«Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունների՝ այդ առթիվ արված հայտարարությունը բխում է «մեր կենսական շահերից»։
Արցախը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Արցախի իշխանությունները խորին երախտագիտություն են հայտնել սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր: