Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում, հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները պետք է որոշել հին խորհրդային քարտեզներով։ Ավելին՝ Սարգսյանը պնդել է, որ այդ գործընթացը հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության, և տեղեկացրել, որ ինքն ամիսներ առաջ անձամբ այս հարցով դիմել է Ռուսաստանի նախագահին:
«Այն ժամանակ [ռազմական գործողությունների դադարեցումից հետո] ես նամակ գրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին, որում միտք արտահայտեցի, թե հենց [խորհրդային] քարտեզներով է հնարավոր լուծել խնդիրը։ Թե չէ այնտեղ տարբեր վայրերում կողմերը, առաջին հերթին ադրբեջանական կողմը, ինչ-որ Google քարտեզներ են օգտագործում», - ասել է Հայաստանի նախագահը։
Արմեն Սարգսյանը հավելում է, թե վիրտուալ քարտեզներ օգտագործելու դեպքում ծրագրավորման հմտություններ ունեցող ցանկացած մարդ կարող է սահմանը «նկարել» ցանկացած վայրում։ Իրական քարտեզները, որոնց միջոցով կարելի է որոշել հայ-ադրբեջանական սահմանը, հին`ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության քարտեզներն են, ասել է նա։
Անցած շաբաթ էլ նույնը Ռուսաստանի նախագահն էր պնդել: «Վալդայ» ակումբում, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, Պուտինն ասել էր, թե հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հարցում երրորդ երկիր պետք չէ, և խնդիրը կարելի է կարգավորել Մոսկվայի միջնորդությամբ` օգտագործելով Ռուսաստանի գենշտաբում պահվող Խորհրդային Միության քարտեզները։
«Ճիտ չէ պայքարը նորից փողոց տեղափոխել»
ՌԲԿ-ին տված հարցազրույցում Հայաստանի նախագահը անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական հարցերին, պնդելով, թե հետպատերազմյան ճգնաժամը կարելի է հանգուցալուծված համարել` ընտրություններից հետո պայքարը փողոցներից տեղափոխվել է խորհրդարան, և այն, որ այդ ճգնաժամը հնարավոր է եղել հաղթահարել, Սարգսյանի կարծիքով, նշանակում է` Հայաստանը տապալված պետություն չէ։
Նախագահը նաև ակնարկել է, թե ճիշտ չէ պայքարը նորից տեղափոխել փողոց, ինչի մասին օրերս հայտարարել էր հայաստանյան ընդդիմությունը:
«Ստիպված եմ եղել մտնել գենշտաբ և շատ լուրջ խոսել գեներալների հետ»
Սարգսյանը նաև որոշ մանրամասներ է բացահայտել Հայաստանի գլխավոր շտաբի և վարչապետի միջև ամիսներ առաջ ի հայտ եկած ճգնաժամից, մասնավորապես, պատմել, որ լարված այդ օրերին ինքը այցելել է Զինված ուժերի գլխավոր շտաբ և երկար ու լուրջ խոսել վարչապետի հրաժարականը պահանջող գեներալների հետ։
«Ես ստիպված եմ եղել, որպես նախագահ, մտնել այդ շենք, և շատ լուրջ խոսել այդ գեներալների հետ, շատ լուրջ։ Չեմ կարող Ձեզ մանրամասներ հայտնել։ Պետք էր հաղթահարել այդ ճգնաժամը», - ասել է Հայաստանի նախագահը։
Սահմանադրությունը փոխելու դեպքում Արմեն Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ
Հայաստանի նախագահը հերթական անգամ խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, նշելով, թե ինքը չի հորդորում պառլամենտական հանրապետությունից անցնել նախագահական կառավարման, այլ ընդամենը խոսում է իշխանության ճյուղերի հավասարակշռման մասին:
«Եթե մենք փոխենք Սահմանադրությունը, ես պատրաստ եմ հրաժարական տալ, ցույց տալու համար, որ սա ինձ համար չէր, այլ երկրի։ Նրա համար, որ դժվարին պահերին հստակ լինի, թե ով է պատասխանատվություն կրում, ով է որոշում կայացնողը», - ասել է նախագահը։
Սարգսյանն՝ Ալիևին՝ «վերադարձրե՛ք տղաներին»
Արմեն Սարգսյանը մի քանի անգամ անդրադարձել է ռազմագերիների հարցին, ընդգծելով, որ այն ամենացավոտն է հայկական կողմի համար: Պնդելով, թե ինքը տարբեր միջազգային ատյաններ է դիմում այս հարցով` Սարգսյանն օգտագործել է նաև հարցազրույցի առիթն ու դրա միջոցով ուղիղ դիմել Ադրբեջանի նախագահին`«վերադարձրե՛ք տղաներին»։
Ռուսական մեդիային տված հարցազրույցում Հայաստանի նախագահը խոսել է նաև Թուրքիայի` օրեցօր աճող դերակատարությունից մեր տարածաշրջանում, Իրանի շահերից, միջազգային հարաբերություններից՝ ասելով, թե աշխարհում այսօր բոլորովին նոր գործընթացներ են ընթանում, հիշել է նույնիսկ անգլիացի գրող Քիփլինգին, սակայն, որևէ բան չի ասել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։