Մատչելիության հղումներ

ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ԼՂ հայության իրավունքների պաշտպանությունը առաջնահերթություններից է. Փաշինյան


Վարչապետ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը
Վարչապետ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը

«Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը, այդ թվում` ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է», - Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը միաժամանակ խոստովանել է, որ այդ առաջնահերթությունները պաշտպանելու ճանապարհին իրենք քայլում են ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինել։ Նա, սակայն, չի բացել փակագծերը, թե խոսքը մասնավորապես ինչի մասին է։

«Ըստ էության, ոչ մի բան այս առումով չի փոխվել, որովհետև այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել։ Այլ բան, որ ինչքան էդ ականապատ դաշտի մեջ խորանում ես, էնքան ականների խտությունն ավելանում է, և մենք հենց դա տեսանք 2020 թվականի աշնանը», - ասել է վարչապետը։

Թե ինչ է ակնարկում Փաշինյանը ու ինչու են ավելանում ականները, նաև նրա թիմակիցներն են խուսափում մեկնաբանել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն այսօր կամ հարցազրույցի ժամանակ չունեին, կամ էլ չէին ցանկանում մեկնաբանել վարչապետի հայտարարությունը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ստեղծված իրավիճակի համար հենց գործող իշխանությանն է մեղադրում. - «Իրավիճակ ներկայացնելիս վերջին շրջանում նրանք չեն խուսափում մուգ գույներով այդ իրավիճակը ներկացնելուց, բայց բնականաբար չեն խոսում այն մասին, որ դա հետևանք է իրենց իրականացրած քաղաքականության 2018 - 2020-21 ժամանակահատվածի։ Իշխանությունը պետք է հասկանա, որ իր սխալները, իր տապալումները, որոնք բերել են ողբերգությունների, տարբեր պաշտոնատար անձանց վրա բաշխելով, մեղավորության սլաքը ուղղելով, իրենք որևէ պատասխանատվությունից չեն ազատվում»։

Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպմանը կրկին խոսել է տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու անհրաժեշտությունից ու հրամայականից՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ ինքը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։

Փաշինյանը հիշեցրել է, որ դեռ ամիսներ առաջ է այդ պատրաստակամության մասին հայտարարել։

Օրերս նաև Իլյամ Ալիևն էր հայտարարել, թե պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ եթե վերջինս ևս պատրաստակամ է։

«Մենք պատրաստ ենք և' բարձր, և' բարձրագույն մակարդակով հանդիպել»

«Հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և' բարձր, և' բարձրագույն մակարդակով հանդիպել։ Այսինքն՝ էդ թարգմանավար նշանակում ա և' արտգործնախարարների մակարդակով, և' վարչապետ - նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել։ Եվ ես նաև վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը»։

Վարչապետը շեշտել է, որ Ալիևի հետ պատրաստ է այդ համատեքստում հանդիպել՝ հավելելով, որ այդ հնարավոր հանդիպմանը ինքը պատրաստ է տանել ականապատ դաշտերի քարտեզները և կոչ է արել Ադրբեջանի նախագահին իր հետ բերել բոլոր հայ գերիներին։

Փաշինյանը նաև անդրադարձել է ադրբեջանական կողմից հնչող բողոքին, թե հայկական կողմի տրամադրած քարտեզները ճշգրիտ չեն. - «Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից։ Ինչ քարտեզագրել ա, էն էլ ունենք։ Եվ մենք էստեղ անկեղծ ենք, բաց ենք և որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև էստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների մասին է»։

Գերիների վերադարձը չէր ենթադրում նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս այլ պարտավորությունների իրականացում. ընդդիմադիր պատգամավոր

«Հայաստանի իշխանությունները շարժվում են ադրբեջանական կողմի թելադրած օրակարգով», - արձագաքնելով Փաշինյանի հայտարարությանը՝ ասում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է, որ գերիների վերադարձի հարցը ամրագրված է եղել հենց նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, բայց հիմա դրա համար հայկական կողմը այլ զիջումների է գնում. - «Ժամանակի ընթացքում երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզ հանձնվեց։ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր այն մասին, որ պատրաստ է կրկին տալ՝ ռազմագերիների վերադարձի առումով։ Ընդ որում, գերիների վերադարձի հարցը նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված դրույթ էր, և նրանց վերադարձը չէր ենթադրում այդ փաստաթղթից դուրս այլ պարտավորությունների իրականացում։ Այնինչ Ադրբեջանը ոչ միայն նոր պայման է առաջ քաշել, այլ նույնիսկ այդ պայմաններում պատրաստ չէ վերադարձնել բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր գտնվում են Ադրբեջանում»։

Այսօր Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեի հետ ճեպազրույցի ընացքում Հայաստանի ղեկավարը անդրադարձել է նաև տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Փաշինյանը շեշտել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե պետք է խորացնեն տարածաշրջանի երկրների և ժողովուրդների մեկուսացումը միմյանցից, այլ հակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն:

Պաշտոնական Երևանը, անդրադառնալով տարաշածրջանի ապաշրջափակմանը, մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ հայկական կողմը միջանցքային տրամաբանությունը չի քննարկել, չի քննարկում և չի էլ քննարկի։ Չնայած դրան, շաբաթավերջին Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Երևանը դեմ է Հայաստանի տարածքում սուվերեն միջանցքներին՝ միևնույն ժամանակ չբացառելով միջանցքների բացման հնարավորությունը։ «Ազատությունը» գրավոր հարցմամբ հետաքրքրվել է Անվտանգության խորհրդից, թե ինչ միջանցքների մասին է խոսում կառույցի ղեկավարը։ Գրասենյակից դեռ չեն արձագանքել։

Վարչապետ Փաշինյանը Լիտվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին է անդրադարձել։ Փաշինյանի կարծիքով, այդ գործընթացը պիտի մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ:

Վարչապետն այդ համատեքստում խոսել է գերիների և այլ պահվող անձանց վերադարձի անհրաժեշտությունից. - «Գերիների, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում, որի ֆոնին և' սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի, և' տարածաշրջանային կոմունիկացիաների, և' Լեռնային Ղարաբաղի համակարտության համապարփակ և քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցությունները ավելի արդյունավետ լինելու հնարավորություն կունենան»։

XS
SM
MD
LG