։ - Դե Վանեցյանին ասեք, վեկալեք խփեք։ - Դե նոր էդ էինք խոսում։ - Ինչքան սուս եք անում, տենց ա, բնական ա»։

Փաստաբանի պնդմամբ, քննիչը մերժել է իրենց տրամադրել ձայնագրությունը այն դեպքում, երբ այն ԱԱԾ-ն հրապարակել էր՝ չպահպանելով նախաքննության գաղտնիությունը։ Ի վերջո, իր պաշտպանյալը չի խոսել վարչապետի անվտանգությունում մարդ ներդնելու և ինչպես մյուս մեղադրյալ Աշոտ Ավագյանն է ձևակերպում՝ «խփելու» մասին, որին էլ իր պաշտպանյալն արձագանքում է։ Վարդևանյանը պնդեց, թե այդ հատվածը նույնպես մոնտաժված է, բառեր կան, որ հաստատ հանված են։

Մինչդեռ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս գործով մեղադրյալ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կալանավորման հարցի դատական նիստին դատախազը պարզաբանել է, որ դատարանին ներկայացված զննության արձանագրությունը արտահայտում է խոսակցության ամբողջական բովանդակությունը, իսկ հաղորդագրության մեջ առկա ձայնագրությունը ամբողջական չէ, քանի որ վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության շահերից ելնելով, հնարավոր է համարել հրապարակել խոսակցության մի մասը։ Սակայն Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը չկարողանալով դատարանում վիճարկել զննության արձանագրությունը՝ որոշել է հրապարակայնորեն վիճարկել հրապարկված ձայնագրության իսկությունը։ Այնինչ Սահակյանի մատնանշած մոնտաժի արդյունքում ոչ թե խեղաթյուրվել է խոսակցության բովանդակությունը կամ առավել ևս ավելացվել հատվածներ, այլ դրանում առկա և դատարանին ներկայացված որոշ տվյալներ պարզապես չեն հրապարակվել, փոխանցում են դատախազությունից։

XS
SM
MD
LG