Մատչելիության հղումներ

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի խոսքով, Բերձորից տարհանում են սկսել անվտանգության նկատառումներով


Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը (Լաչինը), որտեղով անցնում է Հայաստանն Արցախին կապող միջանցքը, արդյո՞ք մնալու է հայկական։ Վերջին օրերին բերձորցիներն ահազանգ են ստանում, որ պետք է լքեն քաղաքը, քանի որ այն նույնպես հանձնվելու է Ադրբեջանին։

«Լուրեր են քաղաքում շրջանառվում, ու էնպիսի մակարդակներում․․․ օրինակ, նույնիսկ ռուս խաղաղապահներն են ասել էդ մասին։ Անձամբ ես լսել եմ ռուս խաղաղապահներից, որ շուտով ադրբեջանցի ղեկավարներ են գալու, ադմինիստրացիան տրվելու է իրենց», - «Ազատությանն» ասաց Բերձորի բնակիչ Արուս Գալստյանը։

Նա տեղեկացրեց, որ քաղաքից մարդիկ հավաքվում ու հեռանում են, ով ինչպես կարող է։ Խուճապ կա. ուժային կառույցները, բուժմիավորումները տեղեկացվել են, որ աշխատելու են մինչև նոյեմբերի 30-ը․ - «Ուժայիններին պաշտոնապես հրաման եղել է, հիվանդանոցին, որ վերջին աշխատանքային օրը դա նոյեմբերի 30-նն է»։

Ըստ եռակողմ հայտարարության, Լաչինի շրջանը պետք է հանձնվի մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն կառավարության հրապարակած՝ Ադրբեջանին հանձնվելիք 121 համայնքների ցանկում շրջանի Բերձոր քաղաքը և Աղավնո գյուղը ներառված չեն։

Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը շաբաթներ առաջ քաշաթաղցիներին հորդորել էր գույքը չհանել, չշտապել։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում, Բերձորով կապը պահպանվելու է Հայաստանի հետ, իսկ ռուսական կողմը նոր ճանապարհ է կառուցելու երեք տարվա ընթացքում՝ շրջանցելով Շուշին, որպեսզի Բերձոր - Ստեփանակերտ ուղիղ կապ լինի։

Դավիթ Բաբայանն այսօր վերահաստատեց, որ Բերձորը մնալու է հայկական․ - «Դա էդպես է։ Համապատասխան այդ նույն պայմանագրի։ Ո՞վ է ասել, որ Բերձորը պետք է անցնի ուրիշին»։

Նա հորդորեց բոլոր հարցերով դիմել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին։

Իսկ վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց՝ տարհանում են սկսել անվտանգության նկատառումներով․ - «Դիզվառելիք, մեքենաների առկայության դեպքում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն է օգնում, մեր կառավարությունն ա օգնում ինչքանով որ հնարավոր ա»։

Դիտարկմանը, որ կառավարության հրապարակած՝ Ադրբեջանին հանձնվելիք համայնքների ցանկում Բերձորը չկա, և հարցին, թե ինչո՞ւ է քաղաքը տարհանվում, Ալավերդյանն արձագանքեց, թե «վատ փորձ ունեն», շատ գյուղերում մարդիկ չեն հասցրել իրերը հանել, ու գյուղը հանձնվել է․ - «Էսօր որոշում կայացրեցի։ Դեռևս ոչ մի բան հստակ չի, ամեն վարյկյան էլ կարող է բան փոխվել։ Ուղղակի քանի որ հարավային թևում ունենք վատ փորձ, էդ մարդիկ շատ կարճ ժամկետում ունեցան հնարավորություն դուրս գալու։ Լավ ա, հիմա դուրս գան»։

Եթե Լաչինը հանձնվում է, ինչպե՞ս է պատկերացնում այդտեղով անցնող Հայաստանն Արցախին միակ կապող ճանապարհի անվտանգության հարցը (Լաչինի 5 կիլոմետրանով միջանցքը ներառում է Բերձորն ու Աղավնո գյուղը)։ «Ես զինվորական չեմ։ Անվտանգությունը պատկերացնում են էնպես, ինչպես որ կհամաձայնեցվի ճանապարհային անվտանգության զինվորական մեխանիզմների միջազգային նորմերի համաձայն», - պատասխանեց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը։

Արդյո՞ք Բերձորը հանձնվելու է․ ողջ օրը փորձեցինք ճշտել Արցախի նախագահի մամլո քարտուղարից, արտգործնախարարից, Հայաստանի կառավարությունից։ Ոչ մի արդյունք։ Ընդհանուր առմամբ, ոչինչ հասկանալի չէ նույնիսկ վարչակազմի ղեկավարի համար․ - «Հասկանալի էս պահին կարող եմ մի բան ասել, որ դեռևս ոչ մի բան հասկանալի չի։ Ամեն դեպքում ես դուրս չեմ գալու էստեղից․․․ Ես վեց տարեկանից էստեղ եմ ապրել և ամեն դեպքում մնալու եմ իմ քաղաքում»։

Խորհրդարանական ընդդիմությունն էլ հարցեր ունի Բերձորի վերաբերյալ, և ինչպես «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը ձևակերպեց՝ վստահելի պետական անձ են փնտրում բերձորցիների անորոշությունը ցրելու համար․ - «Իրար հակասող բաներ են գալիս։ Օրինակ, ասվում է, որ քաղաքապետը լինելու է ադրբեջանցի, կարող են հայերը մնալ ապրել, բայց ադրբեջանցիներ էլ են գալու․․․ Տարբեր ասեկոսեների և բամբասանքների տիրույթում է էս ամեն ինչը։ Չկա մի վստահելի պետական պաշտոնատար անձ, բացի ընդդիմադիրներից բնականաբար, որը կկարողանա էս տեղեկությունները ճշտել և ասել»։

Բերձորում 2200 քաղաքացի էր ապրում։ Պատերազմի օրերին շատերն արդեն տեղափոխվել էին, այժմ էլ գույքն են հանում։

Ընդամենը մեկ օր առաջ Քաշաթաղի վարչակազմը հայտարարություն էր տարածել, թե աշխատակազմի աշխատակիցներին սպասում են Բերձորում, աշխատավայրերում, հատկապես բաժնի վարիչների ներկայությունն էր պարտադիր։

XS
SM
MD
LG