Մատչելիության հղումներ

«Եթե նախարարի տան տեղն իմանայինք, պարկերն այնտեղ կտանեինք»


«Եթե նախարարի տան տեղն իմանայինք, պարկերն այնտեղ կտանեինք»
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Տասնյակ ակտիվիստներ, ովքեր դեմ են Գառնու տաճարի հարևանությամբ սրճարանի կառուցմանը, բահերով, պարկերով երեկ վաղ առավոտից արդեն Գառնիում էին։

Տասնյակ ակտիվիստներ, ովքեր դեմ են Գառնու տաճարի հարևանությամբ սրճարանի կառուցմանը, բահերով, պարկերով երեկ վաղ առավոտից արդեն Գառնիում էին։ Հստակ նպատակ ունեին՝ հավաքել ու տաճարի տարածքից հեռացնել շինարարության համար բերված ավազն ու խճաքարը։

«Էս տարածքում ոչ մի կաֆե, ոչ մի օբյեկտ չի կառուցվելու ու էս շինանյութը, որ բերել լցրել են ստեղ մենք հեռացնելու ենք։ Այս ամաբողջ տարածքը տաճարինն է, այստեղ ոչ մի կառույց չպետք է լինի, սա ոտնձգություն է հայ ժողովրդի նկատմամբ ու սրբապղծություն», - ասում էին նրանք։ - «Երևի կտանենք այնտեղ ճանապարհներ կան, որտեղ փոսեր կան, մեքենաների համար դժվարանցանելի, կլցնենք այնտեղ: Հա՛մ օգուտ կտանք մեքենաներին, հա՛մ էլ կվերացնենք սա»։

Րոպեներ անց, սակայն, որոշումը փոխեցին. - «Մեշոկները տանում ենք Երեւան։ Տանում ենք նախարարության դեմը դնենք»։

Սակայն ոստիկանության ներկայացուցիչները սրճարանի քարերը Մշակույթի նախարարություն տանելու որոշումը չողջունեցին: Ընդ որում, Կոտայքի ոստիկանապետի պնդումները, թե քարը Երևան տեղափոխելու դեպքում ակտիվիստները կարող են կանգնել դատարանի առջեւ, ակտիվիստներին ոչ թե ընկճեցին, այլ՝ հակառակը՝ ոգևորեցին: Ավելին՝ խոստացան հարկ եղած դեպքում իրենց անձնագրերն անձամբ ներկայացնել։

Չնայած ոտսիկանության նախազգուշացումներին՝ ակտիվիստներն անդրդվելի էին, փոխարենը րոպեների ընթացքում անհետացավ վարորդը, ում ավտոբուսով երիտասարդները պատրաստվում էին Երևան վերադառնալ։ Ստիպված ուսերին առան քարերով լի պարկերն ու քաղաքային տրանսպորտով հասան մայրաքաղաք՝ Մշակույթի նախարարություն։ Սակայն այստեղ էլ ակտիվիստներին արդեն սպասողներ կային՝ ոստիկաններն էին։

Ոստիկանների պնդումներին, թե այս կերպ փողոց են փակում ու նախարարության մուտքն աղտոտում, ակցիայի մասնակիցներն արձագանքեցին. - «Եթե նախարարի տան տեղն իմանայինք, այնտեղ կտանեինք։ Չի թույլատրվում ոչ մեկին աղբ տանի, տաճարի ներսում լցնի: Սա բերել, վերադարձնում ենք Մշակույթի նախարարությանը։ Խնդրում ենք դուք էլ ապահովեք սրա անվտանգությունը, որ չտանեն, մինչև առավոտը նախարարները գան ու հասկանան, որ քաղաքացիները տերն են իրենց երկրի, և սա առաջին պատգամն է իրենց, այսօր մեշոկներով քար ու ավազ ենք բերել, վաղը եթե ոտնձգություն լինի մեր մշակութային արժեքների նկատմամբ, ուրիշ բան կբերենք»։

Թեեւ ակցիային մասնակցում էին 30-40 քաղաքացիներ, սակայն դեպքից ժամեր անց ոստիկանություն են հրավիրվել միայն երկուսը՝ Եղիա Ներսեսյանն ու Գևորգ Սաֆարյանը։

«Գնացինք ոստիկանություն և պարզվեց, որ վարչական օրենսգրքի 143, թե 147 հոդվածով են հրավիրվել ոստիկանություն, իսկ հիմնավորումը հետեւյալն է. տարածքը, որը ձեզ չի պատկանում, աղտոտում եք։ Արձանագրություն կազմեցին, ուղարկեցին թաղապետարան, թաղապետարանն է որոշելու այդ գործի հետ ինչ է լինելու», - փոխանցեց Ներսեսյանը։

Մշակույթի նախարարությունը դեռևս չի արձագանքում ո՛չ տաճարի հարևանությամբ կառուցվող սրճարանի դեմ երեկ տեղի ունեցած ակցիային, ո՛չ էլ Գառնուց Երեւան՝ Մշակույթի նախարարության մուտքի մոտ տեղադրված պարկերին։ Այս առթիվ այսօր «Ազատության»-ը փոխանցեցին, թե երեկ ոչ աշխատանքային օր էր, հետևաբար ո՛չ ակցիայից են տեղյակ, ո՛չ էլ պարկերից։ Իսկ թե ով կամ ուր են տարել պարկերը հարցով խորհուրդ տվեցին դիմել սրճարանը կառուցող «Պատմամշակութային արգելոց թանգարան»-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին։ Վերջինս խոստացավ արձագանքել այսօր ավելի ուշ, սակայն մինչև օրվա ավարտն այդպես էլ պատասխան չստացանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG