Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը


Ֆրանսիայի Սենատը չորեքշաբթի երեկոյան ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար:

Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի իշխանությունների և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, և կոչ է անում, որպեսզի անհապաղ դուրս բերվեն ադրբեջանական զինված ուժերը և նրանց աջակիցները այն տարածքներից, որոնք վերցվել են սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների արդյունքում:

Նախագիծը ներկայացրել էին հինգ սենատորներ՝ Բրյունո Ռետայոն, Պատրիկ Քանները, Էրվե Մարսելը, Էլիան Ասասին և Գիյոմ Գոնտարը:

Քվեարկությանը նախորդած քննարկման ժամանակ Ռետայոն մասնավորապես հայտարարեց․ - «Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, վերաբերում է մեզ այստեղ։ Մենք պետք է դիրքորոշվենք այստեղ ըստ մեր համոզմունքների։ Բանաձևի ընդունումը կարևոր է նաև Ֆրանսիայի համար, քանի որ Ղարաբաղի պատերազմը տարածաշրջանի պատերազմ չէ, քանի որ այն երևան է հանում Էրդողանի ազգայնական քաղաքականությունը, որը սպառնալիք է աշխարհի խաղաղության համար»։

«Այս բանաձևի ընդունումը քաղաքական ուժեղ քայլ է, որը ցույց կտա մեր համերաշխությունը Հայաստանի հետ և կհանդիսանա լրացուցիչ միջոց խաղաղության հսկողության համար», - ասաց Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների նախագահ Քրիստիան Կամբոնը, ով նախորդ օրն ունկնդրել էր Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Հասմիկ Դոլմաջյանին և Ռահման Մուստաֆաևին։

Ավելի քան մեկ տասնյակ բանախոսների ելույթները ջերմ էին հանդեպ Արցախը և հայությունը ընդհանրապես։

Վալերի Բուայեն շեշտեց, որ նույն վայրում 8 տարի առաջ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը պաշտպանելու ժամանակ չէր կարող պատկերացնել, թե նորից էր խոսելու մի ցեղասպանության մասին, քանի որ այն, ինչ կատարվում է, ցեղասպանություն է։

«Ֆրանսիան պետք է լինի առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», - հայտարարեց Բուայեն։

Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դատապարտելուց բացի՝ զգալի էր ցանկությունը, նաև հույսը, որ բանաձևի ընդունումը կգա փրկելու Ֆրանսիայի պատիվը, որը, ինչպես ընդգծեցին սենատորները, «ձեռք չմեկնեց մեր հայ եղբայրներին, ոչինչ չարեց Արցախի պատերազմից խուսափելու համար»։

Բանախոսները նշեցին նաև, որ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարը սառեցրել է հակամարտությունը, բայց այն չի կարգավորվել, հաշվի չեն առնվել միջազգային կազմակերպությունները և ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի արտգործնախարարի տեղակալը, առարկեց բանաձևի ընդունմանը, քանի որ, նրա պնդմամբ, միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար։

XS
SM
MD
LG