Ադրբեջանի նախագահը որոշ մանրամասներ է ներկայացրել եռակողմ հայտարարության վերաբերյալ

Ղարաբաղյան հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից ուղիղ երեք շաբաթ անց՝ այսօր, Ադրբեջանի նախագահը որոշ մանրամասներ է ներկայացրել իր ժողովրդին ու պատմել՝ ինչպես են ընթացել դրա շուրջ բանակցությունները, ինչ է պահանջել հայկական կողմը, ինքն ինչին է առարկել և ինչ է պատրաստվում անել ապագայում։

Փաստաթղթում գրված բոլոր կետերն իրագործվում են՝ հրադադարը հիմնականում պահպանվում է, հայկական կողմը դուրս է բերել զորքերը Քելբաջարից, Աղդամից, այսօր էլ՝ Լաչինից, հայտարարել է Ալիևը՝ կետ առ կետ անցնելով հայտարարության բոլոր ինը դրույթներով։ Հասնելով ութերորդ, գերիների ու աճյունների փոխանակման կետին, Ալիևը հպանցիկ արձանագրել է, թե այդ գործընթացը շարունակվում է՝ առանց հստակ մանրամասների ու ժամկետների։ Փոխարենը, բավական հանգամանալից անդրադարձել է Լաչինի ազատագրմանն ու Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքին։

«Համատեղ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվում էր այդ միջանցքը թողնել հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, ես առարկեցի, ինչի արդյունքում միջանցքը փոխանցվեց ռուս խաղաղապահների հսկողությանը։ Բացի այդ, փաստաթղթի նախնական տարբերակում, որի վրա ակտիվ աշխատանք է տարվել, հատկապես՝ Շուշայի ազատագրումից հետո ընկած կարճ ժամանակահատվածում, մեզ առաջարկվում էր, որ Լաչինի միջանցքը լինի 30 կմ։ Ես կտրականապես մերժեցի, ասելով, որ հայկական կողմի այդ հավակնություններն անհիմն են։ Երկրորդ տարբերակում առաջարկվում էր 10 կմ միջանցք, ես նաև դա մերժեցի, արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց 5 կմ լայնությամբ միջանցքի մասին, որը բավարար տարածություն է և՛ մեզ համար, և՛ Ղարաբաղի հայերի, և՛ անվտանգության ապահովման», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Ավելին, Ալիևը պնդել է, թե առաջիկայում Ադրբեջանին է վերադարձվելու նաև Լաչին՝ Բերձոր քաղաքը, որով այժմ անցնում է Հայաստանը Ղարաբաղին կապող 5 կմ միջանցքը: «Դրա փոխարեն մենք առաջարկում ենք նոր ճանապարհ կառուցել, ես այդ մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, և դա արձանագրված է եռակողմ փաստաթղթում», - ասել է Իլհամ Ալիևը։

«Ես Ռուսաստանի նախագահին ասացի, որ Լաչին քաղաքը ևս պետք է մեզ վերադարձվի, ուստի մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել և մշակել Ղարաբաղը Հայաստանին կապող երթուղին։ Հայտարարության մեջ նաև ժամկետն է նշվում՝ երեք տարի, սակայն, ես կարծում եմ, որ մենք ավելի շուտ կավարտենք։ Նոր այդ միջանցքի չափորոշիչները որոշելուց հետո Լաչին քաղաքը նույնպես մեզ կվերադարձվի։ Սա հատուկ ուշադրության է արժանի, քանի որ եթե ես չկարողանայի այս դրույթը ներառել հայտարարության մեջ, Լաչինի միջանցքը կընդգրկեր ողջ քաղաքը», - հայտարարել է նա։

Ալիևը չի թաքցրել, որ Լաչինի ազատագրումը համարում է իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, խոստովանելով՝ շուրջ 30 տարի շարունակված բանակցությունների ընթացքում այն մշտապես քննարկվել է որպես կարևոր ու առանձին հարց։ «Հայկական կողմը ընդհանրապես կարծում էր, որ ողջ Լաչինի շրջանը պետք է նրանց տրվի որպես միջանցք, և, ցավոք, որոշ արևմտյան շրջանակներ պաշտպանում էին այդ դիրքորոշումը», - պնդել է Իլհամ Ալիևը։

«Երբ բանակցությունների ընթացքում մենք առնչվում էինք Լաչինի միջանցքին վերաբերող թեմաների, թե՛ Հայաստանը, թե՛ նրան հովանավորող ուժերը մշտապես նշում էին՝ ոչ, Լաչինի շրջանն առանձին հարց է։ Մեզ ուղիղ տեքստով չէին ասում, բայց մշտապես կարծիք կար, որ Լաչինի շրջանը պետք է ինչ-որ ձևով մնա հայկական կողմին», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Մանրամասներ ներկայացնելով դռնփակ բանակցություններից՝ Ադրբեջանի նախագահը ասել է, թե հայկական կողմը քննարկել է հինգ շրջանների վերադարձը, պայմանով, որ Լաչինն ու Քելբաջարը վերադարձվեն կամ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, կամ՝ այդ հարցով քվեարկության օրը որոշելու դեպքում։ «Եթե Ղարաբաղին անկախություն տրվեր, Հայաստանը կվերադարձներ նաև այդ շրջանները, սակայն, Լաչինի միջանցքը պետք է տրվեր Հայաստանին, ընդ որում, դրա լայնությունը որոշված չէր, սրանք էին բանակցային սեղանին դրված հարցերը», - պատմել է Ալիևը, ընդգծելով՝ տարիներ շարունակ որոշ արտաքին ուժեր հորդորել են Բաքվին համաձայնել դրան։

«Մեզ մեկ անգամ չէ, որ ասել են՝ վերցրեք հիմա այդ հինգ շրջաններն ու բավարարվեք դրանով, դուք պարտվել եք պատերազմում, Հայաստանը հաղթել է, համակերպվեք իրականության հետ։ Հինգ շրջանները, որ հիմա ձեզ խոստանում են, արդեն իսկ մեծ բան է, գոհացեք, իսկ Լաչինն ու Քելբաջարը թող մնա ապագային, երբ Լեռնային Ղարաբաղին կտաք անկախություն», - ներկայացրել է Իլհամ Ալիևը։

Փաստելով, որ ավելի քան 40 օր շարունակված՝ նոր պատերազմով ու դրա ավարտին ստորագրված հայտարարությամբ իրեն հաջողվել է լուծել այս հարցերը, Քելբաջարն ու Լաչինն էլ վերադարձնել՝ առանց որևէ կրակոցի, Ալիևը զգուշացրել է՝ թող որևէ մեկը չփորձի միջամտել տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին։ «Նման փորձեր կան», - պնդել է Ալիևը՝ անդրադառնալով, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատում օրեր առաջ ընդունված բանաձևին, որը կոչ է անում ճանաչել Ղարաբաղի անկախությունը։

«Որևէ մեկը չի կարող միջամտել մեր գործերին, կրկնում եմ ևս մեկ անգամ՝ ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը մնացել է անցյալում։ Նման խնդիր այլևս չկա, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք կտեսնեն՝ ինչպես է իրենց կյանքը բարելավում միասնական պետության շրջանակներում․․․ Հայաստանի վարչապետ Փաշինյանը դրել է իր ստորագրությունը այդ փաստաթղթի տակ, ձեր ի՞նչ գործն է», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը հանգամանալից անդրադարձել է նաև եռակողմ հայտարարության վերջին՝ իններորդ կետին, որտեղ նշվում է, որ տարածաշրջանի հաղորդակցության բոլոր միջոցները պետք է բացվեն, ճանապարհները ապաշրջափակվեն։ Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է միջանցք ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ «Այս դրույթը ևս ամրագրվել է իմ նախաձեռնությամբ», - պարծեցել է Ալիևը, ընդգծելով՝ մինչ օրս նման հստակ ու կոնկրետ պահանջ խաղաղության ծրագրում չի եղել, մինչդեռ, իրեն հաջողվել է արձանագրել նաև՝ ոչ թե հայկական, այլ ռուսական ուժերն են վերահսկելու այդ տարածքի անվտանգությունը։ «Ավելին, մենք Նախիջևանը Ադրբեջանին կապող ոչ թե մեկ, այլ՝ երկու միջանցք ենք ունենալու», - պնդել է Իլհամ Ալիևը։

«Այստեղ նաև նշվում է՝ կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։ Սա նշանակում է, որ երկու միջանցք է լինելու անհրաժեշտության դեպքում, սա մեր պատմական ձեռքբերումն է, մենք դուրս ենք բերում Նախիջևանը մեկուսացումից, միևնույն ժամանակ՝ նոր տրանսպորտային երակ բացում տարածաշրջանում։ Ադրբեջանը կապվում է Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուքրիան, Իրանը, եթե, իհարկե, ցանկանա՝ նաև Հայաստանը ևս կարող են միանալ այդ միջանցքին։ Ես այս գաղափարը փոխանցել եմ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներին, և նրանք դրական են արձագանքել», - ասել է նա։

Հայաստանի երկաթգծերը պատկանում են Ռուսաստանին, այդ իսկ պատճառով, այդ հարցերը ոչ թե Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի հետ ենք քննարկում, պնդել է Իլհամ Ալիևը։

Կրեմլի խոսնակն այսօր Ալիևի այս հայտարարությունը չի մեկնաբանել։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ հիշեցրել է անցած շաբաթ տարածված պաշտոնական հաղորդագրությունը, որով ռուսական կողմը տեղեկացրել էր՝ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։

«Շոշափվել են տնտեսական փոխգործակցության և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունները», - հայտարարել էր Կրեմլը՝ առանց հավելյալ մանրամասների։