Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, որոնցով մերժվեցին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները նրանց կալանավորելու վերաբերյալ։
Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ չորրորդ գործչի՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբեյալ որոշումը ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը։
ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանի, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանի նկատմամբ՝ իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։
Նրանք չեն ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով քաղաքական հետապնդման մասին։
ԱԱԾ-ն շաբաթ օրը հրապարակեց հեռախոսային մի ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալներ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։
Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։
Հրապարակված հատվածում խոսում են ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Ավագյանը և Աշոտ Մինասյանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունից հետո, հիշեցնենք, ընդդիմությունը նախաձեռնեց հանրահավաքներ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։