Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին, Աշոտ Մինասյանին


Արթուր Վանեցյան, արխիվ
Արթուր Վանեցյան, արխիվ

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Երեկ նրանք, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանը ձերբակալվել էին՝ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու գործողությունները նախապատրաստելու համար։

Երեքն էլ մեղադրանքը չեն ընդունում։ Փաստաբանները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մեղադրվում է իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Փաստաբան Լուսինե Սահակյանը ապօրինի է որակում մեղադրանքը։

«Մեղադրանքի բովանդակությունն ակնհայտ անհասկանալի է, մեղադրանքի էությունը չի էլ պարզաբանվել։ Վանեցյանը, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել։ Մենք պահանջել ենք առերեսում կատարել բոլոր այն անձանց հետ, ովքեր հնարավոր է վկայած լինեն իր դեմ, բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել այս մեղադրանքն առաջադրելու համար, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր փաստարկները, որովհետև մենք չենք պատկերացնում, թե ընդհանրապես ինչի՞ մասին է խոսքը գնում, որպեսզի կարողանանք պատշաճ փաստարկներ ներկայացնել», - ասաց Սահակյանը։

ԱԱԾ-ն երեկ հրապարակեց հեռախոսային խոսակցության մի ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալ, նախկին իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։

Իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող Վահրամ Բաղդասարյանի փաստաբանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ որևէ փաստ չկա, որ Բաղդասարյանը նման հանցագործություն է նախապատրաստել։ Կա միայն հայտնի ձայնագրությունը։

Փաստաբան Վահագն Գասպարյանն ասում է՝ Վահրամ Բաղդասարյանը ձայնագրության մեջ նշված Աշոտ Ավագյանի և Աշոտ Մինասյանի հետ ծանոթ չէ։

Հարցին, թե Բաղդասարյանը խոսել է նրանց հետ, փաստաբանը պատասխանեց. - «Ես տվյալների հրապարակման մասին ձեռնպահ կմնամ, դրանով բան չեմ ասի, դա իր իրավունքն է, եթե կուզի, կհայտարարի։ Հետաքրքիր է, որ Աշոտ Մինասյան անունով անձին առաջին և վերջին անգամ երկու օր առաջ է տեսել պարոն Բաղդասարյանն, ընդ որում, բերման ենթարկվածի կարգավիճակով՝ հարկադրված, այսինքն ոչ նախապատրաստել է իր հետ հանդիպում և այլն»։

Մինչդեռ, ըստ ԱԱԾ-ի ձայնագրության, մեղադրյալները քննարկել են վարչապետի սպանության և դրա կատարման տարբերակները, այդ թվում՝ և Ազգային անվտանգության ծառայությունում իրենց վստահելի մարդկանց ներդնելը և հանցանքի կատարման համար խոչընդոտները վերացնելու հարցերը։ Սակայն, նրանց գործողություններն ավարտին չեն հասցվել՝ նրանց կամքից անկախ հանգամանքներով։

Մեղադրանքից մի հատված են հրապարակել Վանեցյանի փաստաբանները։ ԱԱԾ հրապարակած հեռախոսային զրույցում Աշոտ Մինասյանը դաշնակցական Աշոտ Ավագյանին հայտնում է, որ հանդիպել է Արթուր Վանեցյանին։

- Ես Վանեցյան Արթուրին եմ հանդիպել, էլի մարդիկ կան, որ հանդիպել եմ։ Էդ ․․․ չի ուզում գնա, արդեն պլան ա մշակված, թե ինչ կարգով են տալու․ Շուշին իրանց, Հադրութն իրանց, Ղարաբաղին՝ կարգավիճակ, ճանապարհ, որ կարանք մտնենք Ղարաբաղ դուրս գանք։

- Դե Վանեցյանին ասեք, վեկալեք խփեք։

- Դե նոր էդ էինք խոսում։

- Ինչքան սուս եք անում, տենց ա, բնական ա։

Վանեցյանի փաստաբանները պահանջում են բացահայտել, թե ովքեր են հեռախոսային խոսակցություն ծավալողները։ «Այդ անձանց հետ կազմակերպել առերեսում, որպեսզի, եթե այդ անձը նկատի ունի կոնկրետ Արթուր Վանեցյանին, հասկանալի լինի, թե ինչի մասին է ինքն ընդհանրապես խոսում։ Եթե նա կպնդի, որ Վանեցյանն ինչ-որ հնարավոր հանցագործության հետ առնչություն ունի, մենք կարողանանք հարցեր տալ այդ անձին, եթե այդպես չէ, մենք կարողանանք հարցեր ուղղել այն անձին, ով կկարողանա վկայել Արթուր Վանեցյանի անմեղությունը», - ասաց Սահակյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր իրավաչափ համարեց Աշոտ Մինասյանի ձերբակալությունը։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարում է․ - «Շատերի մոտ տպավորություն առաջացավ, որ կարևոր հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ, կամ երկու օր առաջ։ Գիտե՞ք, երբ է տեղի ունեցել այդ խոսակցությունը, նոյեմբերի 9-ին, ժամը 14։30-ին։ Նոյեմբերի 9-ին 305-րդ հոդվածի նախապատրաստողը և 300-րդ հոդվածի նախապատրաստողը, նոյեմբերի 10-ին,11-ին մասնակցում է հանրահավաքի, նոյեմբերի 13-ին լինում է իր գյուղում՝ իր ընկերների հետ, մեզ իսկապես լրջանալ է պետք։ Բովանդակություն չկա»։

Դատարանները քննում են նաև Վահրամ Բաղդասարյանի և Արթուր Վանեցյանի ձերբակալման մասին որոշումների իրավաչափության հարցը։

Օրերս իր ֆիզիկական ոչնչացման մասին ակնարկել էր վարչապետ Փաշինյանը. ժողովրդին հղած իր ուղերձում մասնավորապես ասել էր․ - «Փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է՝ ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG