Մատչելիության հղումներ

Նախարարությունն արգելել է արգելոցների և թանգարանների տարածքների տրամադրումը վարձակալությամբ


ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը:

Որոշման համար որպես հիմք, նախարարության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում մատնանշվում այն հանգամանքը, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթները խախտվել են:

Օրեր առաջ մամուլը գրել էր, որ հունիսի 14-ին Մշակույթի նախարարությունը 700 հազար դրամով (մոտ 1700 դոլար) Զվարթնոցի տաճարի տարածքը վարձով է տվել ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը՝ այնտեղ միջոցառում անցկացնելու նպատակով, վերջինն էլ այնտեղ «փարթի» է կազմակերպել։ Համացանցում նկարներ էին տարածվել, թե ինչպես են միջոցառման մասնակիցները կիսամերկ, հարբած շրջում տարածքում։ Օրեր անց էլ՝ հունիսի 18-ին, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն էր ֆիքսել, թե ինչպես են խնջույքի պատրաստություն տեսնում Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարանում: Պատմամշակութային թանգարանների նկատմամբ նման վերաբերմունքը համացանցում բուռն քննադատության արժանացավ: Իշխանությունների արձագանքը շատ չուշացավ՝ աշխատանքից ազատվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը, իսկ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Պողոսյանին խիստ նկատողություն հայտարարվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG