Մատչելիության հղումներ

Քարվաճառի շրջանն այսօրվանից անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ


Lուսանկարիչ Արեգ Բալայանը Լեռնային Ղարաբաղի Եղեգնուտ գյուղում, 25-ը նոյեմբերի, 2020թ.
Lուսանկարիչ Արեգ Բալայանը Լեռնային Ղարաբաղի Եղեգնուտ գյուղում, 25-ը նոյեմբերի, 2020թ.

Այսօրվանի Արցախի հյուսիսարևմտյան Շահումյանի շրջանը՝ Քարվաճառն ու հարակից բնակավայրերը անցան Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Արցախում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Քելբաջարի շրջանը, հետևաբար նաև Արցախը հյուսիսից Հայաստանին կապող ճանապարհն Ադրբեջանին պետք է անցներ նոյեմբերի 15-ին, սակայն ժամկետը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը:

Քարվաճառը Լեռնային Ղարաբաղին հարակից երկրորդ շրջանն է, որ եռակողմ հայտարարությամբ անցնում է Ադրբեջանին, առաջինը Աղդամն էր, երրորդը կլինի Լաչինը, որի փոխանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է։

Այսօրվանի Արցախի հյուսիսային հատվածով դեպի Հայաստան՝ Վարդենիս մեկնելիս հայկական վերջին բնակավայրը, որը գտնվում է Մարտակերտի շրջանում և մնում է Ստեփանակերտի իրավազորության ներքո, Գետավան գյուղն է: Դրանից 2-3 կմ արևմուտք սկսվում է Շահումյանի կամ արդեն Քելբաջարի շրջանը: Գետավանը դարձել է սահմանամերձ:

«Ի՞նչ պիտի մտածեմ, ես ո՞վ եմ, որ մտածեմ կամ ի՞նչ ասեմ», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Հարցին, թե գյուղացիներն ի՞նչ մտքի են, ի՞նչ են ասում, «Ազատության» զրուցակիցը պատասխանեց. «Ոչ մեկը չգիտի, վաղն էլ կարող է գան ասեն ստեղից գնացեք, պիտի կամ գնանք, կամ ի՞նչ անենք»:

Գյուղի միջով հոսում է Թարթառ գետը, պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածել է կամրջին, մի մասը փլուզված էր, սակայն մեքենաները, այդ թվում՝ բեռնատար, շարունակում էին անցնել կամրջի վրայով:

Հարցին՝ ռուս խաղաղապահների ներկայությունից ապահով զգո՞ւմ են, Գետավանում փոքրիկ խանութ ունեցող Գառնիկ Մաթևոսյանը պատասխանեց. «Հա, որոշ չափով, որովհետև կոնկրետ չգիտենք՝ ինչ կարա լինի, ինչ չի կարա լինի»:

Ադրբեջանին փոխանցվելուց ժամեր առաջ՝ նոյեմբերի 24-ին, Քարվաճառի ամենահայտնի հայկական եկեղեցին՝ Դադիվանքը բազմամարդ էր։ Բազմաթիվ հայեր եկել էին, ինչպես իրենք էին ասում, հրաժեշտ տալու Դադիվանքին։ Մայրուղուց դեպի վանք տանող ճանապարհին ռուսական զինուժի երեք հենակետեր էին, վերջինը հենց համալիրի տարածքում։

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին բազմաթիվ էին փոքրիկ հյուրատները, ռեստորանները, խանութները և բենզա-գազալցակայաններ։ Մի քանի տեղ դրանք դեռ ապամոնտաժում էին։

Եղեգնուտ գյուղը Քարվաճառի ճանապարհի վրա է։ Լքված, հրկիզված տներում հայերն այլևս չեն ապրում։ Գյուղի դպրոցից կարողացել էին տեղափոխել ինչ հնարավոր է, կարելի է ասել մնացել էին պատերը։ Լուսանկարիչ Արեգ Բալայանը գրաֆիտի էր անում պատին՝ նկարում էր իր հայտնի բլոճիկներին, որոնք մի քանի ժամից պետք է դիմավորեին ադրբեջանցիներին։

«Ես չգիտեմ՝ իրանք ինչ են մտածելու, բայց ինչ որ արվում է հիմնականում միշտ ներկայության մասին է, մեր ներկայության մասին է այստեղ, անկախ նրանից՝ ինչ են իրենք ուզում», - ասաց Բալայանը:

Երեկ օրվա ավարտին արդեն ապամոնտաժել էին Հայաստանի Հանրապետության սահմանին մոտ գտնվող Արցախի անցակետը, ուր արցախցի իրավապահներն էին և ստուգում էին անցուդարձ անողների փաստաթղթերը։ Փաստորեն, Հայաստանի սահմանին՝ Սոթքի ոսկու հանքի հարևանությամբ, շինարարները ավարտին էին հասցնում արդեն Հայաստանի Հանրապետության անցակետը, որի հարևանությամբ կանգուն էր «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրառությամբ հայտնի ցուցանակը։

XS
SM
MD
LG