Գառնու տաճարի պատից դեռ չի մաքրվել ռուս զբոսաշրջիկ Մաքսիմ Նիկիտենկոյի գրությունը: Երեք օր առաջ նա աերոզոլային կարմիր ներկով տաճարի պատին գրել է «Աշխարհում կուռքը ոչինչ է»:
Մշակույթի նախարարությունում այս մասին գիտեն և ասում են, որ գրությունը դեռ մի քանի օր էլ կմնա տաճարի պատին, որպեսզի վնասի գնահատում կատարվի:
«Հնարավորինս արագ ենք անելու, որպեսզի հուշարձանը ստանա իր նախկին տեսքը: Օրերի հարց է», - փոխանցեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
Ի դեպ, ռուս զբոսաշրջիկի՝ տաճարին արած մակագրությունը նկատել էին ոչ թե տաճարը պահպանող անվտանգության աշխատակիցները, այլ հուշարձանի այցելուներից մեկը: «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ տաճարում պատշաճ պահպանություն չի իրականացվում, փոխնախարար Սամուելյանն արձագանքեց․ - «Պահպանությունը հնարավոր չէ միայն պահակներով ապահովել, կարելի է ապահովել նաև քաղաքակիրթ ժողովրդով, որովհետև եթե ինչ-որ մեկը ուզում է և 30 վայրկյանում կարողանում է արագ ինչ-որ բան անել․․․ Հնարավոր չէ ամեն քառակուսի սանտիմետրի վրա մարդ կանգնած լինի»:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով՝ Գառնու տաճարը համաշխարհային նշանակության հուշարձան է, որի պահպանությանը պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել, և եթե վրիպել են՝ չեն նկատել, հիմա մշակույթի նախարարությունը պետք է հապշտապ միջոցներ ձեռնարկի՝ օրեր շարունակ ձեռքերը ծալած նստելու և վնասի գնահատմանը սպասելու փոխարեն:
«Մշակույթի նախարարությունը գետնի տակից, պահուստային ֆոնդերից, չգիտեմ որտեղից․․․ արագ գործի պիտի անցներ, պատվի խնդիր է: Շատ-շատ զբոսաշրջիկներ այս օրերին գալիս են և հատկապես դա գնում, նայում, նկարում են: Ծիծաղի առարկա ենք դառնում: Առաջինը պիտի գնայինք մաքրեինք, թեկուզ պարտքով, եթե դրա համար այնքան գումար էր հարկավոր, որ չունենք, հետո վնասի չափն էլ որոշենք, տուգանքն էլ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի, ռուս զբոսաշրջիկի հետ կապված միջադեպը մեծ իրարանցում է ստեղծել, սակայն, շատ ավելի աղաղակող փաստեր էլ կան, որոնց մասին որևէ մեկն այժմ չի խոսում։ Հուշարձանագետը մատնացույց է անում Գառնու տաճարից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող մյուս հուշարձանները, որոնք այսօր անուշադրության են մատնված նախարարության ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
«Եկեք շրջենք մեր ուրիշ հուշարձաններով, միջնադարյան բերդեր, վանքեր տարբեր շինություններ․․․ Ոչ մի ռուս էլ չի, մենք ենք, ոչ պակաս մենք ապականել ենք և ապականում ենք», - նշեց հուշարձանագետը:
Գառնու տաճարում տեղի ունեցած վերջին միջադեպի շուրջ ոստիկանությունն այժմ հետաքննություն է իրականացնում: «Ազատության» հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի մասին տեղեկացել են նույն օրը։ Ըստ օրենքի՝ հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից ութսունապատիկի չափով: