Մատչելիության հղումներ

Քաշաթաղի 5 տասնյակից ավելի համայնքներ այսօրվանից անցան Ադրբեջանի վերահսկողության տակ


Ադրբեջանական բեռնատար մեքենաներն անցնում են Լաչինով, 1-ը դեկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանական բեռնատար մեքենաներն անցնում են Լաչինով, 1-ը դեկտեմբերի, 2020թ.

Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության Լաչինի (Քաշաթաղի) շրջանի 5 տասնյակից ավելի համայնքներ այսօրվանից անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այս պահին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն անցնում է հենց Լաչինով՝ Բերձորով:

Այսօր Ստեփանակերտից Բերձոր գնալիս Շուշիի խաչմերուկում նկատելի էր, որ Շուշիի բերդից ողջ երկարությամբ կախված էր Ադրբեջանի դրոշը: Նկարահանման ժամանակ, Շուշիի բարձունքից լսելի էին ադրբեջանցի զինվորների ձայները՝ «Վազգեն» էին բացականչում: Տեղում հերթապահողներն ասացին՝ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են, տարբեր վանկարկումներ են հնչում, հայկական կողմը սադրանքներին չի պատասխանում: Նկարահանմանը զուգահեռ ակտիվացավ Շուշիի բերդում շարժը, և «Ազատությանը» հորդորեցին հեռանալ տարածքից:

Ընդհանրապես Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի այն հատվածը, որն անցնում է Շուշիի կողքով, հորդորում են անցնել առանց կանգառների: Այդ հատվածում «Ազատության» նկարահանող խումբը հանդիպել էր նաև ինժեներական աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիների՝ ադրբեջանական ծառայողական մեքենաներով: Հասկանալու համար, թե ինչով են զբաղված, փորձեցինք կանգնել, զրուցել, սակայն նրանց ուղեկցող ռուս խաղաղապահները հորդորեցին հեռանալ տարածքից՝ չպատասխանելով որևէ հարցի:

Նշենք, որ երեկոյան ժամերին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին մեքենաներ շատ քիչ են հանդիպում, մարդիկ նախընտրում են երեկոյան ժամերին չանցնել այդ ճանապարհահատվածով:

XS
SM
MD
LG