Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց կալանավորել ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին և Արթուր Վանեցյանին


Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը, 16 նոյեմբերի, 2020թ.
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը, 16 նոյեմբերի, 2020թ.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն այսօր մերժեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը «Հանրապետականի» խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու մասին, ինչպես նաև անհիմն համարեց երկու օր առաջ Բաղդասարյանին ձերբակալելու որոշումը։

Նույն դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը միևնույն ժամանակ մերժեց կալանավորել ԱԱԾ տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արթուր Վանեցյանը ձերբակալությունից ազատ էր արձակվել երեկ։

Նախկին իշխող «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ազատ արձակվեց, երբ դատարանի որոշումը ներկայացվեց ԱԱԾ քննիչին։

«Դե բնականաբար, կոնտեքստից կտրված, իրենք հասկացան, և լրիվ իրավաչափ է այսօրվա որոշումը և իրավաբանական իրոք: Ես գոհ եմ: Ես այդ օրը գիտեք` քանի տասնյակ խոսակցություններ եմ ունեցել և պարզապես չեմ կարևորել, որ ֆիքսեմ, թե ինչ էր, բայց կամաց պարզաբանվեց, որ տարբեր խոսակցություններ կպցրած իրար և այլն: Համենայն դեպս, ինչևիցե ես որևէ բան հեռախոսով թաքուն չեմ խոսում, դրա համար բաց կապով եմ խոսում: Այն, ինչը եթերից եմ խոսում, այն էլ հեռախոսով եմ խոսում: Ես թաքցնելու ոչինչ չունեմ, և նույնն էլ դատարանում եմ ասել», - լրագրողներին ասաց Բաղդասարյանը:

Օրերս ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու հոդվածներով։ Այս գործով մեղադրանք է առաջադրված ինչպես Վահրամ Բաղդասարյանին, այնպես էլ երեկ ձերբակալությունից ազատ արձակված Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանին։ Վերջին երկուսն այս պահին ձերբակալված են։

ԱԱԾ-ն շաբաթ օրը հրապարակեց հեռախոսային խոսակցության մի ձայնագրություն, որտեղ ըստ իրավապահների` խոսում են այս գործով մեղադրյալ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի` նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։

Ներկայացնում ենք հատվածներ ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունից.

Վահրամ Բաղդասարյան (ըստ ԱԱԾ-ի) - Դե էտ արդեն էգուց` ժամը 2-ին, կկոնկրետացնենք, 4-ին միտինգ ենք անում նորից, մեծ, ինչքան հնարավոր է, տեսնենք` ինչ կարանք անենք: Արդեն պիտի քայլեր անենք էլի, մի հատ մի քանի տարբերակներ կան, լա տեսնենք, վաղը 2-ին քննարկենք:

Աշոտ Մինասյան (ըստ ԱԱԾ-ի) - Բանը, չե՞ք զգում, որ քայլելով, միտինգ անելով բան դուրս չի գա:

Վահրամ Բաղդասարյան (ըստ ԱԱԾ-ի) - Կոնկրետ որոշում կա, ասենք, թե որն ա քայլն էլի:

Աշոտ Մինասյան (ըստ ԱԱԾ-ի) - Հա, իրանք ուզում են պահեն, որ էտ ամեն ինչը...Մարդ չունե՞ք, որ մտնի իրա նույն զորքի մեջ, նույն իրա ախրանայի, անվտանգության, ասի` սենց ա վիճակը, այ լակոտներ, եկեք...:

Վահրամ Բաղդասարյան (ըստ ԱԱԾ-ի) - Աշխատում են:

«Ազատության» հարցին` նման խոսակցություն ունեցե՞լ է Աշոտ Մինասյանի հետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եկեք մանրամասներին, դա քննչական, էսպես ասած, հետաքննության....Նիկոլին խփելու համար և բաց կապով այդ օպերացիան մշակում եմ, որից հետո ասում եմ` 2-ին էգուց գնում ենք 17 կուսակցությունների հետ հավաքվելու, էտտեղ էլ ասել ենք, թե Նիկոլին ոնց ենք խփելու, դա աբսուրդ է»:

Եթե չի ճանաչել Աշոտ Մինասյանին, ինչպե՞ս է նրա հետ հեռախոսազրույց ունեցել, ՀՀԿ խորհրդի անդամն այս հարցին այսպես պատասխանեց. «Զանգը եղել է մեր այդ ծանոթությունից հետո, երբ որ ինքը սկզբում ինձ մոտեցավ, նույնիսկ ասաց` ինչո՞ւ եք ինձ բերման ենթարկել, երևի տեսքս ոստիկանի էր: Ես կոշտ պատասխանեցի, նոր ներկայացրին, թե ինքը ով է, սիրտը մի փոքր վատառողջ էր, ես, բնականաբար, օգնություն ցուցաբերեցի, բարձրացանք, 3 ժամ անց ենք կացրել միասին ոստիկանությունում»:

Այսօր ձերբակալությունից ազատ արձակվեց նաև Աշոտ Մինասյանը՝ ձերբակալության համար սահմանված 72 ժամը լրանալուց հետո։ Դատավոր Մարինե Մելքոնյանը երեկ մերժել էր նրան ազատել ձերբակալությունից։ Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը պնդեց, որ երեկ պաշտպանյալին ձերբակալելու որոշումը ուժի մեջ թողած դատավոր Մարինե Մելքոնյանը ահաբեկման միջավայրում է այն կայացրել։ Մինչդեռ նույն այս դատավորը երեկ ձերբակալությունից ազատ արձակեց Վանեցյանին։ Միևնույն ժամանակ դատարանը քննում է ԱԱԾ միջնորդությունը` Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին։ Որոշում դեռևս չի կայացվել։

Նմանատիպ միջնորդություն ներկայացվել է նաև մյուս մեղադրյալի՝ դաշնակցական Աշոտ Ավագյանին կալանավորելու վերաբերյալ։ Դեռևս դատական նիստ չի կայացել։

Դատավորների այս որոշումներին երեկ նախորդել էր Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, որում նա կոչ էր արել դատավորներին իրենց առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով։ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- գրել է Վարդազարյանը, ըստ էության, ակնարկելով 1 տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որակումը դատավորների հասցեին։

Վարդազարյանի այս հայտարարությունից հետո ձերբակալությունից ազատ արձակվեցին Արթուր Վանեցյանն ու Վահրամ Բաղդասարյանը։

2019-ին «Ազատության» հետ զրույցում ԲԴԽ նախագահը, անդրադառնալով վարչապետի կոշտ որակմանը, ասել էր. «Բավականին աշխատանք կատարվեց, զանազան տեքստեր գրվեց, հետո որոշվեց քաղաքական հայտարարություններին չարձագանքել, ես գտնում եմ, որ միգուցե բառակապակցությունը փոքր-ինչ կոպիտ էր, բայց երբ որ զուտ դատավորներն են իրար մեջ զրուցում, նրանք էլ են հասկանում` ում նկատի ուներ վարչապետը, ինչի համար ասաց և ոնց ասաց»։

XS
SM
MD
LG