Պաշտոնական Բաքուն պնդում է, որ հայ զինվորականների 60 հոգանոց մի խումբ Սյունիքի Սև լճի տարածքում հայտնվել է շրջափակման մեջ, որից կարողացել է դուրս գալ միայն ռուսաստանցի սահմանապահների միջամտությունից հետո։ Այս մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ հայ զինծառայողները փորձել են վերահսկողության տակ առնել ադրբեջանական կողմում գտնվող միջդիրքային ճանապարհը։
«Որոշ ժամանակ անց այդտեղ է ժամանել Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներից մեկը, որը հայերին փաստացի շրջափակման մեջ է առել։ Դրանից հետո հայկական կողմը դիմել է ռուս սահմանապահներին և վերջիններիս՝ ադրբեջանական հրամանատարությանն ուղղված դիմումից հետո հայերին թույլ են տվել հեռանալ», - պնդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Տելեգրամյան ալիքներում լուսանկարներ ու տեսանյութ կա, որոնք վերնագրված են այսպես՝ «վայրը, որտեղ հայ զինծառայողները շրջափակման մեջ են հայտնվել ադրբեջանական զինուծի կողմից՝ Սև լճի մոտ»։
Սյունիք փոխմարզպետ Կարո Ավանեսյանը լուրը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ հորդորեց դիմել ուժային կառույցներին. - «Ես խնդրում եմ միայն ուժային կառույցներին այդ հարցումը արեք, մենք իրավունք չունենք, իրավասու չենք»:
Ուշ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հերքելով Բաքվի պնդումները և «բացահայտ ապատեղեկատվություն» որակելով դրանք:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ «Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈւ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈւ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է Հայաստանի Զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
Ավելի վաղ էլ, «Արմենպրես»-ի հետ զրույցում, ռազմական գերատեսչությունը հերքել էր ադրբեջանական Տելեգրամ ալիքներում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն, Սև լճի մերձակայքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և հայ զինծառայողները շրջափակման մեջ են հայտնվել՝ որակելով դա որպես «բացարձակ սուտ»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Ադրբեջանական Haqqin.az-ը, սակայն, հաղորդել էր, թե Սև լճի տարածք են ժամանել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարը և Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, որպեսզի «ապահովեն հայ զինծառայողների՝ շրջափակումից դուրս գալու միջանցքը»։
Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը, որոշ լրատվամիջոցների հետ զրույցում, այսօր ավելի վաղ հաստատել էր Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպը։ Քոչարյանը հստակեցրել էր՝ կրակոցներ, ընդհարումներ չեն եղել, բայց հայկական կողմը փորձել է իր դիրքերն ապահովել, նույնն էլ՝ ադրբեջանական կողմը, սակայն, փոխքաղաքապետի պնդմամբ, հայկական կողմը թույլ չի տվել հակառակորդի շարժը։
«Ընդամենը դիրքային փոփոխություններ են արել՝ ձմեռնամուտին համապատասխան։ Մեր տղաները բարձրացել են վերև, չեն թույլատրել, որ հակառակորդը նույնպես տեղաշարժ անի», - 24News-ին հայտնել էր Կարեն Քոչարյանը։
Սակայն մի քանի րոպե անց, երբ արդեն տարածվել էր պաշտպանական գերատեսչության հերքումը, Քոչարյանն այլևս սակավախոս էր. - «Ո'չ, չեմ կարող այդ հարցին պատասխանել, ներկա չեմ եղել, տենց դեպքեր չեն եղել, տենց ահազանգեր չեն եղել։ Չգիտեմ, և այլ, և այլ հարցեր․․․ ես մինչև հիմա պրոբլեմների մեջ եմ, էդ հարցը չտաք, խնդրում եմ»:
Ադրբեջանցի զինվորականները Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով առաջացել էին այս տարվա մայիսին։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ նրանք Հայաստանի ինքնիշխան տարածքում են և պետք է հեռանան այնտեղից։
Սև լճի տարածքում այս միջադեպը հաջորդեց Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ Արցախ ու Սև լիճ կատարած այցին։ Ադրբեջանը «սադրանք» էր որակել Կարապետի այցը Արցախ և զգուշացրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, թե «Ադրբեջանի տարածք նման անօրինական այցերի կրկնության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»։
Ստեփանակերտից վերադառնալիս՝ նոյեմբերի 7-ին, Կարապետյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, շրջել էր լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին։ Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին՝ պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը։