Ազգային ժողովն այսօր փակ նիստում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը, սահմանազատման խնդիրները․ նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Քվեարկությամբ հարակից զեկուցման հնարավորություն տրվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինաասյանի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրված չէ քննարկմանը, քանի որ առաջարկել էին նրան ևս հրավիրել, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ - «Պարոն Մինասյան, ես ընդդիմության առաջարկը փոխանցել եմ կառավարությանը և, ըստ էության, կառավարույթունը հարկ է համարել նշյալ պաշտոնյաներին գործուղել ԱԺ՝ այդ քննարկման համար»։
Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին ձևաչափ գտնել ու քննարկում կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Սյունիքում։
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։
Օգոստոսի վերջին ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը փակեցին։ Ճանապարհը բացվեց մի քանի օր տևած բանակցություններից հետո։ Սեպտեմբերի սկզբին Որոտանի հատվածում ադրբեջանցիներն անցակետ տեղադրեցին, սկսեցին ստուգել Իրանից Հայաստան բեռներ փոխադրող մեքենաների փաստաթղթերն ու մաքսատուրք պահանջել, իսկ հայկական մեքենաներն անցնում են հայ սահմանապահների ուղեկցությամբ։
Անցած ուրբաթ էլ «Ալիք մեդիան» գրեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, երկրորդը՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է առնչվում։
Տե՛ս նաև այստեղ