«Մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, և մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացնելով պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին:
Փաշինյանը հավելել է նաև, որ երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում է՝ ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար՝ ընդգծելով՝ «մենք գնալու ենք այդ ճանապարհով»:
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, այսօր հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց, նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից։
Կարապետյանի հրաժարականին նախորդել էին միջադեպեր․ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդեց Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Երկու կողմերն էլ նշում են, որ տուժածներ չունեն:
Ընդգծելով, որ կայացրել է քաղաքական կարևոր որոշում, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք՝ մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ Պաշտպանության նախարարի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակը ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար, միևնույն ժամանակ պարոն Պապիկյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեց իմ որոշումը և փոխվարչապետի պակաս խոցելի կարգավիճակը, ըստ էության, փոխարինում է Պաշտպանության նախարարի շատ խոցելի կարգավիճակով»:
«2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեն խնդիր, որը կառավարության լուծելիության տիրույթում է և այդ խնդիրը չլուծվի: Այսպես լինելու է նաև սրանից հետո, չեմ ուզում ասել առավել ևս, որովհետև սրանից առաջ էլ պակաս չի եղել, բայց մենք կանգնած ենք մի շատ կարևոր և լրջագույն մարտահրավերի առաջ, որի լուծումը պարոն Կարապետյանը սկսել էր և համոզված եմ՝ պարոն Պապիկյանը հաջողությամբ կշարունակի:
Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը մեր երկրի պետական ամենամեծ օրգանիզմն է, և այդ օրգանիզմը պետք է լինի առողջ, ֆունկցիոնալ առումով արդյունավետ, և որոշումները պետք է լինեն խորը, հիմնավորված, բխեն մեր ռազմական և ռազմավարական կարիքներից: Այս առումով ուզում եմ հենց այս նրբությունն ընդգծել, որի շուրջ մենք պիտի շարունակենք աշխատել»,- հայտարարել է վարչապետը: