«ՊՈԱԿ-ը գործել է ինքնուրույն»․ ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրում է Գառնու տաճարում տեղի ունեցածը, համապատասխան միջոցառումներ կձեռնարկի

Որ Գառնիի հեթանոսական տաճարը սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ն փակ է լինելու այցելուների համար, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տեղադրվեց սեպտեմբերի 3-ին՝ կեսգիշերին մոտ։ Ու մինչ օգտատերերը մեկնաբանությունների դաշտում իրենց զայրույթն էին արտահայտում, հայտնվեց նաև կարճ տեսանյութ՝ ռաբիս երաժշտությամբ ուղեկցվող։

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գառնիի տաճարի տարածքում հարսանիքի անցկացման մասին դեռ օգոստոսի կեսերին տեղեկացել էր նաև Գառնիի համայնքապետարանը ու գրությունով դիմել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։

«Դիմել եմ Արա Թարվերդյանին [ՊՈԱԿ-ի տնօրեն], որ համայնքի բնակիչներն ու համայնքի ավագանին դեմ են նման միջոցառման կազմակերպանը, պատասխան չենք ստացել ՊՈԱԿ-ի կողմից», - «Ազատությանը» փոխանցեց Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը։

Սեպտեմբերի 4-ի առավոտվանից տաճարի տարածքում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել։ Որ տաճարը փակ է լինելու այցելուների համար, տեղյակ չեն եղել նաև տարածքում առևտրով զբաղվողները։ «Ազատության» հետ զրույցում, չնկարահանվելու պայմանով, նրանք նշեցին, որ ողջ օրվա ընթացքում բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելել են տաճար ու, հանդիպելով մուտքի արգելքին, հեռացել են՝ զայրացած։

«Հա դե ամբողջ օրը էդ վատ վիճակն էր էլի, մարդիկ գալիս էին, անհանգստանում էին, վիճում, գնում էին՝ հինականում դրսից, նման բան եղել է մեկ էլ մի քանի տարի առաջ՝ ներսում ֆուրշետ էին անում», - ասաց առևտրականներից մեկը։

Հարսանիքի պատվիրատուները, ըստ տեղի վաճառականների, սփյուռքահայեր էին՝ ԱՄՆ-ից։ Գառնիի պատմամշակութային հուշարձանի տարածքը միջոցառման համար փակելու մասին արգելոց-թանգարանի վարիչ Վահե Իսպիրյանը տեղեկացվել է սեպտեմբերի 2-ին։ Ասում է՝ որոշողն ինքը չէ՝ ինքը միայն ստացել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հանձնարարականն և ապահովել դրա կատարումը։

«Սեպտեմբերի 4-ին թանգարանի տարածքում Modd Events ՍՊԸ-ն իրականցնելու է հարսանեկան միջոցառում և մրցույթ։ Վերոնշյալ օրը՝ ժամը 13:00-ից 22։00-ն, անհրաժեշտ է ապահովել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի» մասնաճյուղի փակումն այցելուների համար»։ Մեզ մոտ ելույթ են ունեցել «Գաթա» բենդը, «Ծիրան» բենդը և DJ: 4 տարի է՝ ես տնօրինում են, համերգներ եղել են, որի համար փակվել է, հարսանիք՝ ոչ, առաջին անգամ էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահե Իսպիրյանը։

Միջոցառման անցկացման համար որոշում կայացնողը եղել է Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության ենթակայության տակ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որի ներկայացուցիչները ողջ օրվա ընթացքում «Ազատության» զանգերին չպատասխանեցին։ Ավելի վաղ հայտարարություն էին տարածել, նշելով, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին և ստացել թույլտվություն։ Լիազոր մարմնից՝ ԿԳՄՍ-ից, տարածված հայտարարությամբ հերքեցին, որ միջոցառումն անցկացվել է իրենց համաձայնությամբ։

Իրականում միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու համար ՊՈԱԿ-ը դեռ օգոստոսի 12-ին դիմել էր նախարարություն։ Թույլտվություն տրվել է պայմանով, որ միջոցառումը կարող է անցկացվել միայն աշխատանքային ժամերին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր, ինչպես որ պահանջվում է մշակույթի նախարարի 2014 թվականի հուլիսի 24-ի համապատասխան որոշմամբ։

Ըստ նախարարության՝ նման ձևաչափով միջոցառում անցկացնելու թույլտվություն ՊՈԱԿ-ը չի ունեցել և գործել է ինքնուրույն։ Նախարարությունից տեղեկացրեցին, որ այժմ ուսումնասիրվում են խնդրին առնչվող մանրամասները, և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն՝ ՊՈԱԿ-ի կողմից վերոնշյալ կարգի պահանջների և նախարարության հանձնարարականները շրջանցելու, ինչպես նաև հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ:

ՊՈԱԿ-ը հերքել էր նաև, որ առաջին դարում կառուցված հեթանոսական տաճարի տարածքում հնչել է ռաբիս երաժշտություն, նշելով, որ այդ երաժշտությունը հարակից տարածքի որևէ օբյեկտից հնչող կատարում է եղել։

Գառնիի բնակիչները հակառակն են պնդում․ - «Սուտ է, հաստատ եմ ասում, ռեստորաններից չի եղել, Մամիկոնի մոտ չկա, «7 քարում» չի եղել, տաճարից է եղել։ Իրանք իրավունք չունեն պատմական հուշարձանի տարածքում հարսանիք անեն, սա օրենքի կոպիտ խախտում է, և պետք է բոլորը պատասխան տան։ Ամբողջ գյուղը վերջին կարգով քննադատում է»։

Կատարվածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Զբոսաշրջության կոմիտեն, նշելով, որ բազմաթիվ բողոքներ են ստացել ոլորտի ներկայացուցիչների կողմից՝ Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։

Կոմիտեն նշել է, որ իրենք խնդրի շուրջ քննարկումներ կնախաձեռնեն համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար։