Թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչու պաշտոնանկ արեց Պաշտպանության նախարարին, եթե Զինված ուժերի անմիջական հրամանատարը Գլխավոր շտաբի պետն է, իսկ նախարարը պատասխանատու է պաշտպանական քաղաքականության մշակման համար, տակավին հայտնի չէ։
Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ Պաշտպանության նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գործառույթների նշված տարբերությունը ամրագրված է «Պաշտպանության մասին» օրենքում դեռ 2008 թվականից։
«Զորային կառույցի ղեկավարը Գլխավոր շտաբի պետն է, ինքն է անմիջապես զորքերը ղեկավարում։ Հիմա պետք է հարց տալ այսօրվա իշխանության ղեկավարությանը. իրենք հասկանո՞ւմ են՝ ով է քաղաքական ղեկավար պաշտոնատար անձը, ով է պատասխանատու ռազմաքաղաքական իրավիճակի, պաշտպանական քաղաքականությանը և նաև զորքերի մատակարարման, իսկ ով է անմիջական պատասխանատուն զորքերի կառավարման։ Երբ որ իրենք էդ ամեն ինչը հասկանան, իրենք դրան համահունչ էլ որոշումներ կընդունեն», - ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Անվտանգության խորհրդի երեկվա նիստում վարչապետը հակիրճ ներկայացրեց Արշակ Կարապետյանի պաշտոնանկության պատճառը. - «Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անվտանգության խորհուրդը քննարկել է ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժման փաստըԱյսօր խորհրդարանում իշխանական պատգամավորները ուղղակի հրաժարվում էին պատասխանել «Ազատության» հարցերին։
Ազգային ժողովի իշխանական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում փաստորեն սոսկ կրկնեց Փաշինյանի խոսքերը. - «Ես ինչպես ասացի, այս որոշումը իրավիճակի և տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունք է, և Դուք իրավացիորեն նշեցիք, որ պաշտպանության նախարարը մշակում է քաղաքականությունը։ Ճիշտ եք, որ զորքի անմիջական կառավարումը չի իրականացնում, բայց որոշում է քաղաքականությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ նիստում Փաշինյանը հաստատեց ադրբեջանական առաջխաղացումը. պաշտպանության նախարարը պաշտոնանկ արվեցԱյս ամենի ֆոնին երեկ «Հրապարակ» պարբերականը հանդես եկավ տեղեկությամբ, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին նախորդ շաբաթ մեղադրանք է առաջադրվել հայտնի «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։ Գործը ԱԱԾ վարույթում է, և այսօր այնտեղից «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ հետևեք պաշտոնական լրահոսին։
Կապվեցինք նաև փաստաբան Մնացական Մարուքյանի հետ, ով մինչև 2016-ը եղել է ԱԱԾ քննչական վարչության պետ և ով, ըստ «Հրապարակի», ներկայացնում է Արտակ Դավթյանի շահերը։
«Դեռևս տեղեկություն չունեմ էդ գործից, ևս պաշտոնապես ներգրավված չեմ», - «Ազատությանն» ասաց Մնացական Մարուքյանը։