Իշխող խմբակցությունը փոխում է օրենքը, որ սահմանափակի Ազգային ժողովի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն թեկնածուի առաջադրվելու քանակը։ Այս գաղափարը իշխանական պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանինն է։ Պատճառն այն է, որ Քոչարյանն ու նրա թիմակիցները չեն ցանկանում, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ընտրվի այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
Հանձնաժողովի իշխանական անդամ Վահագն Ալեքսանյանն ասաց՝ նախագիծը մշակման փուլում է. «Ցանկալի թեկնածու չունենք, ունենք ոչ ցանկալի թեկնածու` Արթուր Ղազինյանն է»
Արթուր Ղազինյանը Քոչարյանի տեղակալի պաշտոնում արդեն վեց անգամ առաջադրվել է. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն նահանջում, նրան են առաջադրելու նաև 7-րդ անգամ և կարող են առաջադրել մինչև այս գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտը։ Սահմանափակում չկա, իշխանությունը ելքը համարում է օրենսդրական փոփոխությունը, որ Ղազինյանը չկարողանա այլևս առաջադրվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արթուր Ղազինյանը վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ
Անդրանիկ Քոչարյանը նախորդ նիստում էր զգուշացրել` Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը կփոխեն, եթե կրկին նույն թեկնածուին առաջադրեն։ Օրենքի փոփոխությամբ նախատեսում են, որ երկու անգամ չընտրվելու դեպքում խմբակցությունը պետք է այլ թեկնածու առաջադրի։
Երեկ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ՌԲԿ-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ տարածաշրջանը գրեթե երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է, բայց նրա ղեկավարած խորհրդարանի անվտանգության հանձնաժողովում գլխավոր, ամենաթեժ ու հանգամանալից քննարկվող թեման շաբաթներ շարունակ փոխնախագահի ընտրության հարցն է։ Ղազինյանին չընտրելու պատճառներից մեկն էլ իշխանականները համարում են նրա բանակում չծառայելը։
«Ինչու չենք ընտրում` այնտեղ պատճառները շատ են, օրինակ` մեկը այն, որ Արթուր Ղազինյանը չի ծառայել ՀՀ զինված ուժերում: Դա, իհարկե, մի կողմ, բայց դրա հետ մեկտեղ Արթուր Ղազինյանը չի տիրապետում տարրական Զինված ուժերին վերաբերող հարցերի», - ասում է «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել բանակում, պետություն է ղեկավարում, իշխանական պատգամավորին հիշեցրեց «Ազատություն»-ը` վարչապետի պաշտոնում բանակում չծառայելը խնդիր չէ, իսկ հանձնաժողովի փոխնախագահի դեպքում՝ լուրջ խոչընդո՞տ, առավել ևս, որ փոխնախագահը որևէ լիազորություն չունի, ընդամենը նախագահի բացակայության ժամանակ նիստը կարող է վարել։
«Ես ասացի` չի ծառայել և պատկերացում չունի, այսինքն` դրանք մեկը մյուսից անկախ փաստեր են», - արձագանքեց նա: Նույն խմբակցությունից Բաբկեն Թունյանն էլ հավելեց. «Համեմատականներ եք անում` վարչապետն էլ չի ծառայել, բայց ընտրվելու իրավունք ունի, այս դեպքում բոլորն էլ կարող են ընտրվել, բոլորն էլ կարող են չընտրվել»:
Օրենսդրական փոփոխությունն անթույլատրելի է համարում նույն հանձնաժողովի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` «իշխանությունների քմահաճույքով չեն առաջադրում» թեկնածուին:
«Այս պահին արդեն հայտարարվել է, որ նրանք գնում են այլ լուծումների, որոնք ևս անթույլատրելի են, այսինքն` օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն չեն տա մեկ թեկնածուին երկու անգամից ավելի առաջադրվելու, այսինքն` ըստ էության, իշխանությունը փորձում է իր նախասիրությունները, իր ցանկությունները և իր քմահաճույքները մեկտեղել` ստեղծել օրենսդրական այսպես կոչված` կարգավորում, և դրանով, կարծում է, որ կարող է իր խնդիրները կարգավորել», - նշեց Աբրահամյանը:
Փոխնախագահի ընտրության առաջին իսկ նիստին Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ Ազգային ժողովի օգոստոսյան ծեծկռտուքի օրը Ղազինյանի նետած շիշը այն ուղղությամբ է եղել, որտեղ նստած է եղել վարչապետ Փաշինյանը։ Քոչարյանը բացատրություն էր պահանջել՝ թեկնածուն գիտակցո՞ւմ է արածի հետևանքը։ Գուցե հենց սա է պատճառը, որ իշխող ուժը օրենք է փոխում, միայն թե Փաշինյանի ուղղությամբ շիշ նետած պատգամավորին չընտրի Անդրանիկ Քոչարյանի տեղակալի պաշտոնում, իշխող խմբակցությունից պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցով է հակադարձում` իսկ ինչո՞ւ է ընդդիմությունն այդքան սկզբունքային այս թեկնածուի հարցում. «Նույնաբովանդակ հարցեր պետք է նաև ուղղել, թե ինչու համար է այդքան սկզբունքային հենց Արթուր Ղազինյանի անձի առաջադրումը այդ նույն պաշտոնում»:
«Մենք այդ թեկնածուին ներկայացրել ենք, և իշխանությունների քմահաճույքով չէ, որ պետք է որոշվի, թե ով է լինելու իշխանության այս պարագայում իրենց մոտեցումը, և ով է լինելու մեր թեկնածուն», - արձագանքում է Տիգրան Աբրահամյանը:
Թե երբ նախագիծը պատրաստ կլինի և կներկայացվի քննարկման, իշխանական պատգամավորը դժվարացավ ասել։