Այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար, այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պաշտոնյան շեշտեց՝ իրավական հիմք ունեցողը 20-ականների քարտեզն է։
«Քարտեզների միջև տարբերություն կա։ Քարտեզ ասելով, երբ մենք նկատի ունենք իրավական հիմքով քարտեզը, միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 20-ականների քարտեզն է, մի մասն ասում է՝ 26 թվականի, մի մասն ասում է՝ 29 թվականի։ Այս հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է», - մանրամասնեց Գրիգորյանը:
Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Խորհրդային Միության տարիներին սահմանագծման գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, և հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է այդ թվականների քարտեզը:
«Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել՝ 26-27-ին, ավարտվել է 29-ին, և դրանից հետո հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը», - նշեց նա:
Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր անդրադարձել հայ-ադրբեջանական սահմանագծման խնդիրներին՝ հայտարարելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, ասածը բացատրել այն հանգամանքով, որ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարծում եմ՝ միջանցք չի լինելու, ապաշրջափակումը Ադրբեջանը կներկայացնի որպես միջանցք. Էդմոն Մարուքյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենց խորհրդային քարտեզներով է հնարավոր լուծել սահմանների խնդիրը, Պուտինին գրել է ՍարգսյանըՀայկական կողմի համար որևէ խանգարող հանգամանք չկա սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու համար, շեշտեց Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նա հիշեցրեց, որ Հայաստանը պատրաստ է դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Հայկական կողմը սպասում է դրական ազդակի. «Սպասում ենք դրական ազդակ այդ մասով Ադրբեջանից, կարծես թե սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այդ մասով առաջ գնալ»:
Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասում է՝ տեղյակ չէ՝ արդյոք 29 թվականի քարտեզ կա Ռուսաստանի գլխավոր շտաբում, թե ոչ, իրեն էլ նման քարտեզ հայտնի չէ, ենթադրում է, ԱԽ քարտուղարը նկատի ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած 20-ականների վարչական բաժանումը. «Գյուղերի փոխանակումն արդեն տեղի էր ունեցել, երեք գյուղեր Ադրբեջանից Մեղրիիի շրջանում անցել էին Հայաստանում, իսկ Կարավանում 21 գյուղեր անցել էին Ադրբեջանին: Նախիջևանի տարածաշրջանում, ըստ Կարսի պայմանագրի, 5-6 գյուղեր, որոնցից մի քանիսը շատ մանր էին, մեծ էին Սուլթան Բեկը, Նորադիսը, Օղբինը, դրանք պետք է լինեին Նախիջևանի կազմում, բայց գտնվում էին Հայաստանի կազմում:
Նախիջևանը դրանց նկատմամբ պահանջ ներկայացրեց, սակայն դրանք Անդրկենտգործկոմի որոշմամբ մնացին Հայաստանի կազմում»:
Ըստ սովետական հանրագիտարանում հրապարակված քարտեզի՝ Շուռնուխն ամբողջովին Հայաստանի տարածքում է
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը տեղեկություն ունի, որ Խորհրդային միության Գլխավոր շտաբը քարտեզներ է կազմել 1923 և1929 թվականներին, թե դրանք ինչ տեսք ունեն, ասում է` հայտնի չէ։ Գիտի, որ հայկական կողմին մինչ այս պահը այդ քարտեզների օրինակները չեն տրվել, միայն սովետական հանրագիտարանում է այդ թվականների քարտեզ հրապարակվել։
«Միակ եզրակացությունը կարող է այն լինել, որ այս քարտեզը, որ 1926 թվի սովետական հանրագիտարանի մեջ է հրատարակված, նման է այն ժամանակվա 23 թվականի զինվորական շտաբի քարտեզին: Եթե այդպես է, այդ քարտեզի վրա արդեն բոլոր այդ տարածքները, որոնք ապագայում տրվել են Ադրբեջանին, նշված են Հայաստանի տարածքում, ինչպիսին է, օրինակ, Արծվաշենը, Ալ լճերը, Կապանի օդակայանի տարածքը: Ամենակարևորը այս քարտեզում ակնկլավներ գոյություն չունեն, Հայաստանի տարածքը ամբողջովին Հայաստանինն է, ոչ մի անկլավ չկա», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհների քարտեզը շուտով ամբողջովին կփոխվի․ իրանցի նախարարԸստ սովետական հանրագիտարանում հրապարակված քարտեզի՝ Շուռնուխն ամբողջովին Հայաստանի տարածքում է՝ 2 կմ խորությամբ, Հայաստանի տարածքում է նաև Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 21 կմ հատվածը, ասում է քարտեզագետը։
Գալչյանի ներկայացմամբ՝ այդ քարտեզն Հայաստանի համար ավելի ձեռնու է։ Բացատրում է՝ 26 թվականից հետո Ադրբեջանին Հայաստանից ավելի քան 1500 քառակուսի կիլոմետր տարածք է տրվել։
«Հենց այդ բոլոր տարածքներն են` Ալ լճերն են, Կապանի շրջանն է, Շուռնուխի շրջանը, Իշխանասարի շրջանն է, այս բոլորը ներառվում են այդ շրջանի քարտեզներում», - նշեց նա:
Իսկ 70-ական թվականների քարտեզներով, ըստ մասնագետի, ներկայիս իրավիճակն է, միայն այն փոփոխությամբ, որ դրանց համաձայն, Ադրբեջանը պետք է իր զինուժը հետ քաշի Սոթքի և Սև լճի տարածքից, ուր սահմանը հատել էր մոտ հինգ ամիս առաջ։